Տնտեսություն գլխավոր 

Չորսօրյա պատերազմն ընդգծեց ԵՏՄ-ի ոչ ռազմավարական գործընկերությունը ՀՀ –ի նկատմամբ. Վարդան Բոստանջյան

«Նման միությունների մեջ ընդգրկվելուց առաջ Հայաստանը, որպես փոքր երկիր, պետք է հստակ կշռադատի և կողմնորոշվի, թե որ կառույցի կազմում կարող է իր համար արդյունավետ ու շահեկան լինել»,- խոսելով Շանհայի համագործակցության կազմակերպության հետ ՀՀ-ի գործընկերության մասին, այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը. «Տնտեսական միությունները, անկախ նրանից, թե ինչ անուն ունեն` ԵՏՄ, Շանհայ, ըստ էության, բացի տնտեսական միություն լինելուց, հետապնդում են ազդեցության ոլորտների ընդլայնման, ինչպես նաև ռեսուրսների տնօրինման պայքար: Հետևաբար, կարող են ստեղծվել այս նպատակն ունեցող բազմաթիվ միություններ: Վառ օրինակ է Շանհայի համագործակցային կազմակերպությունը:

Հասկանալի է, որ կառույցի կազմում ընդգրկված բոլոր երկրները, իրենց ռեսուրսային հնարավորություններով և զարգացման հեռանկարներով էականորեն տարբերվում են ՀՀ-ից: Հետևաբար, Հայաստանը չի կարող որոշիչ դերակատարում ունենալ այս կազմում»:

Լրագրողներցի մեկի այն հարցին, թե ձևավորված կամ չձևավորված նմանատիպ կառույցներն ինչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա, բանախոսը պատասխանեց, որ ցանկացած միություն որպես այդպիսին պետք է ունենա որոշակի նպատակներ, որոնց ընդգրկման մեջ անդամ երկրները կարողանան շահավետ տեղավորվել:

Գերակա նպատակների թվում, ըստ Բոստանջյանի, ամենաառարկայականը և կարևորագույնը պետք է լինեն անվտանգության, ապա` տնտեսական զարգացման հարցերը:

Խոսելով Շանհայի կազմակերպության կազմում մեր երկրի մասնակցության մասին՝ Բոստանջյանն այն համարեց ԵՏՄ-ի նկատմամբ ՀՀ այլընտրանքային ընտրություն: Գնահատելով մեր երկրի վրա այդ կառույցի ազդեցությունը և հեռանկարները, այն համարեց անբավարար և ոչ նպատակային: Ինչպես նաև զուգահեռներ տանելով և պատմական անցյալը նկատի ունենալով՝ Բոստանջյանը կարծիք հայտնեց, որ պետք չէ մեծ հույսեր կապել անգամ Մետաքսի ճանապարհ կոչվող առևտրային նախագծի հետ:

Սակայն բանախոսը վստահեցրեց, որ ճիշտ կողմնորոշվելով և ազգային ներուժը ճիշտ օգտագործելով Հայաստանը կարող է չափազանց շահեկան դիրքում հայտնվել.  «Աշխարհի տարածքի 1/6 էր զբաղեցնող Խորհրդային Միությունում Հայաստանն իր տարածքով և բնակչության թվով այդ տարածքի մեկ տոկոսն էր զբաղեցնում, սակայն համախառն ներքին արդյունքի կտրվածքով արձանագրում էր 2,7 տոկոս ցուցանիշ: Սա չտեսնված, չլսված երևույթ էր: Եվ պետք է նկատել, որ ԽՍՀՄ-ի ամենաառաջավոր, ամենազարգացած և տնտեսապես կայուն հաստատությունները պայմանավորված էին Հայաստանով և առաջին հերթին՝ նրա գիտական ներուժով: Ուստի, ժամանակի փորձը կարող են արդիականացնել, հավաքագրել, կուլտիվացնել ի շահ մեր երկրի շահերի, այլ ոչ թե շնչահեղձ թալանով զբաղվել»:

Անդրադառնալով ԵՏՄ-ի ազդեցությանը Հայաստանի վրա, բանախոսը տեսակետ հայտնեց, որ այն, մեղմ ասած, նպաստավոր ու գործընկերային չէ մեր երկրի համար. «Եթե հարցին նայում ենք անվտանգության տեսակետից, ապա՝ ոչ, ԵՏՄ-ն արդյունավետ կառույց չէ Հայաստանի համար: Մեր հարևանների սադրած չորսօրյա պատերազմը, ակնհայտորեն ընդգծեց ԵՏՄ-ի տրամադրավածությունը մեր երկրի նկատմամբ և ցցուն կերպով արտահայտեց իր ոչ ռազմավարական գործընկերությունը: Իսկ անվտանգության դիտակետից այն երկիրը, որը համարվում էր ռազամավարական գործընկեր կամ այլ գերադրական տերմինով, նման անընդունելի պահվածք չպետք է դրսևորեր:

Այսինքն, սա մեկ անգամ ևս փաստում է, որ նման կառույցների կազմում գերպետություններն առաջնորդվում են ոչ թե գործընկերային, այլ սեփական շահերով: Սրանից հետևություն. Նման միությունների մեջ ընդգրկվելուց առաջ Հայսատանը, որպես փոքր երկիր, պետք է հստակ կշռադատի և կողմնորոշվի, թե որ կառույցի կազմում կարող է իր համար արդյունավետ ու շահեկան լինել»:

Անդրադառնալով ԵՏՄ կազմում Հայաստանի տնտեսական զարգացմանը, Բոստանջյանը նկատեց, որ անգամ մեր երկրի արտահանման ցածր մակարդակի պայմաններում էլ, ԵՏՄ-ն բարենպաստ պայմաններ և մրցունակ իրավական դաշտ չի ստեղծում այն խթանելու համար:

Հայաստանի նկատմամբ գերտերությունների, միջազգային կառույցների, միությունների ակնհայտ անհարգալից վերաբերմունքը բանախոսը պայմանավորեց իշխանության կողմից վարվող երկակի քաղաքականությամբ: Իսկ հակառակ վերաբերմունքին արժանանալու համար Բոստանջյանը առաջարկեց իր դեղատոմսը. «Եթե նպատակ ենք դրել միջազգային հարթակներում վերականգնել մեր հեղինակությունը, եթե ուզում ենք «ետմ»-ները, «շանհայ»-ները և էլի նմաները, մեր նկատմամբ լուրջ վերաբերմունք դրսևորեն, մեզ անհրաժեշտ են արմատական խորքային փոփոխություններ, կառավարման գործող համակարգից հրաժարում, երկրի շահերի նկատմամբ շահեկան դիրքորոշման ամրագրում և գոյություն ունեցող անաստված թալանի կասեցում»:

Հարցին, թե այս համատեքստում Միհրան Պողոսյանի հրաժարականը կամ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը կարո՞ղ ենք թալանի կասեցման մեկնարկ համարել, պարոն Բոստանջյանը վերապահումով պատասխանեց. «Հուսանք, կուզենամ միամիտ գտնվել և հավատալ դրան»:

13035540_1013228635413973_712474556_o 13036503_1013228652080638_1577568924_o 13052450_1013228642080639_1133706769_o 13062751_1013228648747305_1810544649_o

Նույն շարքից