Այսօր՝ ապրիլի 6-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի գնահատական կարելի է տալ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձությունների ֆոնի վրա Հայաստանի Հանրապետությունում գործող դեսպանների աշխատանքին, որոնք այդ օրերին ուղղակի անհասանելի էին, ասաց, որ իհարկե պետք է հայտարարություններ լինեին.
«Իրականում դիվանագիտությունը շատ տարբեր է լինում: Կա պաշտոնական դիվանագիտություն, կա դիվանագիտություն, որը չի երևում, կա փափուկ ուժի դիվանագիտություն և այլն: Հայաստանն այսօր փաստորեն գտնվում է պատերազմական վիճակում և պատմությունը ցույց է տալիս, որ նման դեպքերում դիվանագիտությունը ևս մոբիլիզացվում է ու դրվում ռազմական ռելսերի վրա, դիվանագետն այդ ժամանակ պետք է աշխատի օրվա մեջ 24 ժամ, իսկ եթե դա չեղավ, կարող են բարդություններ առաջանալ: Վերջին հաշվով դիվանագիտությունը հիմնված է նաև մարդկային հարաբերությունների վրա և դեսպանը կարող է դառնալ այն պետության ընկերը, որտեղ աշխատում է»:
Նավասարդյանի խոսքերով, պետք չէ մոռանալ նաև մասմեդիայի մասին, որը, նրա պնդմամբ, փափուկ դիվանագիտության ամենաուժեղ ջոկատն է.
«Ես չգիտեմ, թե որքանով են մեր լրատվամիջոցներն աշխատում ինֆորմացիան դուրս հասցնելու համար, բայց վերջին շրջանում, երբ թերթ եմ կարդում, խոսվում է ինչ-որ պաշտոնյաների փոփոխության մասին, մի տեսակ նեղկուսակցական խնդիրներ են միայն լուծվում»:
Խոսելով այս օրերի մոբիլիզացիայի մասին՝ ասուլիսի հյուրը նշեց, որ 90-ականներին Հայաստանում չի եղել և չէր պատկերացնում ինչի մասին է խոսքը, երբ այն ժամանակ լսում էր հայրենիքում տեղի ունեցող զարգացումների մասին, սակայն այսօր արդեն հասկանում է, քանի որ իր աչքերով է տեսնում ամեն ինչ.
«Ես դասախոս եմ և տեսնում եմ, թե ինչ կոնսոլիդացիա կա ուսանողների շրջանում: Շատերը ցանկանում են մեկնել ճակատ, ոմանք էլ արդեն գնացել են: Սա նշանակում է, որ հարցերը չեն լուծվելու այնպես, ինչպես Անկարան կամ Բաքուն են ցանկանում»:
Դիվանագետը նաև տարակուսանք հայտնեց, թե ինչու Հայաստանը մինչև այսօր չունի մասսայական ոչնչացման զենք.
«Ես կարծում եմ, որ մենք այդպիսի զենքի կարիք ունենք: Բացի դրանից, պետք է համազգային մոբիլիզացիա լինի, պետք է ունենանք արտասահմանյան լեգիոներ, ազգը պետք է կանգնի ռազմական ռելսերի վրա, այլ տարբերակ չկա»:
Նավասարդյանը նաև վստահություն հայտնեց, որ մենք կարող են դիվանագիտության մեջ օգտագործել այն ներուժը, որը տալիս է սփյուռքը.
«Մեր դիվանագիտությունը շատ հաճախ կաղում է պրոֆեսիոնալների բացակայության պատճառով: Պետք չէ ոչ պրոֆեսիոնալին նշանակել դեսպան, քանի որ փոքր երկրի դեսպանների նկատմամբ պահանջներն ավելի մեծ են, նա միշտ խոշորացույցի տակ է լինում»: