Գլխավոր Հասարակություն Ռազմական 

Մեր ունեցած տնտեսական կառավարմամբ չենք կարող գոյություն ունեցող մարտահրավերներին դիմագրավել. Ռուբեն Մեհրաբյան

analitik.am

Այսօր՝ ապրիլի 15-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը հայտարարեց, որ Իլհամ Ալիևը, ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ սրելով, նպատակ ուներ փոխել իր երկրում գոյություն ունեցող հասարակական տրամադրությունները: Այդ կերպ նա ցանկանում էր շեղել մարդկանց ուշադրությունը, խուսափել այն հարցերից, թե որտեղից իր ազգականներին նման քանակությամբ կարողություն և ուր են կորել նավթից ստացած միլիարդները. «Ես էլ չեմ խոսում կոռուպցիայի մակարդակի մասին: Այսպիսի դեպքերում բռնապետերը նախընտրում են թշնամու կերպար ստեղծել, իսկ այս դեպքում միակ տարբերակը հենց հայերն են: Ադրբեջանական իշխանությունները չեն հրաժարվել իրենց պլաններից, հետևաբար, չեմ բացառում, որ նոր ոտնձգություն կլինի: Ավելին՝ նորը կարող է ավելի լայնամասշտաբ լինել»:

Ամեն դեպքում փորձագետի կարծիքով մի բան հաստատ փոխվել է: Խոսքը վերաբերում է Ադրբեջանի խոստումների նկատմամբ միջազգային հանրությանը: Մեհրաբյանը կարծիք հայտնեց, որ այլևս ոչ ոք չի հավատում, թե Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի կազմում կարող է անվտանգ լինել.

«Բաքուն չի հոգնում և անընդհատ կրկնում է, որ Լեռնային Ղարաբաղին ադրբեջանական իշխանությունները կտան անվտանգության երաշխիքներ, սակայն հենց միայն Թալիշի բնակչության նկատմամբ կատարված վայրագությունները, որոնք, ի դեպ, 1915 թվականի Հայոց Ցեղասպանության կրկնությունը կարծես լինեն և Հաագայի դատարանում հայտնվելու հնարավորություններ ունեն, բավարար են ադրբեջանական խոստումներին չհավատալու համար: Ակնհայտ է, որ միջազգային հանրության վերաբերմունքում փոփոխություն կա: Խոսքերիս ապացույցը կարող են լինել Եվրախորհրդարանի մեծ թվով պատգամավորների ելույթները, որոնցում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու և այդ կերպ հակամարտությանը վերջ տալու կոչեր կային: Որոշներն էլ ասացին, որ հակամարտության կարգավորման համար բանակցություններին Արցախի մասնակցությունը պարտադիր է»:

Ինչ վերաբերում է մեր դիվանագիտությանը, ապա այն քննադատության չի դիմանում. «Մենք ֆունկցիոնալ առումով դիվանագիտություն չունենք, դրա փոխարեն ունենք հիմար , որ զբաղվում է ամեն ինչով, բացի դիվանագիտությունից»: Այն դիտարկմանը, որ դիվանագետները կարող են հարցեր լուծել, եթե պետությունն ուժեղ լինի, Մեհրաբյանն ասաց, որ մեր խնդիրը միանշնական առաջնագիծը չէ, քանի որ առաջնագծում հայ զինվորի քաջության շնորհիվ մեր արժանապատվությունն էլ, պետական դրոշն էլ, անվտանգությունն էլ, գտան իրենց պաշտպանությունը. «Խնդիրը թիկունքում է...Այսօր մեր ունեցած տնտեսական կառավարմամբ մենք չենք կարող գոյություն ունեցող մարտահրավերներին դիմագրավել: Իսկ դիվանագիտությունը նաև պետական կառավարման հետևանք է և ածանցյալ: Այս որակի պետական կառավարմամբ, մենք չենք կարող հարցեր լուծել: Այսօր հասարակության քննարկման առարկան չպետք է լինի, թե քանի տանկ ոչնչացվեց կամ ական պայթեց, հասարակությունը պետք է պահանջատեր լինի պետական կառավարման որակը բարձրացնելու հարցում: Դա հնարավոր է, եթե հաշվի առնենք այն ոգին, որը ձևավորվեց վերջին դեպքերի ընթացքում: Այսօր մեր հասարակությունը պետք է հասնի այն բանին, որ երկիրն ունենա այդ նույն հասարակությանը հաշվետու իշխանություն: Մարդիկ պետք է հասկանան, որ իշխանություններին վարձել են հենց իրենց ծառայելու համար և պետք է պահնջատեր լինեն: Բացի դրանից, պետք է լինի բիզնեսի և քաղաքականության հստակ տարանջատում, իրական պայքար կոռուպցիայի դեմ, քանի որ այդ նույն կոռուպցիոներն ուտում է այն միջոցները, որոնք փրկելու են մեր զինվորների կյանքը, այսինքն նման մարդիկ առնետներ են, որոնց հետ նույնիսկ նույն սենյակում գտնվել պետք չէ: Այ սա է բերելու հզորության, հզորության այլ չափանիշ չկա: Պետք չէ երկրի չափերի կամ բնակչության սահմանափակ թվի մասին խոսել, որպես օրինակ կարող եք հիշել Իսրայելի օրինակը»:

Նույն շարքից