Հայաստան Քաղաքական 

ՌԴ-ն հստակ քայլեր չէր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը ռազմական ագրեսիա չձեռնարկի Հայաստանի նկատմամբ

Tert.am-ի հետ զրույցում  Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադառնում է ՀՀ-ում պաշտոնական այցով գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Երևանում հրավիրված ասուլիսին հնչած հայտարարություններին: Արդյո՞ք արդարացված էին հասարակության ոչ լավատեսական սպասումները և այլն: Ըստ նրա` Մոսկվան հիմա փորձում է ապասառեցնել հակամարտությունը:

-Պարոն Մելիք -Շահնազարյան, առանց չափազանցության ողջ Հայաստանն ու Արցախը սպասում էր ՌԴ արտգործնախար  Սերգեյ Լավրովի ասուլիսին, և ինչպես  երեկվա բողոքի ակցիաներն են հուշում, որոնք անցնում էին  «Ոչ մի թիզ հող» կարգախոսով, բոլորը վատն էին սպասում: Գնահատելով Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի Երևանում արված հայտարարությունները՝ Լավրովն իր հետ բերել է վատը՞, լավը՞, վատագույնը՞,  թե՞ լավագույնը:

-Այն, որ որոշակի մտահոգություններ կային հասարակության շրջանում, բնական և տրամաբանական են: Հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ  ՌԴ -ն հստակ քայլեր չէր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը ռազմական ագրեսիա չձեռնարկի Հայաստանի նկատմամբ: Չի բացառվում` լուռ համաձայնություն էր տվել: Այսինքն`ռազմավարական դաշնակցից հասարակության սպասելիքները շատ ավելի շատ էին: Եվ երբ հատկապես  ռուսական մամուլը, իշխանամետ մամուլը խոսում է ինչ-որ առաջարկների մասին, մարդկանց  անհանգստությունը, կրկնում եմ` բնական ու տրամաբանական է:  Եվ եթե անգամ Ռուսաստանը չուներ նման ծրագրեր, իսկ հիմա տեսնում ենք, որ իսկապես չուներ, բայց նման ցույցերով, կարծում եմ` հասարակությունը կարևոր մի ուղերձ հասցրեց՝ թե՛ պաշտոնական Մոսկվային և թե՛այս հակամարտությամբ զբաղվող բոլոր պետություններին, որ հասարակությունը դեմ է տարածքների զիջման ճանապարհով խնդրի լուծմանը: Ես կարծում եմ`սա զուտ հանրային դիվանագիտության դաշտում է, որն ուներ իր կարևորությունն ու նաև` որոշ չափազանցություններ ու ծայրահեղություններ` ելնելով նշված մտահոգություններից:

Ինչ  վերաբերում է ՌԴ ընդհանուր մոտեցումներին, ապա դատելով այսօրվա ասուլիսից` կարելի է ասել, որ պաշտոնական Մոսկվան ընդամենը փորձում է  նորից սառեցնել հակամարտությունը: Այսինքն` ստեղծել մեխանիզմներ, որոնք կբացառեն ռազմական գործողությունների վերսկսումը և երկրորդը` հետագայում վստահության մթնոլորտի ձևավորումը: Պարզ է, որ նման պատերազմից հետո վստահության մթնոլորտը արագ չի ձևավորվելու  և պարզ է, որ Ռուսաստանը նախապատրաստվում է երկար տարիների նոր գործընթացի:

- Սերգեյ Լավրովը Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին  հիշեցրեց  1994 թ. կնքված անժամկետ զինադադարի մասին: Ըստ Ձեզ` սա կարելի՞ է համարել Երևանի հաղթանակ: Ինչո՞ւ, որովհետև ,ըստ որոշ մեկնաբանությունների, քառօրյա պատերազմից  հետո  կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությանը, որին, ըստ Ադրբեջանի մեծ ցանկության ,  պետք է հետևեր զինադադարի նոր պայմանագիր:  Իսկ 94 թվականինը միակ փաստաթուղթն է, որում կա ԼՂ ստորագրությունը:

