Հարցազրույց Հասարակություն 

Աշխարհում նկատվում է իսլամական ծայրահեղ արմատական տրամադրությունների ակնհայտ ակտիվացում. արաբագետ

 

Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Իրանն ու Ռուսաստանը սկսել են համատեղ պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այս թեմայի շուրջ Analitik.am-ը զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:

 

Պրն Պետրոսյան, կա՞ն պաշտոնական հայտարարություններ, որոնք հաստատում են այս լուրերը:

-  Ընդհանրապես, Ձեր նշած պետությունների կողմից ԻՊ-ի դեմ մղվող պայքարի բնույթը գնահատելիս պետք է ելակետային համարել երկու հարթություն՝ բացահայտ և գաղտնի մասնակցության հանգամանքը: Նախ Մոսկվայի և Թեհրանի համատեղ պայքարի անհրաժեշտությունը բխում է առաջին հերթին հենց երկու երկրների շահերից՝ մի կողմից պայմանավորված Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող գործընթացների՝ հատկապես կրոնական և քաղաքական բովանդակության տրամաբանությամբ, մյուս կողմից՝ հաշվի առնելով միջազգային հանրության կողմից ԻՊ-ի դեմ հայտարարված պայքարի լուսանցքում հայտնվելու հանգամանքն: Այս համատեքստում, հաշվի առնելով երկու երկրների անթաքույց շահերը Մերձավոր Արևելքում ծավալվող գործընթացներում, ակնհայտ է, որ փոխհամագործակցությունը կողմերին անհրաժեշտ է առնվազն հակադիր ճամբարին առավել արդյունավետ դիմակայելու տեսակյունից: Ինչ վերաբերում է համատեղ պայքարի հարցին, ապա հրապարակային մակարդակում երկու երկրների միջև ձևավորված որևէ լուրջ ինստիտուտցիոնալ ձևաչափ չկա: Օրինակ, համաձայն որոշ հրապարակումների՝ որոշակի համագործակցություն կա ռազմական ոլորտում մասնագիտական-խորհրդատվական մակարդակում. կողմերը Իրաքում ԻՊ-ի դեմ համատեղ գործողությունների համակարգման շտաբ են հիմնել. ռուս և իրանցի մասնագետները փորձելու են օժանդակել իրաքյան բանակային ստորաբաժանումներին՝ իսլամականների դեմ առավել արդյունավետ կերպով պայքարելու գործում:

 

   -Նշված հարցում համագործակցում են արդյոք այս երկու երկրները Իրաքի հետ:

Եվ ի՞նչ եղանակով են պայքարում:

 

- Բնականաբար, առկա է համագործակցություն, ինչպես Իրաքի, այնպես էլ Սիրիայի գործող վարչակարգերի հետ: Ինչ վերաբերում է պայքարի եղանակներին, ապա պետք է առանձնացնել գործողությունները դիվանագիտական հարթության շրջանակներում, ինչը դրսևորվում է երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչների՝ հիմնականում նույնիմաստ հռետորաբանությամբ, և բուն իրադարձությունների ծավալման ճակատում:  Վերջինի առումով, բացի վերևում բերածս օրինակից, կողմերը մի քանի անգամ հայտարարել են նաև Իրաքի և Սիրիայի գործող իշխանություններին պարբերաբար տրամադրվող սպառազինության մասին: Իսկ ոչ հրապարակային աջակցության շրջանակը հիմնականում ներառում է ֆինանասատնտեսական, հետախուզական ոլորտները: Ռազմական գործողություններին ուղղակի մասնակցության հարցում որոշ փաստեր կան Թեհրանի ներգրավվածության մասին՝ հատկապես իրանական հատուկ ստորաբաժանումների մակարդակով՝ Իրաքում իրականացվող որոշ գործողություններին ուղղակի մասնակցության ձևաչափով:

 

 

Իսկ հնարավո՞ր է, որ այս երկու երկրները միանան ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիային, որը պայքարում է ԻՊ-ի դեմ:

 

- Ինչպես արդեն նշել եմ, ԻՊ-ի դեմ ձևավորված միջազգային կոալիցիայի նպատակներից մեկն էլ Իրանին և Ռուսաստանին իրենց համար առանցքային նշանակություն ունեցող քաղաքական-աշխարհագրական տարածքներում ծավալվող գործընթացներում հնարավորինս մեկուսացնելն էր: Այս առումով, որքան էլ դիվանագիտական հարթությունում որոշակի ցանկությունների մասին հայտարարվում է, այնուամենայնիվ, իրական գործընթացներում իրավիճակը տրամագծորեն այլ է: Դրա պատճառներից մեկն էլ հենց կողմերի իրարամերժ շահերի առկայությունն է հատկապես Սիրիայում ծավալվող գործընթացներում. որպես օրինակ՝ առնվազն զարգացումների ներկա փուլում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի նպատակային գործողությունների թիրախներից մեկն էլ Սիրիայում իշխող վարչակարգն է, որին առավելագույն հնարավորություններով փորձում են աջակցել Թեհրանն ու Մոսկվան: Սա ամենաառանցքային բոլոր պատճառներից, որը առ այժմ բացառում է երկու հակադիր ճամբարների հնարավոր համագործակցության հեռանկարը:

 

 

-  Ի՞նչ վտանգ է այսօր ներկայացնում ԻՊ-ն Իրանի և Ռուսաստանի համար:

 

- ԻՊ-ից Իրանին և Ռուսաստանին սպառնացող վտանգները պետք է դիտարկել առանձին հարթություններում: Իրանի պարագայում, սպառնալիքներն առավել առակայական են, քանի որ ահաբեկչական կազմակերպության դիրքերն այսօր հասնում են Իսլամական Հանրապետության պետական և «դավանական» սահմաններին: Այսինքն, մի կողմից Իրաքի Արևելքում իսլամականների խմբավորումները գրեթե հասել են իրաք-իրանյան սահմաններին, մյուս կողմից՝ բուն Իրաքում նրանց առանցքային թիրախներից են այդ երկրի շիա բնակչությամբ զբաղեցված շրջանները, նրա տարածքում գտնվող շիայական սրբատեղիները: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս դեպքում սպառնալիքն առավելապես անուղղակի է: Ընդհանուր առմամբ, Սիրիայում և Իրաքում ծավալվող գործընթացների ազդեցությամբ նկատվում է իսլամական ծայրահեղ արմատական տրամադրությունների ակնհայտ ակտիվացում ամբողջ աշխարհում, նաև՝ Ռուսաստանում և հատկապես ՌԴ՝ մուսուլմաններով բնակեցված շրջաններում:  Որպես նշվածի ուղղակի հետևանք, չի բացառվում ահաբեկչական գործողությունների սպառնալիքի աճն ինչպես բուն Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում ռուսական պաշտոնական ներկայացուցչությունների դեմ:

 

Հարցազրույցը՝ Սեդա Հերգնյանի

Նույն շարքից