Անալիտիկ կենտրոն Հասարակություն Հիշում եմ և պահանջում Մամուլի ակումբ 

Տրնդեզ, այլ ոչ թե «Տյռանընդառաջ». Քուրմ Գեղամ

analitik.am

«Տրնդեզը» տոնվել է դեռ վաղ ժամանակներից: Սակայն այսօր այն այլ բովանդակությամբ, այլ խորհրդով է ներկայացվում Հայ առաքելական եկեղեցու կողմից»,- ասաց «Անալիտիկ» կենտրոնի այսօրվա հյուր քուրմ Գեղամը (Գեղամ Սալիբեկյան): Նա ներկայացրեց տոնի ծագումնաբանությունը:

«Վահագնի ծնունդը մենք՝ ցեղակրոն հայերս, տոնում ենք գարնանային գիշերահավասարին՝ մարտի 21-ին, Գառնու տաճարում: Տոնում ենք մեծ շուքով և ոգևորվածությամբ: Վահագնի ծնունդը ամեն տարի տիեզերական տարվա արտացոլումն է: Տիեզերական տարին 10000-ամյա պարբերականություն ունի: Եվ 10000 տարին մեկ հողագունդն ապրում է իր տիեզերական գարունը, որը, ըստ մեր ազգային, հինավուրց պատկերացումների, ուղեկցվում է Վահագնի ծնունդով, երկրի և երկնքի երկունքով, որը այլ պատմություններում ջրհեղեղի կերպով է հիշատակվում:

Մենք համարում ենք, որ Վահագնի զորությունը գալիս է տիեզերքը վիշապի պղծությունից մաքրելու: Վահագնի ծննդին պատրաստ լինելու համար «Տրնդեզին» Վահագնականչ է տեղի ունենում»,- ասաց քուրմ Գեղամը: Նա նաև ստուգաբանեց «Տրնդեզ» բառը. բառ առաջացել է տր (ատր, կրակ)+դեզ բառերից, ուստիև սխալ է այս տոնը կոչել «Տյռանընդառաջ»: Այնուհետև խոսեց սիրո տոնի մասին: «Մեր սիրո տոնը, ըստ էության, Վարդավառն է»,- ասաց քուրմը:

Ըստ ավանդության՝ ստորգետնյա աստվածը առևանգել է Աստղիկին՝ սիրո աստվածուհուն, և նրա հետ տարել սերը Հայոց աշխարհից: Դրանից հետո մարդիկ սիրում են չսիրել միմյանց, հեռանալ երկրից՝ այլ վայրերում սեր գտնելու նպատակով, երկրում ամենուր փուշ ու տատասկ է աճում, կարիճներն ու օձերն են շատանում: Եվ այդ ժամանակ Վահագնը գնում և փրկում է Աստղիկին: «Աստղիկը տեսնում է այս ամենը և արտասվում: Արտասուքը կաթում է հայոց հողի վրա և տեղը վարդեր են աճում: Այս վարդերը բաժանում է աղջիկներին, որոնք վիշապի գերին էին: Բոլորի դեմքին ժպիտ է գալիս: Այնուհետև աստվածային ջրի սափորից ջուր է ցողում ամբողջ Հայոց աշխարհում: Տատասկը վերանում է, օձերը, կարիճները, վիշապը հեռանում են: Բոլորը սկսում են սիրով լցված, ժպիտով նայել միմյանց»,- ասաց քուրմ Գեղամը:

Ասուլիսին ներկա էր նաև Անահիտ Սարգսյանը, որը 1990 թ-ից զբաղված է ազգապահպան գործունեությամբ Ուկրաինայի Խարկով քաղաքում: «Ես քրիստոնյա էի, բայց իմ մեջ կար հակասություն: «Տրնդեզ» էինք նշում, կրակ էինք վառում՝ չհասկանալով, որ զորանում ենք և վերադառնում մեր արմատներին»:,- ասաց տիկին Սարգսյանը: 

Նույն շարքից