Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Եվրոպան երկընտրանքի առջև

analitik.am

Ուկրաինայի շուրջ ծագած քաղաքական ճգնաժամը փաստացի Եվրոպան բաժանել է երկու հատվածի:  Եթե Լեհաստանը, մերձբալթյան երկրներն ամերիկյան որոշ քաղաքական ուժերի հետ մեկտեղ ցանկանում են ավելի շատ կոշտ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, ապա եվրոպական խոշոր պետությունները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, գերադասում են դիվանագիտական ճանապարհով մեղմել ստեղծված իրավիճակը: Եվրոպան, որ նոր-նոր է դուրս գալիս տնտեսական ճգնաժամից, լավ գիտակցում է պատժամիջոցների ծանր հետևանքները, քանզի այն կհարվածի ոչ միայն ռուսաստանյան, այլ նաև սեփական տնտեսությանը:  Բազմաթիվ փորձագետներ և քաղաքական ուժեր ընդդիմանում են պատժամիջոցների քաղաքականությանը՝ նշելով, որ Եվրոպան պետք է վարի ինքնուրույն քաղաքականություն, այլ ոչ թե զոհաբերի իրեն հանուն ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի:  Այսպես՝ Չեխիայի Ազգային Ժողովը մերժեց կառավարության կողմից ներկայացված Ռուսաստանի դեմ կիրառվելիք պատժամիջոցների ծրագիրը: Եվրոպան՝ լավ հիշելով Սառը պատերազմի տարիների դառը հետևանքները, չի ցանկանում խորացնել Արևմուտքի և Ռուսաստանի  միջև առկա ճգնաժամը, ինչը կհանգեցնի նոր բաժանարար գծերի առաջացմանը:

 


Անգամ Բարաք Օբաման՝ ենթարկվելով հանրապետականների քննադատությանը, գիտակցում է եվրոպական պետությունների մտավախությունը և ձգտում է բանակցային ճանապարհով կանխել հնարավոր առճակատման խորացումը: Պատահական չէ, որ Հաագայում Օբաման հայտարարեց, որ Ռուսաստանը ԽՍՀՄ չէ, և Ուկրաինայի պատճառով Սառը պատերազմ չի սկսվի:


Արևմուտքն իր հերթին հստակ բացատրում է Կրեմլին, որ Ղրիմի սցենարի կրկնությունն ուկրաինական այլ տարածքների նկատմամբ անհետևանք չի մնա Ռուսաստանի համար: Դրա վառ ապացույցն է Անգելա Մերկելի  հայտարարությունն այն մասին, որ Բրյուսելը գործի կդնի տնտեսական պատժամիջոցների երրորդ աստիճանը, եթե Կրեմլը շարունակի ագրեսիվ քաղաքականությունը: Այս հայտարարությունը նշանակում է, որ Եվրամիությունը հաշտվել է Ռուսաստանի հետ Ղրիմի միավորման փաստի հետ, սակայն չի հանդուրժի Ուկրաինայի հետագա մասնատումը:

 

Իր հերթին Մոսկվան փորձում է հաստատել Արևմուտքի մտավախությունները և պաշտոնապես հայտարարում է, որ Ռուսաստանը նպատակ չունի բռնակցել ուկրաինական որևէ տարածք: Սակայն ռուս-ուկրաինական սահմանի մոտ կուտակված ռուսական մեծաքանակ զինտեխնիկան և ռուս քաղաքական գործիչների հայտարարություններն առ այն, որ անհրաժեշտ է ոչ միայն Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանները, այլ նաև Մերձդնեստրը միավորել Ռուսաստանի հետ, չեն թուլացնում ստեղծված քաղաքական ճգնաժամը:  Դեռ ավելին, անվստահություն են ներշնչում ՌԴ հարևան երկրներին:


Այդ իսկ պատճառով Արևմուտքը չի սահմանափակվում նախազգուշացումներով, այլ դիմում է ակտիվ գոևրծնական քայլերի: ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Լեհաստանում և մերձբալթյան երկրներում, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բարդեն Լեհաստանում հայտարարեց, որ մինչև 2018թ. կյանքի կկոչվի Եվրոպայի հակահրթիռային պաշտպանական համակարգը:


Քաղաքական իրավիճակի հետագա սրացումը և ռազմական գործոնի ուժեղացումը կհանգեցնի ԱՄՆ-ի ազդեցության ամրապնդմանը Եվրոպայում՝ նվազեցնելով Եվրամիության ինքնուրույնությունը: Եվրոպական տնտեսությունն ավելի մեծ կախվածության մեջ կընկնի ամերիկյան տնտեսությունից, ինչը կհանգեցնի Գերմանիայի և Ֆրանսիայի քաղաքական դերի թուլացմանը միջազգային ասպարեզում: Այս ամենը լավ գիտակցելով՝ եվրոպական երկրները ձգտում են կանխել քաղաքական ճգնաժամի խորացումը, որը Բրյուսելի համար տնտեսական և քաղաքական բացասական հետևանքներ կունենա:



Սարգիս Լևոնյան

Նույն շարքից