Որքան հիշում եմ՝ 2006 կամ 2007 թիվն էր: Ես դեռեւս ԱԺ պատգամավոր չէի, իսկ Վարդան Օսկանյանը ԱԳ նախարար էր: Ռումինիայի Արտաքին գործերի եւ Պաշտպանության նախարարությունները անձնական հրավեր էին ուղարկել ինձ մասնակցելու ՆԱՏՕ-ի եւ իրենց համատեղ միջոցառմանը: Այն բացառապես վերաբերում էր Ռումինիա-ՆԱՏՕ հարաբերություններին, գործողությունների ծրագրի իրականացմանը: Թերեւս, Հայաստանից հրավիրվածիս համար այն ավելի շատ ուսուցողական նշանակություն ուներ՝ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, որը նոր-նոր էր ստորագրվել Հայաստանի հետ:
Մեկ հրավեր էլ ստացել էր Հայաստանի ԱԳՆ-ը: Փաստորեն, Հայաստանից երկու մասնակից պետք է լիներ. ես՝ որպես փորձագետ, եւ մեկը ԱԳՆ-ից: Երբ գնացի Ռումինիայի դեսպանություն վիզայի համար, երկու ընկերներս (մեկը դեսպանի պաշտոնակատար, մյուսը՝ հյուպատոս) դիմավորեցին ծիծաղը դեմքներին: Մինչ ես բառ կասեի, նրան հարցրեցին. "Ստեփան, ի՞նչ խնդիր կա ձեր եւ ԱԳՆ-ի միջեւ": Պատասխանեցի՝ "ոչ մի": Ապա մի այնպիսի բան հայտնեցին, որիից հետո ականջներիս չէի հավատում. ասացին՝ "Գիտե՞ս, որ ձեր ԱԳՆ-ը քո մասնակցությունը անցանկալի է համարել այդ միջոցառմանը եւ նոտա է հղել մեզ": Զարմանքից քար կտրած հարցրեցի. "Եւ դուք ի՞նչ եք պատրաստվում անել": Դիվանագետ ընկերներս ժպտալով պատասխանեցին. "Պատրաստվում ենք վիզադ արագ ձեւակերպել ու քեզ հանձնել ինքնաթիռթիդ տոմսերը: Ձեր նախարարը տեղը չի բերում, որ սա մեր միջոցառումն է, մեր հրավերն է, Դուք մեր հյուրն եք, եւ մենք ենք որոշում": Ռումինիայի դեսպանատնից դուրս եկա տխրած, մեծ ամոթով, որ ինձ պաշտպանել է այլ երկրի արտաքին քաղաքական գերատեսչություն, մինչդեռ իմ սեփական ԱԳՆ-ը փորձել է իմ ճանապարհը փակել....
Ես գնացի Բուխարեստ, ինձ փառահեղ դիմավորեցին, ճանապարհեցին, ու այս ամոթի մասին երբեք չպատմեցի: Եւ այժմ չեմ կարող այն չպատմել, երբ նույն Վարդան Օսկանյանը դարձել է իր իսկ դավանած խաղի կանոնի դաժան զոհը... Տխուր եմ, որ իմ երկրում այդպես էլ այս արատավոր պահվածքը այդպես էլ չի փոպվել: Բայց գտնում եմ, որ ամեն մեկը, այդ թվում Վարդան Օսկանյանը պետք է վճարեն իրենց մեղքերի համար: Հետեւաբար, պարոն Օսկանյան, մի զարմացեք, ինչ ցանել, այն էլ հնձում եք: Ի դեպ, հանուն արդարության ասեմ, ներկաները ինձ հետ դեռեւս այդպես չեն վերաբերվել, ինչպես Դուք.... դեռեւս..