Վերլուծական Տնտեսություն 

Հայաստանում իրականում գազը չէ, որ էժան է. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշում է կայացրել բնական գազի գնի նվազման վերաբերյալ, ըստ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտի: Այդպիսով, հուլիսի 1-ից Հայաստանի բնակչության համար գազի գինը կկազմի 156-ի փոխարեն 146 դրամ՝ 1000 խմ դիմաց: Դոլարային համեմատությամբ դա ավելին է, քան 300 դոլարը: Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիան» գազի գնի նվազման հայտ ներկայացրել է այն բանից հետո, երբ ապրիլի 7-ին երեւանյան այցի ընթացքում Ռուսաստանի վարչապետ Մեդվեդեւը հայտարարեց գազի գինը Հայաստանի սահմանին 165-ից 150 դոլար իջեցնելու մասին:

Այդ հայտարարությունը Հայաստանին սիրաշահելու մի էժանագին փորձ էր, որի կարիքը Ռուսաստանի համար առաջացել էր քառօրյա պատերազմի ընթացքում ի հայտ եկած հասարակական տրամադրությունների հետեւանքով, երբ Հայաստանի քաղաքացիների համար այլեւս առավել քան ակնհայտ դարձավ Ադրբեջանի հետ Մոսկվայի սիրախաղի ամբողջ վտանգավորությունը:

Սրան զուգահեռ, երեւանյան այդ այցի ընթացքում Մոսկվան ու Աստանան պայմանավորվեցին հանուն Ալիեւի չեղարկել Երեւանում ապրիլի 8-ին կայանալիք ԵՏՄ վարչապետների հավաքը:

Ահա, նմանօրինակ հարվածներից հետո Ռուսաստանը որոշեց մի փոքր սփոփել եւ վերջապես բավարարել գազի գինն իջեցնելու Հայաստանի իշխանությունների՝ դեռեւս ամիսներ առաջ արված խնդրանքը: Եվ ահա, դրա հանգույն էլ գազի գինը մի փոքր իջեցնելու հայտ ներկայացրեց «Գազպրոմ Արմենիան», որն էլ բավարարվեց:

Ի՞նչ ունենք արդյունքում: Արդյունքում ունենք այն, որ Հայաստանը գազը սահմանին ստանում է 150 դոլարով, իսկ հասցնում բնակարաններ՝ 300 դոլարով: Կա՞ աշխարհում այդպիսի մի երկիր, այն էլ՝ ընդամենը մի բուռ տարածքով, որ գազի գինը երկրի ներսում աճի կրկնակի:

Մի կողմ թողնենք այն, թե իրականում ինչքան պետք է լիներ գազի գինը սահմանին, որպես թե ԵՏՄ՝ այսպես կոչված անդամ եւ որպես ՌԴ՝ այսպես կոչված դաշնակից: Հայաստանի սահմանից մինչեւ քաղաքացու բնակարան գազի գինն աճում է կրկնակի: Ընդ որում՝ այդ մատակարարումն անում է «Գազպրոմ Արմենիան», որը, ի տարբերություն Սամվել Ալեքսանյանի, արդեն ունի գազի օրինական մենաշնորհ, այն էլ՝ տարիներ շարունակ, եւ այն էլ՝ պարզապես Հայաստանի համար կապիտուլյացիոն մի պայմանագրով, որը կնքվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին եւ վավերացվել դեկտեմբերի 22-ին:

Այսպիսով, «Գազպրոմը» գազը բերում է Հայաստան, եւ «Գազպրոմը» Հայաստանում գազը բաշխում է ըստ իր հայեցողության, եւ Հայաստանը պարտավորված է գնել միայն «Գազպրոմի» գազը:

Ահա այս իրողության պայմաններում այլեւս վերանում է սահմանի գին հասկացությունը: Կա մի գին՝ բնակչին մատակարարվող գինը: Եվ ըստ այդմ՝ Հայաստանում գազի գինն արժե ավելի քան 300 դոլար: Այսինքն՝ Հայաստանի քաղաքացին գնում է աշխարհի ամենաթանկ գազերից մեկը՝ ենթարկվելով աշխարհում ամենաէժան քարոզչական մանիպուլյացիաներին, թե գազն էժանանում է:

Դա ինքնիշխանության բացակայության հետեւանքն է, երբ Իրանը բազմաթիվ ակնարկներ է անում էժան գազի մասին, իսկ Հայաստանի իշխանությունն անմեղսունակորեն կրկնում է, թե Իրանը էժան գազ չի առաջարկում:

Դա ինքնիշխանության բացակայության հետեւանքն է, երբ սահմանից մինչեւ բնակարան գազը թանկանում է կրկնակի, երբ հասարակությանն այդպես էլ չի տրվում դրա որեւէ ռացիոնալ բացատրություն, իսկ իշխանությունը կամք եւ կարողություն չունի վերջ տալու այդ իրողությանը եւ հստակ, հանրության համար վստահելի գնագոյացման կարգավորիչ քաղաքականություն վարելու:

Հայաստանում իրականում գազը չէ, որ էժան է: Հայաստանում էժան է կամ պարզապես լիովին արժեզրկվել է ինքնիշխանության գաղափարը: Քանի այդ գաղափարը չի ստացել հանրային գիտակցության մեջ գերակա եւ անփոխարինելի, անզիջումային արժեք, Հայաստանի քաղաքացին շարունակելու է էժան քարոզչական մանիպուլյացիաներով սպառել աշխարհի ամենաթանկ գազերից մեկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից