Գլխավոր Հասարակություն 

Analitik.am-ի տնօրեն Անի Հովհաննիսյանի մայրը դիմում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

analitik.am

Հարգելի Պարոն Կարապետյան, ես արդեն մի քանի տարի է բնակվում եմ ԱՄՆ-ում և վայելում ժողովրդավարության իրական պտուղները: Բնական է՝ չեմ կարող երբևէ զուգահեռներ տանել ԱՄՆ-ի և ՀՀ-ի կյանքի որակի միջև, և դրա պատճառները հայտնի են բոլորիս: Սակայն գոնե մարդկային արժեքների միջև համեմատական տանելը կապ չունի երկրի սոցիալ-տնտեսական վիճակի հետ: Ես նայում եմ ՀՀ հեռուստաալիքները, լսում Ձեր ամպագոռգոռ հայտարարություններն այն մասին, թե ինչ եք անում, ինչ եք պատրաստվում անել, ինչ հեռանկարներ եք տեսնում, ապա՝ զանգահարում եմ ապօրինի անազատության մեջ գտնվող դստերս փաստաբանին՝ իմանալու համար արդյո՞ք ինչ-որ բան չի փոխվում նոր կառավարության ղեկավարի գալով, թե՝ վերջինիս վստահություն ներշնչող ելույթներն էլ են հերթական նախընտրական և օդից կախված խոստումները լինելու:

Ես հիշում եմ, թե ինչքան էի աղջկաս՝ Անի Հովհաննիսյանին, համոզում գալ և բնակություն հաստատել ԱՄՆ-ում, այստեղ շարունակելու իր կարիերան, քանի որ թե նրա ուսումը, թե գիտելիքներն այստեղ անչափ պահանջված և գնահատված են: Տեղյակ լինելով ՀՀ-ում տիրող անօրինականություններից՝ միշտ դեմ եմ եղել, որ նա այնտեղ կառուցի իր ապագան: Սակայն նա դեռ մանկուց շատ հայրենասեր էր և այդպես էլ մնացել է նույնիսկ հիմա, երբ բանտում է: Անգամ ինձ համար է զարմանալի արդարության համար նրա մղած պայքարի համառությունն ու նպատակասլացությունը:

Եվ հպարտ եմ, և դժբախտ, քանզի նրա անկեղծ, նվիրված հայրենասիրությունը և պետականամետությունը, բացի ապօրինի հետապնդումներից, այլ գնահատանքի չեն արժանանում: Ես ապշում եմ, քանի որ նա առայսօր դեռ չի ցանկանում դիմել որևէ այլ պետության աջակցությանը՝ համարելով, որ դա կվնասի ՀՀ վարկանիշին: Պատկերացնո՞ւմ եք, թե ես ինչ եմ զգում, երբ ԱՄՆ-ում լսում եմ Ձեր ելույթներն ու կոչերն աշխարհասփյուռ հայությանն այն դեպքում, երբ հենց այս պահին իմ սեփական երեխան ապօրինի արդեն 7 ամիս է գտնվում է բանտում:

Ես 7 ամիս է անգամ նրա ձայնը չեմ լսել, քանի որ զանգերն էլ են արգելել, կարծես թե, գործ ունեն աշխարհի ամենավտանգավոր հանցագործի հետ: Իսկ իրականում գործ ունեն մի երիտասարդ աղջկա հետ, ով իր ապրած տարիները նվիրել է իր սեփական հայրենիքում ինչ-որ բան ստեղծելուն, զարգացնելուն, դեպի լավը տանելուն, բացասականը վեր հանելուն, վերջինիս վերացման համար պայքարելուն:

Չնայած այս ամենին, այժմ որևէ մեկը ՀՀ-ում չի հետաքրքրվում այս ամենով և կատարյալ հանգստությամբ նրան մեկ այս, մեկ այն հորինված մեղադրանքների հիման վրա ապօրինի զրկում են ազատությունից:

Քանի դեռ ՀՀ-ում կան իմ երեխայի նման բանտերում նստած անմեղ մարդիկ, մեր՝ ՀՀ-ից դուրս ապրող մարդկանց համար մեր սեփական Հայրենիքը մնալու է թե՛ ապրելու, թե՛ ներդրումներ անելու համար վտանգավոր երկիր, քանի որ օրենքի չկիրառման, անօրինականության, անպատժելիության պայմաններում վտանգված է ինչպես մարդու կյանքն ու ճակատագիրը, այնպես էլ՝ բիզնես գործունեությունը:

Այս նամակն էլ գրում եմ, որովհետև  հույս ունեմ, որ գուցե Դուք իրականում ուզում եք ինչ-որ բան փոխել այդ երկրում: Եթե այդպես է, նախ անմեղ մարդկանց բանտերից հանեք, այլապես այդ երևույթի գոյության պայմաններում ոչ միայն ներդրողներ չեն լինի, այլ ՀՀ արդեն սակավաթիվ բնակչությունն էլ կփախնի մեր Հայրենիքից, որն այսօր, ցավոք, աշխարհասփյուռ հայության համար  դարձել է ոչ թե տուն, այլ՝ «ծակ արկղ», որտեղ ինչքան էլ օգնություն ուղարկվի, միևնույնն է ոչինչ չի փոխվում, այլ ամեն ինչ շատ ավելի վատ է դառնում:

Վերջին հաշվով արտասահմանում ապրող յուրաքանչյուր հայի երազանքն է զարգացած Հայաստան տեսնելը: Բայց այսօր ես շարունակում եմ տեսնել Ձեր բոցաշունչ ելույթները, իսկ իմ անմեղ երեխային՝ բանտում: Ես վշտանում եմ, քանի որ լավ ճանաչելով իմ դստերը՝ գիտեմ, որ նա մինչև վերջ պայքարելու է արդարության համար, գիտեմ նաև, որ ՀՀ-ում ներկայումս տիրող անարդարության մթնոլորտում դա շատ բարդ, գուցե՝ երկար տևող գործընթաց լինի, ուստիև, որպես մայր, դիմում եմ Ձեզ: Եթե իրոք ցանկանում եք ինչ-որ բան փոխել ՀՀ-ում, թույլ մի տվեք, որ ապօրինաբար կործանեն երիտասարդների, այդ թվում՝ նաև իմ դստեր ճակատագրերը:

Ինչ վերաբերում է իմ աղջկա անմեղությանը, ապա գործին և նյութերին ծանոթանալով՝  ինքներդ էլ կհամոզվեք իմ խոսքերի իսկության մեջ: Ի վերջո՝ առանց ազատ մամուլի անհնար է կառուցել քիչ թե շատ նորմալ պետություն, իսկ իմ դստեր նկատմամբ իրականացվում է այն, ինչը կարելի է կոչել խոսքի և մամուլի ազատության նկատմամբ իրականացվող ապօրինի ճնշում և լռեցում:

Հուսով եմ՝ դուստրս կների ինձ այս նամակի համար, քանզի նա այլևս չի ցանկանում որևէ մեկին դիմել, բացի հայ հասարակությունից՝ վստահ լինելով, որ Հայաստանում քաղաքական էլիտան ոչ միայն ի վիճակի չէ պաշտպանել իր քաղաքացիների իրավունքներն այլ պետության ոտնձգությունից, այլ նաև լուռումունջ ենթարկվում է այլ պետություններին՝ թքած ունենալով իր քաղաքացիների կյանքի ու այլ իրավունքների վրա:

Նույն շարքից