Երեկ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 1994 թվականին ստորագրված զինադադարի ռեժիմն անժամկետ բնույթ է կրում, և ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: Ի՞նչ նոր բան ասաց Լավրովը, ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում հատուկ հանձնաժողովի ստեղծումը, որը պետք է ուսումնասիրի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Այս հարցերի շուրջ Analitik.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ.
-Պարոն Մարկարով, մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովն ինչ-որ նոր բան ասա՞ց: Ինչո՞ւ ռուսական կողմն ավելի կոշտ հայտարարություններով հանդես չի գալիս և չի մեղադրում Ադրբեջանին, մանավանդ եթե հաշվի առնենք այն, որ Հայաստանն ու Ռուսաստանը ՀԱՊԿ անդամներ են:
-Ես չգիտեմ, թե ով ինչի էր սպասում, բայց կարելի էր ենթադրել, որ լինելու է հայտարարություն, որով կոչ է արվելու հակամարտությունը կարգավորվել խաղաղ ճանապարհով: Պարզ է՝ որևե մեկը կողմերին չէր ասելու գնացեք պատերազմ սկսեք, մենք տեր կլինենք: Իսկ ինչ վերաբերում է դրան, թե ինչու Լավրովն ավելի կոշտ հայտարարություներ չարեց, ապա, երևի թե, ճիշտ կլիներ, եթե այդ հարցն ուղղվեր հենց նրան:
-Տեսեք, վերջին տարիներին, հակամարտության կարգավորման մասին քննարկումների անբաժան մաս են դարձել կազանյան փաստաթղթի մասին խոսակցությունները: Ի՞նչ գիտենք այդ փաստաթղթի մասին, այն ավելի շատ ձեռնտու է հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական կողմին:
-Իրականում չի լինում այնպես, որ մեկի համար լինի լավ, մեկի համար ՝ վատ, քանի որ կարգավորումը տեսականորեն հնարավոր է միայն փոխզիջումային տարբերակով: Մենք կարող ենք ենթադրել, որ այդ փաստաթղթում խոսվում է օրինակ Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու մասին, սակայն դա կլինի միայն ենթադրություն, քանի որ Կազանյան փաստաթուղթը չի հրապարակվել:
Այստեղ մենք կարող ենք ավելի շատ խոսել Ակվիլայի փաստաթղթի մասին, որտեղ խոսվում է կարգավիճակային հարցի և անվտանգության գոտի ներկայացնող շրջանների հարցի փոխկապակցված լինելու մասին: Սա ամենատրամաբանական տարբերակն է, եթե խոսում ենք փոխզիջումների մաին:
Պետք է անպայման շեշտել այն, որ «անվտանգության գոտի» անվանումն իզուր չէ, և դրա կարգավիճակի փոփոխությունը որևէ կերպով չպետք է անդրադառնա Լեռնային Ղարաբաղի անկախության և անվտանգության վրա: Համապատասխանաբար, պետք է լինեն գործող մեխազմիզմներ, որոնք կապահովեն դա:
-Պարոն Մարկարով, վերոնշյալ ասուլիսի ժամանակ Լավրովը խոսեց նաև հատուկ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին, որը թույլ կտա ուսումնասիրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը՝ ի հայտ բերելով մեղավորներին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմն է մերժում այդ կետը, կարելի՞ է ենթադրել, որ Լավրովը փորձ արեց այդ հայտարարությամբ ճնշում գործադրել Բաքվի վրա:
-Ադրբեջանական կողմը բնականաբար չի համաձայնվելու այդ կետի հետ, քանի որ հենց ինքն է հրադադարի ռեժիմը խախտողը, իսկ նման հանձնաժողովի ի հայտ գալը ընդամենը ևս մեկ անգամ կապացուցի հայտնի իրականությունը: Պետք է ասեմ՝ այս հարցում ես շատ եմ կարևորում այն հայտարարությունը, որ 1994 թվականին ստորագրված հրադադարի ռեժիմն անժամկետ բնույթ է կրում և անթույլատրելի է, որ ադրբեջանական կողմը խախտում է այդ պայմանավորվածությունները:
-Ի՞նչ կասեք խաղաղապահների մասին: Որքանո՞վ դա կօգնի հակամարտության կարգավորմանը:
-Խաղաղապահների հարցը չի կարող դիտվել առանձին, այն կարող է քննարկվել միայն այն պարագայում, եթե լինեն որոշումներ՝ կապված կարգավիճակի, անվտանգության գոտու մեջ ներգրավված տարածքների մասով: Այլ պարագայում, այդ հարցի մասին խոսելն առնվազն անհասկանալի է: Խաղաղապահների տեղակայումը չի ավելացնում անվտանգությունը, քանի որ այն ենթադրում է այլ ուժերի ներգրավածություն և շատ կարևոր է, թե ինչ ուժեր են լինելու դրանք, ինչ մանդատ են ունենալու: Մի խոսքով կարող ենք ասել, որ խաղաղապահների տեղակայումը եթե լինի, պետք է լինի լուծման տարրերից մեկը: Հակամարտությունը մի քանի անհայտներով հավասարություն է, և խաղաղապահները կհայտնվեն միայն այն դեպքում, երբ հայտնի լինեն մյուս «X»-երը: