Մարտի 27-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած որոշումը բավականին ուշագրավ է այն իմաստով, որ ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ ձեռնպահ են մնացել կամ չեն մասնակցել քվեարկությանը: Հետաքրքիր է նաև կողմ քվեարկած պետությունների դիրքորոշման պատճառը, քանզի այս քվեարկությամբ պետություններն իրենց աջակցությունը կամ մերժումը հայտնեցին Ռուսաստանի վարած գլոբալ քաղաքականությանը: Նախ վերլուծենք որոշմանը դեմ քվեարկած պետությունների դիրքորոշման դրդապատճառները:
Հայաստանի դեպքում ամեն ինչ ավելի քան պարզ է, քանզի մենք անվտանգության խնդիր ունենք, իսկ Ռուսաստանն էլ իր հերթին մեր ռազմական դաշնակիցն է, մյուս կողմից էլ ՌԴ-ում բավականին մեծաքանակ համայնք ունենք, ինչը նույնպես չէր կարող անտեսվել: Գուցեև Հայաստանի քվեարկությունն էլ պատճառ դարձավ քեսաբահայության ջարդերի էլ ավելի ակտիվացմանը, քանզի գաղտնիք չէ, որ Սիրիայում հրահրված դեպքերի այսպես ասած հովանավորներն արևմտյան ուժերն են: Սա կարծես թե պատասխան լիներ Հայաստանին, որն արվեց Արևմուտքին հատուկ ձեռագրով՝ այլոց միջոցով: Որոշմանը կողմ քվեարկել, սակայն, Հայաստանը չէր կարող, մի շարք բոլորիս հայտնի պատճառներով:
Բելոռուսի դեպքում իրավիճակը մի փոքր այլ էր, չնայած որ Բելոռուս-Ռուսաստան հարաբերությունները գրեթե կատարյալ համագործակցային վիճակում են, Լուկաշենկոն ոչ միանշանակ դիրքորոշում ունի Պուտինի վարած քաղաքականության նկատմամբ, սակայն պետք է փաստել, որ վերջին շրջանում Մինսկում Լուկաշենկոյի դեմ տեղի ունեցած ցույցերը ազդանշան էին վերջինիս համար: Իշխանության պահելու խնդիր Լուկաշենկոն չունի, բայց զգոնությունը կորցնել պետք չէ՝ առավել ևս Բելոռուսի սահմանների բաց լինելու պարագայում, երբ հեղափոխական տրամադրություններն անարգել կարող են փոխանցվել և տարածվել երկրի ներսում:
Բոլիվիայի, Վենեսուելայի, Կուբայի և Նիկարագուայի ներկայիս իշխանություններն ավանդաբար դեմ են եղել ԱՄՆ քաղաքականությանը, ուստիև այս պետությունները քվեարկեցին ոչ թե որոշման դեմ կամ ՌԴ-ին կողմ, այլ բացառապես ԱՄՆ-ի դեմ: Բոլիվիայի նախագահն ուներ նաև սեփական պատճառները՝ ինչպես հիշում ենք 2013թ.-ին Սնոուդենին հայտնաբերելու նպատակով եվրոպական երկրներից մեկում վերջինիս ինքնաթիռն իջեցրեցին՝ ԱՄՆ-ի պահանջով: Այս միջադեպը ստորացուցիչ էր Բոլիվիայի նախագահի համար, ուստիև Էվո Մորալեսը հաստատ առիթ բաց չի թողնի ԱՄՆ-ին դեմ քվեարկելու համար: Նիկարագուայում դեռևս 1980-ականներից հակաամերիկյան տրամադրություններ են, երբ Ռեյգանի հրամանով վարձկանները ռազմական գործողություններ իրականացրեցին երկրում՝ փորձելով արյան մեջ խեղդել կառավարությանը և միջազգային իրավունքը կոպիտ խախտելով ականապատեցին նավահանգիստները: Այս չորս երկրները որոշմանը դեմ քվեարկեցին բացառապես ի վնաս ԱՄՆ-ի: Զիմբաբվեն աշխարհում գոյություն ունեցող ամենավտորիտար պետություններից մեկն է, և նույնպես հակաամերիկյան տրամադրություններ են տիրում պետության ղեկավարության մոտ:
Հյուսիսային Կորեան նույնպես խնդիր ունի ԱՄՆ-ի հետ՝ համարելով վերջինիս ագրեսոր պետություն, ուստիև այստեղ նույնպես ԱՄՆ-Հյուսիսային Կորեա վատ հարաբերությունները դարձան դիրքորոշման պատճառ:
Սիրիայի դիրքորոշման պատճառն այլ էր՝ զուտ Ռուսաստանին աջակցելն էր, քանզի Պուտինն ամեն ինչ արեց Բաշար ալ-Ասադի իշխանությունը պահելու, ինչպես նաև Սիրիայում ռազմական գործողությունները կանխելու համար:
Հաջորդ պետությունը Սուդանն է, որտեղ ԱՄՆ-ն ժամանակին Սուդանի նախագահին մեղադրում էր հանցագործության մեջ և պահանջում դատել վերջինիս, ինչպես նաև կասկածներ ուներ, որ նա համագործակցում է ալ-Կաիդայի հետ:
Արդյունքում ստացվեց, որ որոշմանը դեմ քվեարկած պետությունների ճնշող մեծամասնությունը քվեարկել է ոչ թե ի օգուտ Ռուսաստանի, այլ ԱՄՆ-ի դեմ: Ռուսաստանի վարած քաղաքականությանը կողմ են քվեարկել Հայաստանը, Բելոռուսը, Սիրիան:
Այժմ անդրադառնանք այն երկրներին, որոնք ձեռնպահ են մնացել կամ չեն մասնակցել քվեարկությանը:
Ղազախստան՝ պետություն, որը ՀԱՊԿ անդամ է, ՄՄ անդամ է, Ռուսաստանի հետ ունի բավականին սերտ համագործակցություն, բայց այս դեպքում սեփական պետության շահերը գերադասեց գործընկերոջ շահերից: Ինչպես գիտենք Ղազախստանն ունի ռուսախոս բնակչության խնդիր, երկրի հյուսիսային հատվածը, որը տնտեսապես և ենթակառուցվածքներով ավելի զարգացած է, բնակեցված է ռուսախոսներով: Նազարբաևն այս պահի դրությամբ գուցեև անհանգստություն չունի այդ կապակցությամբ, բայց ապագան ապահովագրելու համար, նա չի կարող անտեսել այդ խնդիրը՝ առավել ևս, որ երկրի հարավային հատվածը զարգացվածությամբ անհամեմատ զիջում է հյուսիսայինին: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Նազարբաևն ուզում է ոչ թե քաղաքական, այլ բացառապես տնտեսական համագործակցություն:
ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանները ռուսական զորքերն են հսկում, ուստիև այս պետությունները չէին կարող դեմ դուրս գալ Ռուսաստանին, բայց մյուս կողմից էլ չեն կարող հարաբերություններ փչացնել ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ, քանզի բավականաչափ օգնություն են ստանում:
ՀԱՊԿ անդամ երկրներից ստացվում է, որ որոշմանը դեմ են քվեարկել միայն ՌԴ-ն, Հայաստանը և Բելոռուսը:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այստեղ նույնպես պետք է հաշվի առնել երկրի շահը, այլ ոչ թե ԱՄՆ վարած քաղաքականության կողմ լինելը: Ղրիմում մոտ 200 000 թաթար է ապրում, ովքեր դեմ են ՌԴ-ի հետ միացմանը, Թուրքիան նախ այդ պատճառով պետք է կողմ քվեարկեր, իսկ մյուս կողմից էլ՝ Թուրքիան կորցնում է իր ազդեցությունը Ղրիմում, երբ վերջինս մտնում է ՌԴ կազմի մեջ, ապա նոր ԱՄՆ- ՆԱՏՕ հետ ունեցած հարաբերությունների պատճառով:
ՄԱԿ-ի ընդունած որոշմանը կողմ և դեմ քվեարկած պետություններից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը միանշանակ պետք է նոր մոտեցումներ կիրառի իր գործընկեր երկրների նկատմամբ՝ համագործակցային նոր ձևաչափի կիրառման միջոցով, այլապես գլոբալ հարթության մեջ շատ քիչ պետություններ իրենց ազգային խնդիրներից վեր կդասեն ՌԴ շահերը, ինչը չի կարելի ասել ԱՄՆ-ի մասին:
Անի Հովհաննիսյան