Բավականին խայտաբղետ ներքաղաքական դաշտ է ձևավորվել ՝ մի կողմից նորաստեղծ կառավարություն, մյուս կողմից՝ բավականին հանդարտ կեցվածք պահպանող ՀՅԴ, ԲՀԿ և կոալիցիայից դուրս եկած ՕԵԿ:
Առաջին հայացքից թվում է, թե Սերժ Սարգսյանը հաղթեց քաղաքական խաղում՝ նշանակելով Հովիկ Աբրահամյանին որպես վարչապետ, քանզի նա միակ թեկնածուն էր, ում նշանակումը կհանդարտեցներ նաև ԲՀԿ-ին:
Այդպես կլիներ, եթե ստեղծվեր պրոֆեսիոնալ կառավարություն, որտեղ բոլորն էլ պորտֆելներ կունենային և միասնաբար կփորձեին երկիրը դուրս բերել այս ծանրագույն վճակից, սակայն առևտուրը չստացվեց մի պարզ պատճառով՝ չի կարող Հայաստանի նման փոքր երկրում օրինակ հիսուն նախարարություն լինել, իսկ քաղաքական ոլորտում շատերն այնքան ամբիցիոզ են, որ նախարարից ցածր պաշտոն ունենալու մասին անգամ ամոթ են համարում խոսել: Նման իրավիճակում չէր կարող Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի հաշվին պորտֆելներ տալ ԲՀԿ-ին կամ ՀՅԴ-ին, նույնիսկ ՕԵԿ-ի դուրս գալը չփրկեց, քանզի տեսանք, թե ինչպես Արմեն Երիցյանը, Սերգո Կարապետյանը և Սամվել Թադևոսյանը շտապեցին լքել կուսակցությունը: Սերգո Կարապետյանը Հովիկ Աբրահամյանի հետ բավականին մտերիմ հարաբերություններ ունի, իսկ Արմեն Երիցյանն էլ ՀՀ նախագահի կողմից էր գործուղվել ՕԵԿ, ուստիև այս երկու նախարարներին փոխարինելն այս պահին այդքան էլ իրատեսական չէ:
Ինչ վերաբերում է Սամվել Թադևոսյանին, ապա դեռևս վաղ է ասել նա կմնա իր պաշտոնում, թե ոչ: ՊՆ-ն և ԱԳՆ-ն նույնպես նախագահի վստահելի մարդիկ պետք է լինեն՝ հետևաբար ոչ ԲՀԿ-ից կամ ՀՅԴ-ից: Ստացվում է, որ մնացած 15 նախարարություններից ամենաքիչը 5-ը պետք է տրվեր ԲՀԿ-ին՝ կոալիցիա մտնելու դեպքում, 3-ը ՀՅԴ-ին և գոնե 1-ը Ժառանգությանը, ինչի արդյունքում ՀՀԿ-ն ունենալու էր ևս 6 պորտֆել, և սա այն դեպքում, երբ վարչապետն իր թիմից պետք է նշանակի գոնե ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին, ինչի արդյունքում մնում է ընդամենը 4 պորտֆել ՀՀԿ-ին, իսկ դա կնշանակեր, որ ՀՀԿ-ի մի զգալի հատված արդեն լրջորեն կսկսեր պայքարել Սերժ Սարգսյանի իշխանության դեմ:
Սերժ Սարգսյանն իհարկե կանխատեսել է այս ամենը, ուստիև կոալիցիան չստացվեց, քանզի այդ կերպ վտանգվում էր իր իշխանությունը, ուստի նա ընտրեց իր պատկերացումով չարյաց փոքրագույնը:
Սակայն հարց է առաջանում, իսկ ի?նչ կլինի, եթե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը չարդարացնի իրեն, ինչը կանխատեսելու նախադրյալ կան. Աբրահամյանը չի շտապում իր թիմակիցներին տանել իր հետ՝ Սերգեյ Լոքյան, Նարե Դանիելյան, Նվարդ Վարդանյան: Այս մարդիկ երկար տարիներ նրա կողքին են եղել և հրաժարական են տվել նրա հետ միասին նույն օրը (Սերգեյ Լոքյան), պահել են նրա քաղաքական գիծը և ամեն կերպ նպաստել Աբրահամյանի գործունեության արդյունավետությանը: Իր ամենավստահելի թիմակիցների զգալի հատվածն այս պահի դրությամբ կարելի է ասել գործազուրկ է:
Ստացվում է, որ Աբրահամյանը նույնպես գիտակցում է, որ այս կառավարությունը ժամանակավոր է, այսինքն խնդիր կա իր միջոցով որոշակի հարցերին վերջնական կարգավորումներ տալ, այնուհետև հմտորեն անցնել սահմանադրական փոփոխությունների իրագործմանը և նոր ընտրություններ անցկացնել, քանզի միայն այդ դեպքում կարելի է հասկանալ Հովիկ Աբրահամյանի այսօրինակ կեցվածքը: Իրենից լավ ոչ ոք չի կարող բանակցել կուսակցությունների հետ, որոնցից ակնկալվում է կողմ լինել սահմանադրական բարեփոխումներին, ինչի համար էլ Աբրահամյանին տրված է որոշակի ժամանակահատված և լայն լիազորություններ:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա ինչպես ինքն էր հայտարարել՝ այլևս նախագահ կամ վարչապետ չի դառնալու, այստեղ հարց է առաջանում՝ ի?նչ իմաստ ունի դառնալ նախագահ կամ վարչապետ, եթե կարելի է մնալ ՀՀԿ նախագահ՝ լուծելով իրավահաջորդների հարցը, սակայն հարց է առաջանում՝ դեպքերի նման զարգացման պարագայում արդյոք դա նրան կհաջողվի, թե ոչ:
Քաղաքական իրական խաղերը դեռ նոր են սկսվում, իսկ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն էլ հարցական է՝ քանի ամսվա կյանք կունենա, բայց մի բան փաստ է՝ Հայաստանին բուռն քաղաքական աշուն է սպասվում, անգամ ամառային լուռ շրջանը չի կարող մեղմել այդ աշնան ցնցումները:
Արմեն Բալայան