-  Այո, իսկապես Ադրբեջանը ձգտում էր հրաժարվել  94 թվականի զինադադարով ձեռք բերված պայմանավորվածություններից, քանի որ կողմերը 3 էին` ՀՀ, ԼՂՀ և Ադրբեջան: Եվ օգտվելով նրանից, որ կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում, Ադրբեջանը փորձում էր Արցախին դուրս թողնել գործընթացներից և նոր պայմանավորվածության հասնել` երկկողմ ֆորմատով, որին, հայկական կողմը դեմ էր:Եվ ինչպես արդեն տեսանք, ՌԴ արտգործնախարարությունն էլ հստակ հայտարարեց, որ շարունակում են ուժի մեջ մնալ նախկին պայմանավորվածությունները:Սա կարծում եմ`անմիջական ակնարկ է այն մասին, որ բանակցային գործընթացի շարունակման դեպքում Լեռնային Ղարաբաղը պետք է կողմ դառնա, որովհետև տեսնում ենք, որ Արցախն այդ քննարկումներից դուրս հանելու Ադրբեջանի փորձերին դեմ է նաև Ռուսաստանը: Բայց, կարծում եմ, հայկական կողմի համար սա նվազագույն սպասելիքը պետք է լիներ  Ռուսաստանից, որովհետև ակնհայտ է, որ Ադրբեջանի ռազմական նոր ագրեսիան նոր իրավիճակ է ստեղծել և անհրաժեշտ են հստակ գնահատականներ: Պաշտոնական Երևանը անընդհատ բարձրացնում է ռազմական հանցագործությունների խնդիրը և նրա կազմակերպիչներին միջազգային ատյաններում պատասխանատվության ենթարկելու հարցը:Եվ ես կարծում եմ, որ հիմա այդ քննարկումները տարվում թե՛ հայ-ռուսական ֆորմատում, թե՛ Մինսկի խմբի համանախագհների հետ:

-Լավրովը  հստակեցրեց, որ Երևանը չի մերժել Կազանի փաստաթուղթը: Ըստ Ձեզ, սա ի՞նչ է նշանակում։ Նշանակո՞ւմ է, որ ՌԴ-ն հետ է կանգնել իր, այսպես կոչված, պուտինյան կամ լավրովյան ծրագրից ու դրանցում տեղ գտած առաջարկներից: Թե՞ դիվանագիտության մեջ նման բան հնարավոր է, որ հետո խոսեն այդ առաջարկների մասին:

-Այն, որ Կազանյան փաստաթուղթը ժամանակին մերժվել է Ադրբեջանի կողմից, դրա մասին խոսում էր հայկական կողմը, երբ նշվեց, որ վերջին պահին Ադրբեջանն այնքան փոփոխություններ առաջարկեց, որոնց կյանքի կոչումը անիրական է:  Ես կարծում եմ, որ բանակցային գործընթացը պահելով փոխզիջումային տրամաբանության մեջ, մենք միշտ բանակցությունների սեղանին  պահել ենք այն թեզը, որ համաձայնեցված չի կարող լինել որևէ  հարց, եթե համաձայնեցված չէ ամբողջը: Այսինքն` լավ հասկանալով , գիտակցելով ու տեսնելով, որ Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի ճանաչման որևէ տրամադրվածություն, կարելի էր հասկանալ, որ դա ընդամենը քաղաքական ձևակերպում է, որը  կյանքի  կոչելը հնարավոր չէ: Եվ այն փաստը, որ Կազանում Ալիևը հրաժարվեց այդ առաջարկներից, դրա լավագույն  ապացույցն է: Հիմա զուտ դիվանագիտական քարոզչական դաշտում հայկական  կողմն անընդհատ նշելով, որ Ադրբեջանն է եղել  այդ կազանյան փաստաթուղթը տապալող կողմը, փորձում ենք  ցույց տալ, որ ոչ կոնստրուկտիվ կողմը նույնպես Ադրբեջանն է, որ նա  վնասում է խաղաղ կարգավորման գործընթացը  և պատերազմի պատճառ դառնում: Ես այդ բոլոր հայտարարությունները կդիտարկեի որպես քաղաքական ֆոն ձևակերպելու միջոց` ցույց տալու Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը և ոչ  պատրաստակամությունը: Բայց նաև վստահ եմ, որ իրական քաղաքականության` «Ռեալ պոլիտիկի» տեսակետից,  եթե նայենք, բնականաբար, տարածքների  հանձնման խնդիր պաշտոնական Երևանը երբեք չի դիտարկել և դա ակնհայտ է:

Նույն շարքից