Վերլուծական գլխավոր 

Ինչո՞վ են զբաղված ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները

Ինչպես գիտենք, ապրիլի 19-ին ԵԽԽՎ պատվիրակները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մասին հռչակագիր են ընդունել: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 44 պատգամավորների ստորագրած փաստաթղթում հնչում են միայն կոչեր, որոնք ուղղված են երկու կողմերին հարգել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ իրենց մանդատը չձախողելու եւ բանակցությունները չբարդացնելու մասին մշտական կոչերը, հասնել համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև պատվիրակները կիսել են հակամարտության գոտում լարվածության աճի հետ կապված անհանգստությունը, նրանք ցավում են զոհերի համար: Մեր եվրոպացի ընկերներն այսպիսի հայտարարություններով և կոչերով են փորձում սանձել Ադրբեջանի ագրեսիան: Բնական է, որ եվրոպացիներն այս փուլում չեն էլ ցանկանա ընդունել փաստաթղթեր, որոնք կվնասեն Ադրբեջանին: Սակայն քրիստոնեական աշխարհը պետք է հասկանա, որ այս պահին առավել քան երբեք անհրաժեշտ է ատամներով պաշտպանել քրիստոնեական մյուս պետություններին ագրեսիվ քաղաքականություն վարող պետություններից, ում հովանավորում է Թուրքիան:

Վերջին հաշվով նույն Եվրոպայում էլ իրականացվող ահաբեկչությունների հեղինակ իսլամիստները հովանավորվում են նույն Թուրքիայի կողմից՝ ամեն դեպքում կան բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են վերոնշյալը: Այս ամենը պետք է գրագետ բացատրվի, հիմքեր փնտրվի, ներկայացվի: Պետք է վերջապես հասկանանք, որ այլ երկրները ի շահ մեր դիրքորոշման կսկսեն գործել միայն այն դեպքում, երբ իրենց շահերը համընկնեն մեր շահերի հետ: Ո՞վ պետք է դա անի ԵԽԽՎ-ում, եթե ոչ մեր պատվիրակները: Ամեն անգամ, կարելի է ասել, մենք այնտեղ պարտություն ենք կրում: Անգամ այս ոչինչ չասող հայտարարության տակ ստորագրել են ընդամենը 44 պատվիրակ, որոնցից 7-ը հայկական պատվիրակության անդամներն են, 5-ը Ֆրանսիայի պատվիրակության անդամներն են՝ բնական է, որ Ֆրանսիայի դիրքորոշման վրա ազդեցություն ունեն ոչ թե մեր պատվիրակության անդամները, այլ բազմաթիվ այլ բոլորիս ծանոթ գործոններ, 3-ը Անգլիայի պատվիրակներն են, 3-ը՝ Բելգիայի, 2-ը՝ Հոլանդիայի և այսպես շարունակ:

Հաշվի առնելով այն, որ հայկական լոբբինգով ակտիվ զբաղվում են սփյուռքահայերը, որոնց գործոնով էլ հաճախ պայմանավորված է միջազգային հարթակներում հայերին վերաբերող հարցերի նկատմամբ ունեցած գոնե թե չեզոք դիրքորոշումը, հարց է առաջանում, թե ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներն ի՞նչ են անում, բացի ելույթներ ունենալուց: Բնական է, հաճելի է, երբ ամպագոռգոռ տեքստեր են հնչեցվում, բայց փաստացի արդյունք է պետք, այլապես բացարձակ իմաստազուրկ է նրանց մասնակցությունը ԵԽԽՎ նիստերին:

Հ.Գ. Ի դեպ, ԵԽԽՎ նիստերին մասնակցելը պատգամավորների մի մասի համար, ըստ տեղեկությունների, տոն է՝ առավել ևս, եթե օրերը համընկնում են բրենդային խանութների զեղչերի սեզոնի հետ, իսկ մի տիկին էլ ամեն անգամ ինքնահաստատվում է՝ նիստի դահլիճից զանգելով իր մտերիմ լրագրողներին ու պատմելով, թե ում հայհոյեց հենց նոր՝ հույս ունենալով, որ ԵԽԽՎ-ում շմայսություն անելով գուցե ռեյտինգ հավաքի Հայաստանում:

Նույն շարքից