Հասարակություն Վերլուծական Քաղաքականություն 

Ո՞ւմ հրամանին է սպասում կառավարությունը

analitik.am

Աշխարհի ոչ մի ժողովրդավարական երկրում չէր կարող լինել այնպես, որ կառավարությունը, իշխանության եկած կուսակության հետ միասին այսպիսի հանգստությամբ վերաբերվեին իրենց հակասահմանադրական գործունեությանը: Աշխարհի բազմաթիվ երկրներում կառավարությունները հրաժարական են տալիս իրենց հետ բացարձակ կապ չունեցող երևույթների հետևանքով առաջացած խնդիրների պատճառով: Մի քանի օր առաջ հրաժարական տվեց  Ֆրանսիայի կառավարությունը՝ մարտի 31-ին, պատճառը Սոցիալիստական կուսակցության ՏԻՄ ընտրություններին հավաքած ձայների քանակն էր ՝ 40,6%: Պահպանողական կուսակցությունը հավաքել էր 45,9%:


Օլանդի կառավարման օրոք աճել է գործազրկության մակարդակը՝ կազմելով 11,1%: Կանխատեսումներ կան, որ 2014թ.-ին գործազրկության մակարդակը կհասնի 11,6-ի և Օլանդի կառավարման ամբողջ ընթացքում 10,6-ից ներքև չի իջնի: Հայտնի չէ՝ ո՞վ է մեղավոր Ֆրանսիայում տիրող վիճակի մեջ՝ Օլանդը, թե Ֆրանսիայի արդեն նախկին կառավարությունը, բայց փաստացի ինչ-որ մեկը պատասխան տվեց այդ վատթարացման համար:


2009 թ.-ին Լատվիայի կառավարությունը հրաժարական տվեց՝ տնտեսական ճգնաժամի հետևանքով  առաջացած խնդիրները հաղթահարել չկարողանալու պատճառով:


Կառավարության հրաժարական տվեց այն բանից հետո, երբ կոալիցիոն երկու հիմնական ուժեր՝ Ազգային կուսակցություն և Կանաչ գյուղացիների Միություն, հայտարարեցին  պահպանողական վարչապետին չսատարելու մասին: Կառավարությունը կազմված էր վեց աջակողմյան ուժերից, ովքեր ներկայացնում էին խոշոր բիզնեսի  շահերը, իսկ նրանցից ոմանք էլ՝ ծայրահեղ ազգայնականության դիրքերից էին հանդես գալիս:


Արևելյան Եվրոպայի երկրներից ամենաշատը Լատվիան տուժեց համաշխարհային տնտեսական ճգնաժամից՝ 2,3 մլն. բնակիչ բախվեցին տնտեսական ճգնաժամի սրագույն հետևանքներին:  Բյուջեի հսկայական դեֆիցիտը լրացնելու համար Լատվիայի կառավարությունն անցավ կոշտ տնտեսական քաղաքականության՝ հարկերի բարձրացում և կոշտ տնտեսական քաղաքականության միջոցների կիրառում, ինչի արդյունքում բողոքի ալիք բարձրացավ: Հասարակությունը չընդունեց վարչապետի վարած քաղաքականությունը, ուստիև վերջինս հրաժարական տվեց:


2009թ.-ին Իսլանդիայի կառավարությունը  հրաժարական տվեց՝ նորից համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրների պատճառով:


Բողոքի խոշոր ալիք բարձրացավ երկրում, և քաղաքացիները վարչապետի մեքենայի վրա «հարձակվեցին» ձվերով, իսկ արդեն հաջորդ օրը ձվեր, տուփերով  յոգուրտներ և քարեր էին շպրտում պառլամենտի շենքի վրա: Ոստիկանությունը ստիպված  միջամտեց՝ 50 տարվա մեջ առաջին անգամ արցունքաբեր գազ օգտագործելով, սակայն ողբալի  վիճակում հայտնվեց կառավարությունը, այլ ոչ թե հասարակությունը:


Կառավարությունների վերոնշյալ հրաժարականները վկայում են այն մասին, որ աշխարհի տարբեր երկրներում կառավարությունը հրաժարական է տալիս այն դեպքերում, երբ չի կարողանում իրագործել իր առջև դրված խնդիրները՝ շատ դեպքերում ոչ թե իր, այլ բացառապես օբյեկտիվ պատճառներով:


Ի տարբերություն այլ երկրների Հայաստանում նորմալ է համարվում կառավարության ձախողումը, որին ոչ միայն չեն հաջորդում հրաժարականներ, այլ կառավարությունն ավելի է ամրացնում իր դիրքերը:


Տիգրան Սարգսյանը երկար ժամանակ տարբեր ամբիոններից հայտարարում էր, որ բացառվում է Հայաստանը միանա Մաքսային Միությանը, իսկ այժմ ՄՄ-ի առաջին ջատագովներից է: Ստացվում է, որ երկրի կառավարության ղեկավարը կտրուկ փոխում է իր դիրքորոշումը՝ առանց հիմնավորում տալու, ինչի արդյունքում ակնհայտ երևում է, որ ոչ թե գործում է ի շահ պետության կամ հասարակության, այլ բացառապես իշխանությունը պահելու համար:


ՀՀ կառավարության հաջորդ կոպրագույն սխալը կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն էր, որի դրույթները ՀՀ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց, այսինքն երկրի կառավարությունն իշխող կուսակցության հետ միասին (քանի որ օրենքն արդեն ընդունվել էր ԱԺ-ում) հակասահմանադրական գործունեություն են իրականացնում: Ո՞վ է պատասխան տալու:

Ոչ մի ժողովրդավարական երկրում չի կարող լինել նման բան, երբ ապացուցվի կառավարության հակասահմանադրական գործունեությունը և դրանից հետո այն շարունակի աշխատել՝ առավել ևս, որ այդ կառավարությունը բացառապես հետընթաց է ապահովել երկրում՝ ինչի հետևանքով հազարավոր հայեր արտագաղթեցին:


Ինչպե՞ս է ստացվում, որ այսքանից հետո վարչապետը շարունակում է պաշտոնավարել, ՀՀԿ-ն շարունակում է մնալ ԱԺ-ում, երբ արդեն ապացուցվել է, որ 2014թ.-ի հունվարի 1-ից սկսած կառավարությունը հակասահմանադրականության տիրույթում էր գործում: Ինչ-որ մեկը պետք է պատասխան տա, քանզի սա պետություն է, այլ ոչ թե կազմակերպություն, որտեղ աշխատակցի սխալները կարող են ներվել:  

ՀՀ քաղաքացիները, ովքեր ընտրել են այդ կառավարությանն արդեն պահանջում են վերջինիս  հրաժարականը, իսկ ո՞ւմ հրամանին է սպասում կառավարությունը...


Աննա Սերոբյան

 

Նույն շարքից