Գլխավոր Հասարակություն 

Analitik.am-ի տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքը երկարացնելիս մի շարք խախտումներ են թույլ տրվել

analitik.am

Արդեն հայտնել ենք այն մասին, որ դատարանը, բավարարելով քննիչի միջնորդությունը, օգոստոսի 30-ին երկրորդ անգամ ևս երկու ամսով երկարացրեց Analitik.am-ի տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը:

Միջնորդության քննարկման մանրամասների մասին Analitik.am-ի թղթակիցը զրուցել է Հովհաննիսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հետ:

Պարոն Սիմոնյանը նախ նշեց, թե նախապես ծանոթանալով միջնորդությանը, մեծ ակնակալիքներ է ունեցել, որ այս դեպքում դատարանը չի բավարարի այն. «Նկատի ունենալով, որ որևիցե հիմնավորում ներկայացված չէր, թե ինչու պետք է Անի Հովհաննիսյանը շարունակի մնալ կալանքի տակ՝ ես ակնկալում է, որ միջնորդությունը չի բավարարվի: Ինչ վերաբերում է ներկայացված հիմնավորմանը, ապա այն իրականում մտահոգիչ է և ծիծաղելի: Քննիչը համապատասխան փաստաթղթում նշել է, որ լինելով ազատության մեջ,  Անի Հովհաննիսյանը կխոչընդոտի գործի քննությանը՝ մասնավորապես գործով անցնող անձանց վերաբերյալ հրապարակումներ կատարելով, կամ հրապարակումներ անելու սպառնալիքով: Ստացվում է՝ Անի Հովհաննիսյանին ասում են, որ ազատության մեջ չի կարող լինել, քանի որ կսկսի իր մասնագիտական գործունեությունն իրականացնել, այսինքն՝ զբաղվել լրագրությամբ: Սա նույնն է, եթե ֆուտբոլստին ազատության մեջ չթողնեն, քանի որ նա կարող է ֆուտբոլ խաղալ և խոչընդոտել նախաքննությանը»:

«Միջնորդության մեջ խոսվում էր նաև ՎՏԲ բանկի մասին: Այստեղ ինձ համար մտահոգիչն այն էր, որ դատավորը կարող է այդ  բանկի շահառուն լինել, օրինակ վարկ ունենալ: Այս դեպքում հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք դատավորը օբյեկտիվ լինել: Ես դատավորին հարց ուղղեցի՝ ցանկանալով փարատել կասկածներս, սակայն նա չպատասխանեց, ուստի կասկածն ինձ մոտ ավելի խորացավ, դրա համար էլ  բացարկ ներկայացրեցի դատավորին, ինչը մերժվեց»,-ասաց փաստաբանը:

Հաջորդը, ինչի մասին մեզ հետ խոսեց Սիմոնյանը, միջնորդրության քննարկման ժամանակ կոնկրետ քննիչի մասնակցության փաստն էր. «Դատական նիստի ժամանակ, իմ կարծիքով, ակնհայտ խախտում տեղի ունեցավ: Խոսքը վերաբերում է նիստին կոնկրետ քննիչի մասնակցությունը: Քրեական դատավարության օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի համաձայն, կալանքի միջնորդության քննարկմանը մասնակցում են միջնորդություն ներկայացրած անձը, պաշտպանը, մեղադրյալը և իհարկե դատավորը: Սակայն նիստին ներկայացել էր քննիչ Ալիկ Ստեփանյանը, այլ ոչ թե միջնորդություն ներկայացրած Աշոտ Ժամկոչյանը: Իմ կողմից առարկություն եղավ, որ Ալիկ Ստեփանյանը չպետք է մասնակցի նիստին, քանի որ միջնորդությունն ինքը չի ներկայացրել: Այդ ժամանակ Ստեփանյանը ներկայացրեց Ժամկոչյանի կողմից տրամադրված լիազորագիրը, որով վերջինս Ստեփանյանին լիազորել էր մասնակցել նիստին: Սակայն, խնդիրը կայանում է նրանում, որ պաշտոնատար անձիք իրավունք ունեն կատարելու այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենքներով: Քննչական խմբի ղեկավարը, քրեական դատավարության օրենսգրքով, իրավունք չունի լիազորել մեկ այլ քննիչի իր փոխարեն մասնակցել դատական նիստին, նման նորմ սահմանված չէ: Նիստի ժամանակ նրանք հղում արեցին ոչ թե 285 հոդվածին, որը կարգավորում է կալանքի  հարցերը, այլ՝  283 հոդվածին, որտեղ նշված է, որ պաշտոնատար անձը կարող է լիազորել: Բայց պետք է ասեմ, որ դա չի վերաբերում կալանքի վերաբերյալ հարցի քննարկմանը: Սակայն դատարանն այս դեպքում էլ խախտեց օրենքը՝  համարելով, որ Ալիկ Ստեփնյանը կարող է մասնակցել նիստին: Այս մասով էլ ես բացարկ ներկայացրեցի դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն այս դեպքում էլ իմ բացարկը մերժվեց»:

Բուն միջնորդության քննարկման անդրադառնալով՝ Սիմոնյանն ասաց, որ կոնկրետ հարցեր են  տրվել քննիչին՝ կա՞ն արդյոք ապացույցներ, որ Անի Հովհաննիսյանը մինչ այս պահը խոչընդոտել է նախաքննությանը, կա՞ն ապացույցներ, որ նա կթաքնվի քննությունից. «Պատասխանները բացասական էին: Ավելին՝ հիմնավորվեց, որ Հովհաննիսյանին այդ օրը  ոչ թե կանչել են, այլ ինքը եղել է ոստիկանության բակում, ուղղակի անունը դրեցին բերման ենթարկել: Այսինքն վերոնշյալ հիմքերից որևիցե մէկը չկար: Եվ ամենակարևորը՝ արդյոք կա՞ հիմնավոր կասկած, որ Անի Հովհաննիսյանը կատարել է իրեն մեղսագրված արարքը, կա՞ն արդյոք որոշակի ապացույցներ, որոնք կարող են վկայել, որ նա կարող էր կատարած լինել շորթում: Այս մասով ես կարող եմ ասել հետևյալը՝ նույնիսկ այն ցուցմունքները, որոնք համարվում են Անի Հովհաննիսյանին դեմ տրված ցուցմնունքներ, բավարար չեն ասելու, թե վերջինիս գործողությունները շորթում են, առավել ևս որ այդ փաստական տվյալները հաստատված չեն: Ամեն դեպքում Անի Հովհաննիսյանը բազմիցս հայտարարել է, որ ցանկացել է համագործակցություն իրականացնել հայտնի կուսակցության հետ»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ  մյուս դրվագով՝ Կարեն Բաբակեխյանի մասով, Անի Հովհաննիսյանն ընդհանրապես կապ չունի գործի հետ:

Սիմոնյանի խոսքերով, բացի վերոնշյալից, կալանքի միջնոդրության մեջ նշված են եղել այնպիսի հանգամանքներ, որպիսիք չկան անձնաց ցուցմունքներում. «Միջնորդության մեջ հղում է կատարվել X մարդու ցուցմունքին, որտեղ խոսվել է ինչ-որ երևույթի վերաբերյալ, սակայն կալանքի որպես խափանաման միջոց ընտրելու միջնորդության մեջ այդ երևույթն ավելի ծաղկացրած է գրած: Ամենահետաքրքրական այն է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ նշված է, թե Անի Հովհաննիսյանը տարաբնույթ ձևակերումենրով  «հայտնի» քաղաքական գործչից գումար է ուզել: Մինչև հիմա չեն կարողանում բացատրել, թե ինչ ասել է «տարաբնույթ ձևակերպումներ»: Վերջին հաշվով պահանջը պետք է հստակ լինի, իսկ այդ եզրույթը հստակ չէ: Այսինքն չկա հիմնավոր կասկած, որ Անի Հովհաննիսյանը կատարել է իրեն մեղսագրված արարքը:

Ի դեպ, Հովհաննիսյանը նախկինում իր հայտարարություններում կարծիք է հայտնել, որ այս ամենինչը գալիս է ՌԴ դեսպանից, ով ժամանակին  խորհուրդ է տվել  իրեն դադարեցնել ՎՏԲ բանկի մասին հրապարակումները՝ սպառնալով, որ հակառակ դեպքում վատ կլինի»:

«3-4 ժամ տևած նիստից հետո դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, իսկ պաշտպանական կողմի միջնորդությունը՝ գրավ կիրառելու մասով, մերժվեց:

Ցավալի է, որ այս դեպքում  դատարանը մեխանիկորեն բավարարեց կալանքի մասին միջնորդությունը՝ չմտածելով, որ դա կիրառվում է բարձրագույն կրթություն ունեցող անձի նկատմամբ, ով լրատվամիջոց է ստեղծել, աշխատեցրել այն: Ցավալի է նաև այն, որ սա ուղղված է ոչ թե կոնկրետ անձի, այլ լրագրող Անի Հովհաննիսյանի մասնագիտակա գործունեության դեմ: Ի դեպ, ՎՏԲ բանկում ադրբեջանական կապիտալի առկայությանը փաստը հասանելի է բոլորին, և ես վստահ եմ, որ նույնիսկ  բանկից չեն հերքի այն»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ վերոշարադրյալը հաշվի առնելով, դատարանի որոշումը չի կարող օրինական և հիմնավորված համարվել:

Նույն շարքից