Վերլուծական Հասարակություն գլխավոր 

Պաշտոններից պետք է հեռանան բոլոր այն մարդիկ, ովքեր պատասխանատվության զգացում չունեն

1973-ի հոկտեմբերի 6-ին Եգիպտոսը և Սիրիան հարձակվեցին Իսրայելի վրա:

Իսրայելի դեմ պատերազմը պատրաստվել էր բավականին երկար և մանրակրկիտ: Եգիպտական և սիրիական զորքերը, խախտելով հրադադարի սահմանը, Սինայի թերակղզու շրջանից սկսում են ներթափանցել  Իսրայել:

 Հանկարծակի հարձակումը հաղթանակ է ապահովում նրանց համար և սկզբի երկու օրերին Իսրայելի զորքերը պարտություն են կրում, սակայն իսրայելական զորքերը հաջողվում է արագ մոբիլիզացվել   և ջախջախիչ հարվածներ հասցնել, որին հաջորդում է ՄԱԿ-ի հրադադարի մասին հռչակագրի ընդունումը:

Նշենք, որ Իսրայելի նկատմամբ բացի ռազմական ճնշումներից կային նաև քաղաքական և տնտեսական լուրջ ճնշումներ արաբական երկրների կողմից, որոնք հրաժարվում էին Արևմտյան Եվրոպային նավթ վաճառել, թանկացրել էին նավթի գինը, ինչը հանգեցրեց 1973-ի նավթային ճգնաժամին: 28 աֆրիկական երկրներ դադարեցրեցին իրենց դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ:  Պատերազմը սկսելուց կես ժամ անց էլ Կահիրեի և Դամասկոսի ռադիոները հայտարարեցին, որ հենց Իսրայելն է սկսել պատերազմը:

 Նախ ներկայացնենք կողմերի ուժային կարողությունները.

Ուժեր և միջոցներ Իսրայել Արաբական երկրներ Հարաբերակցություն
Մարդկային ներուժ 415000 1 162 000 1:2,7
Ջոկատներ 33 63 1:1,9
Ցամաքային 18 25 1:1,4
Մեխանիկացված 3 15 1:5
Զրահատանկային 10 20 1:2
Օդադեսանտային 2 3 1:1,5
Տանկեր 1700 3550 1:2,1
Ականանետ 2520 5585 1:2,2
ՀՏԿՀ 240 932 1:3,9
Ռազմական ինքնաթիռներ 561 1011 1:1,8
Ուղղաթիռներ 84 197 1:2,3
Զենիթահրթիռային համակարգ 20 186 1:9,3
Նավեր 38 125 1:3,3

Բացի Սիրիայից և Եգիպտոսից Իսրայելի դեմ պատերազմում էին նաև այլ արաբական երկրներ, որոնք ամեն կերպ աջակցում էին իրենց դաշնակիցներին: Սաուդյան Արաբիան և Քուվեյթը ֆինանսական աջակցություն էին տրամադրում, Մարոկկոն երեք ջոկատ ուղարկեց ռազմաճակատ, պաղեստինցիները նույնպես կռվում էին արաբական զորքերում, Պակիստանը 16 օդաչու ուղարկեց ռազմաճակատ: Լիբանանը եգիպտական կողմին «Միրաժ» ռմբակոծիչներ նվիրեց, ինչպես նաև 1 մլրդ դոլարի չափով օգնություն: Ալժիրն ուղարկեց ռմբակոծիչների ջոկատներ և ահաբեկչական խմբեր, ինչպես նաև տանկեր և զինվորներ: Թունիսը մոտ 1000 զինվոր ուղարկեց արաբական զորքին միանալու համար, Սուդանը 3500 զինվոր ուղարկեց ռազմաճակատ: Իրաքն իր էքսպեդիցիոն ուժերն ուղարկեց, 30 000 զինվոր, 500 տանկ և 700 զրահամեքենա:

1973-ի հոկտեմբերի 7-ին էլ ԽՍՀՄ-ն արդեն սկսեց զենք և զինամթերք մատակարարել Եգիպտոս՝ ծովով, իսկ հոկտեմբերի 10-ին նաև օդուժը միացավ:

Կուբան էլ Եգիպտոս ուղարկեց 3000 զինվոր:

Պատերազմը տևեց 10 օր, որից հետո  Մոսկվա ժամանեց ԱՄՆ պետքարտուղարը, ով հոկտեմբերի 20-22-ը բանակցություններ վարեց, ինչի արդյունքում ընդունվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը: Չնայած որ Եգիպտոսն ու Սիրիան էին պատերազմը սկսել Իսրայելի դեմ, ինչպես նաև այն, որ Իսրայելը սկզբի երկու օրը բավականին լուրջ կորուստներ ունեցավ, բայց արդեն հաղթանակած էր, իսրայելական կողմը բավականին դժվար համաձայնեց հրադադարին: Կոնֆլիկտի ավարտին իսրայելական զորքերը Կահիրեից ընդամենը 100 կմ հեռավորության վրա էին, եգիպտական 3-րդ բանակը շրջափակված էր, Դամասկոսն էլ կարող էր ռմբակոծվել իսրայելական ուժերի կողմից, որոնք 40 կմ հեռավորության վրա էին:

Պատերազմի ավարտից 4 ամիս անց Իսրայելում սկսվեցին հակաիշխանական ցույցեր: Ցույցերը ղեկավարում էր Մոտի Աշկենազին՝ «Բուդապեշտ» միավորման հրամանատարը: Սա միակ դիրքերն էին, որոնք եգիպտացիների կողմից հարձակման առաջին օրերին չէին գրավվել: Ստեղծվեց հանձնաժողով, որը ղեկավարում էր գերագույն դատարանի նախագահը: Հանձնաժողովը քննելու էր ռազմական անհաջողությունների և ռազմական գործողություններին անպատրաստ լինելու պատճառները:

Ապրիլի 2-ին հրապարակվեցին հանձնաժողովի առաջին եզրակացությունները.

  • Ռազմական հետախուզության պետին, ինչպես նաև վերջինիս տեղակալին հեռացնել աշխատանքից:
  • Աշխատանքից ազատել ռազմական հետախուզության եգիպտական վարչության ղեկավար, փոխգնդապետ Բանդմանին և հարավային հատվածների հետախուզության ղեկավար, փոխգնդապետ Գեդալին, ինչպես նաև խորհուրդ տրվեց հեռացնել պաշտոններից հետախուզության հետ կապ ունեցող բոլոր մարդկանց:
  • Հարավային ճակատի ղեկավար Շմուել Գոնենին պահուստային կադրեր ուղարկել, սակայն ավելի ուշ որոշվեց նրան հեռացնել բանակից առհասարակ, քանի որ նա իր ծառայողական պարտականություններն ադեկվատ կատարելու հմտություններ չունի և պատասխանատվություն է կրում այն վտանգավոր վիճակների համար, որոնցում հայտնվել էին իսրայելական զորքերը:

Այս ամենով հասարակական դժգոհությունը չթեթևացավ: 1974-ի ապրիլին Իսրայելի վարչապետը հրաժարական տվեց, ինչին հաջորդեց նրա կաբինետի հրաժարականը: Հունիսին Իսրայելում ձևավորվեց նոր կառավարություն՝ Իսխակ Ռաբինի ղեկավարությամբ:

Փորձենք հասկանալ՝ ինչո՞ւմ էր կայանում իսրայելցիների բողոքը, չէ՞ որ Իսրայելը ջախջախիչ պարտության էր մատնել արաբական զորքերին, հաղթանակած էր և ազգային դժգոհության առիթ կարծես թե պետք է չլիներ: Սակայն իսրայելցիները պահանջում էին հրաժարականներ այն բանի համար, որ զինված ուժերի ղեկավարները տեղյակ և պատրաստ չեն եղել պատերազմական վիճակին, ինչի պատճառով իսրայելական կողմը մեծ վնասներ կրեց՝ այդ թվում եղան մարդկային զոհեր: Իսրայելցիները կարողացան պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր մեղավոր էին ստեղծված վիճակի համար, չնայած որ այդ նույն մարդիկ հաղթանակ ապահովեցին Իսրայելի համար:

Հետաքրքիր է՝ Հայաստանում ո՞վ է պատասխան տալու զոհված զինվորների համար, ո՞վ է պատասխան տալու այն բանի համար, թե ինչո՞ւ հարձակման ժամանակ պատրաստ չէին այն չափով, որ այդքան զոհ ունեցանք, ինչո՞ւ հետախուզությունը չէր աշխատել, եթե աշխատել էր և տեղեկացրել, ապա ինչո՞ւ քայլեր չէին ձեռնարկվել: Սրանք հարցեր են, որոնք տանջում են բոլորիս ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո: Պետք է պաշտոններից հեռանան բոլոր այն մարդիկ, ովքեր պատասխանատվության զգացում չունեն և ի վիճակի չեն ղեկավարել պատասխանատու ոլորտներ:

Շարունակաբար կներկայացնենք բոլոր այն մարդկանց, ովքեր պետք է հեռանան պաշտոններից՝ մանրամասն հիմնավորումներով և փաստերով:

Նույն շարքից