Հայաստան Հասարակություն 

Թալիշում վիրավորված 18-ամյա Ռուբենի մայրը չի հավատում, որ իր որդուն կարող են բուժել Հայաստանում

analitik.am

Անահիտ Մկրտչյանն արդեն 22-րդ օրն է` «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից չի հեռանում. նրա որդուն՝ 18-ամյա Ռուբենին, ապրիլի 7-ին այստեղ են տեղափոխել Թալիշի դիրքերից, հաղորդում է news.am-ը:

Անահիտն իր որդուն ծառայության ճանապարհելիս հանգիստ էր. գիտեր, որ ծնողների միակ զավակին առաջնագիծ չեն տանում, իր որդու վրա էլ վստահ էր. Ռուբենն այնպիսի տղա է, որ դժվար թե խնդիրներ ունենար ծառայակիցների կամ հրամանատարների հետ:

Սակայն, որոշ ժամանակ անց տղային դիրքեր էին տարել, մայրը դիմել է Պաշտպանության նախարարություն, ու որդուն առաջնագծից իջեցրել են: Դրանից հետո նրան ևս երկու անգամ դիրքեր էին բարձրացրել, վերջին անգամ՝ ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Ապրիլի 5-ին Ռուբենը զանգահարել էր մորը, ուրախությամբ հայտնել կրակի դադարեցման պայմանավորվածության լուրը: Դրանից երկու օր անց հակառակորդի կողմից պայմանավորվածությունը խախտելու հետևանքով Ռուբենը ծանր վիրավորվել էր, նրան տեղափոխել էին Երևան, վիրահատել:

Երկու օր առաջ անջատել են Ռուբենին միացված արհեստական շնչառության ապարատը, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր: Նա ստացել է պարանոցային 4-րդ ողի կոտրվածք՝ ողնուղեղի վնասվածքով, ինչի հետևանքով ձեռքերն ու ոտքերը անզգայացել են, գրեթե չի կարողանում խոսել:

Ինչ է սպասվում Ռուբենին, մայրը չգիտի: Բժիշկները միայն հորդորում են սպասել: Բայց մայրն այլևս չի ուզում սպասել. Ռուբենի կյանքին սպառնացող ճգնաժամը չի անցել, ու նա հասկանում է, որ Հայաստանում որդու բուժումը հնարավոր չէ: Պաշտպանության նախարարությունը, սակայն, կարծես թե չի շտապում դրսում զինծառայողի բուժումը կազմակերպել:

Անահիտը ապրիլի 18-ին բաց նամակով դիմել էր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով «լինել իր միակի կողքին»: Որևէ արձագանք իր նամակին չի ստացել, փոխարենը օրերս Անահիտին այցելած պետական մարմնի ներկայացուցիչները առաջարկել են փոխել նրանց տան պատուհանները և վերանորոգել առաստաղը: Անահիտը, չնայած սոցիալական ծանր պայմաններին, հրաժարվել է. նման օգնության առաջարկն այս պահին, երբ որդու կյանքը վտանգված է, նույնիսկ վիրավորական է: Մայրը վիրավորված է նաև նրանից, որ այս օրերին Պաշտպանության նախարարության որեւէ բարձրաստիճան պաշտոնյա որդուն չի այցելել, նրանով չի հետաքրքրվել:

Անահիտի կողքին հարազատներից բացի այժմ միայն հասարակ քաղաքացիներն են, որոնք ամեն օր այցելում են հիվանդանոց, սնունդ տանում վիրավորների հարազատներին ու մխիթարում: Ամենից լավ կնոջ վիճակը հասկանում են նույն հիվանդանոցում բուժվող մյուս զինծառայողների մայրերը: Այս օրերին նրանք ընտանիք են դարձել՝ մեկը մյուսին ուժ տալով, մեկը մյուսի զավակի համար աղոթելով:

Նույն շարքից