Վերլուծական Քաղաքականություն 

ԱՄՆ Սենատի Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ապագան

analitik.am

ԱՄՆ-ի համար արդեն ավանդույթ է դարձել ապրիլի 24-ին ընդառաջ խոսել Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին, սակայն գործնականում որևէ քայլ չանել: Վերջին 25 տարիների ընթացքում առաջին անգամ՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունեց: Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը հանձնաժողովում ընդունվել է ձայների 12 կողմ և 5 դեմ հարաբերակցությամբ։



Բանաձևի հեղինակ, ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Մենենդեսը այդ առիթով հայտարարել է. «Ինձ և բարի կամքի տեր բոլոր մարդկանց համար կա մի պարզ ճշմարտություն՝ ցեղասպանությունը ցեղասպանություն է, ու դա այլ կերպ հնարավոր չէ անվանել։ Հաջորդ տարի մենք նշում ենք հայերի՝ Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված կոտորածի տարելիցը, ու շատ կարևոր է այս անգամ ավելի գլոբալ մոտեցում ցուցաբերել հարցին»։ Արդյոք ԱՄՆ-ն այս անգամ կգնա մինչև վերջ՝ վերականգնելով համամարդկային արդարությունը: Սկսենք ակունքներից. 20-րդ դարը կարելի է համարել ցեղասպանությունների դար, ինչը չի նշանակում, որ մինչ այդ չէին եղել ցեղասպանություններ, սակայն 20-րդ դարում դրանք չափից շատ էին՝ հայերի (Գենոցիդ), հրեաների (Շոա, Հոլոքոստ), ցիգանների (Porajmos), սլավոնների («Օստ» Գերագույն նախագիծ), չինացիների (Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իրականացվեց նացիստների և ճապոնացի զինվորականների կողմից), կամբոջացիների ցեղասպանություն, տուստի ազգի գենոցիդը Ռուանդայում, ցուցակը կարելի է երկար շարունակել, քանզի 20-րդ դարում զանգվածային սպանությունների շատ դեպքեր են եղել, որոնցից շատերն իրագործվել են խաղաղ պայմանների դեպքում:



Իհարկե ազգերի կրած զոհերի թիվն անհամեմատ տատանվում է, սակայն դա չի մեղմացնում ազգի վիշտը: Ցեղասպանությունն ազգի ազգային, էթնիկական, կրոնական խմբի ամբողջական կամ մասնակի բնաջնջումն է մարդկանց ֆիզակապես սպանելու կամ նրանց առողջությանն անդառնալի վնաս հասցնելու, բռնի ուժով մարդկանց իրենց բնակավայրերից վտարելու միջոցով: Ինչպես երևում է բնորոշումից ցեղասպանություն կարելի է համարել 20-րդ դարում տեղի ունեցած շատ զանգվածային սպանություններ, որոնք վտանգ են ներկայացնում ոչ միայն տվյալ ազգի, այլ նաև ամբողջ մարդկության համար: Հիմնվելով վերոնշյալի վրա ցեղասպանության՝ որպես մարդկության և մարդկայնության նկատմամբ հանցագործության միջազգային ճանաչումը հրատապ հարց է, ինչը սակայն որոշ պետություններ չեն ընկալում: Այսպես, ուկրաինացիների 1932-1933թ.թ. գենոցիդը, որը պատմության մեջ հայտնի է որպես Գոլոդոմոր, այն բանից հետո, երբ Ուկրաինայի Գերագույն Ռադան 2006թ.-ի նոյեմբերի 28-ին Գոլոդոմորի մասին օրենք ընդունեց, որի համաձայն այն ճանաչվում էր ուկրաինական ազգի նկատմամբ իրականացված ցեղասպանություն, 11 երկիր ընդունեցին այն՝ այդ թվում ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Վրաստան, Մոլդովա,, Բալթյան երկրներ:


Սակայն ՌԴ-ն չընդունեց այն՝ հիմք ընդունելով այն, որ նման դեպքեր տեղի են ունեցել ԽՍՀՄ ամբողջ տարածաշրջանում: Յուրաքանչյուր ցեղասպանության ընդունման մերժման հիմքում ընկած է քաղաքական ենթատեքստ, քանզի ցեղասպանության ընդունումը կարող է համապատասխան պատասխանատվություն սահմանել այն երկրների կառավարությունների նկատմամբ, որոնք կապ են ունեցել այդ հանցագործությունների հետ: Օրինակ Գերմանիայում Հոլոքոստի ընդունումը բերեց նրան, որ Կոնրադա Ադենաուերի կառավարությունը 1952 թ.-ի դեպտեմբերի 10-ին Լյուքսեմբուրգում Իսրայելի և Գերմանիայի նկատմամբ նյութական պահանջների համաժողովի (իրավասու մարմին, որը ստեղծվել է 1951թ.-ի հոկտեմբերին Նյու Յորքի հրեական սփյուռքի 23 կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից՝ Բոննի հետ հրեաների նյութական պահանջները բավարարելու համար բանակցություններ վարելու նպատակով) հետ համաձայնագիր կնքեց, որի համաձայն Գերմանիան պարտավորվում էր փոպհատուցում տրամադրել տուժած կողմին: Այս համաձայնագիրը պարտավորեցնում էր Գերմանիային 1954-1966թ.թ. 720մլն. դոլարին (այն ժամանակվա գներով) համարժեք ապրանքներ ուղարկել Իսրայել:


Սակայն Գերմանիայի կառավարությունը հրաժարվեց որևէ փոխհատուցում վճարել՝ փաստ ընդունելով այն, որ որևէ պատասխանատվություն չի կրում նացիստների իրականացրած հանցագործության համար: Հենց այս պատճառով ԽՍՀՄ շատ քաղաքացիներ՝ նացիզմի կողմից տուժածներ, չստացան որևէ փոխհատուցում, քանի որ ԽՍՀՄ կառավարությունը չուզեց պնդել իր պահանջները՝ չցանկանալով իր դաշնակից Գերմանիային դժվարին դրության մեջ դնել և պատասխանատվության ենթարկել նախորդ կառավարության կողմից իրագործված հացագործությունների համար: Միայն Գերմանիայի միավորումից հետո նախկին ԽՍՀՄ քաղաքացիները կարողացան իրենց արդարացիորեն հասնող փոխհատուցումը ստանալ:


Իսրայելի մասին վերոնշյալ հատվածը մի պարզ հարց է առաջացնում՝ ինչու՞ Իսրայելը մինչ օրս չի ընդունում Հայոց Ցեղասպանությունը, ինչու՞  հրեական պետությունը թեկուզ ԱՄՆ-ի կամ եվրոպական շատ երկրների նման ակտիվություն չի ցուցաբերում այս հարցում: Ազգի վիշտն ընդունելը բարոյական կարեկցության դրսևորում է, և Իսրայելը դա շատ ավելի լավ է հասկանում, քան այլ ազգեր, սակայն Իսրայելի կառավարությունը որևէ շոշափելի ակտիվություն չի դրսևորում Հայոց Ցեղասպանության հարցի նկատմամբ: Խնդիրը թաքնված է հրեական պետության հիմնադիրներից և Իսրայելի առաջին վարչապետ Դեյվիդ Բեն-Գուրիոնի դարաշրջանում: Իսրայելը արաբա-իսրայելական առաջին պատերազմից հետո, հայտնվելով մեկուսացման մեջ Մերձավոր Արևելքում, փորձում էր դաշնակիցներ գտնել: Ընտրությունը սահմանափակ էր՝ հարաբերություններ հաստատվեցին Թուրքիայի հետ, որն առաջին մուսուլմանական երկիրն էր, որ 1949թ.-ին ճանաչեց Իսրայելը: Թուրքիայի հետ հարաբերությունները ամրացնելու համար Բեն-Գուրիոնը Թուրքիայի հետ միություն ստեղծեց տարածաշրջանում ոչ արաբական պետությունների համագործակցության սկզբունքով, այդ թվում քրիստոնեական Եթովպիայի և շահական Իրանի հետ:


Թուրքիայի հետ հարաբերությունները կայունացելու, ինչպես նաև վերջինիս աշխարհագրական դիրքը հաշվի առնելով, Իսրայել պետությունն իր գոյության ողջ ընթացքում փորձում է նաև ամրապնդել քաղաքական համագործակցությունը Թուրքիայի հետ: Իսկ Թուրքիան իր հերթին ԽՍՀՄ-ի, որն Իսրայելին համարում էր իր հիմնական թշնամի, և արաբական աշխարհի, որը նույնպես չէր ճանաչում Իսրայելը, միջև բուֆերային գոտի է հանդիսացել: Այս պայմաններում Իսրայելի համար ուղղակի ոչնչացնող կլիներ խոսել Հայոց Ցեղասպանության մասին: Պաշտոնական Իսրայելն այն տարիներին անգամ այդ մասին չէր խոսում՝ ինչպես անում էին ԱՄՆ-ում և Եվրոպայում: ԽՍՀՄ փլուզումից և Թուրքիայի տարածաշրջանային գերտություն դառնալուց հետո, երբ Թուրքիան հավակնեց կարևոր տեղ զբաղեցնել աշխարհի քաղաքական քարտեզի վրա, աշխարհը միանգամից սկսեց խոսել Հայոց Ցեղասպանության մասին: ԽՍՀՄ փլուզումից հետո Իսրայելի դաշնակիցների թվում ավելացան թուրքախոս երկրները՝ առաջին հերթին Ադրբեջանը: Իսրայելը Ղարաբաղյան հարցում սատարեց Ադրբեջանին՝քննադատելով հայկական կողմին ագրեսիայի համար, ինչն էլ ավելի ամրապնդեց Իսրայել-Ադրբեջան առևտրատնտեսական հարաբերութ-յունները:


Ինչ վերաբերում է Իսրայել-Թուրքիա հարաբերություններին, ապա դրա վառ արտահայտումն արել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը 2001թ.-ի ապրիլին Թուրքիա մեկնելուց առաջ, երբ արտգործ նախարար էր Յեհուդա Բարաքի կառավարությունում: Նա հայտարարեց. «Անմիտ է պնդել, որ հայերը, հրեաների նման ցեղասպանության են ենթարկվել: Ցեղասպանության հարցում հայերի և հրեաների նույնականացումն անընդունելի է»: Նույն կերպ արտահայտվեց նաև Վրաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Կոենը 2002թ.-ի փետրվարի 8-ին. «Հոլոքոստը նախադեպ չունեցող երևույթ է, և ոչինչ, այդ թվում հայերի ողբերգությունը, չի կարելի համեմատել հրեական հոլոքոստի հետ»: Այս առումով հետաքրքիր է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը ուկրաինացիների ցեղասպանության մասին. «Ուկրաինական ազգի ցեղասպանությունը ոչ այլ ինչ է, քան Ստալինի կողմից ներքին էքստրիմիզմի դրսևորում»: Նեթանյահուն իր կուսակցության հետ միասին ուկրաինացիներին աջակցություն հայտնեց Գոլոդոմորի ճանաչման հարցում: Քնեսետի խոսնակ Դալիա Իցիկը նույնպես ժամանակին Տիմոշենկոյին խոստացել էր լուծել այս հարցը՝ Քնեսետում համապատասխան որոշում ընդունելու միջոցով:


Այս ամենով հանդերձ Իսրայելը միևնույն է լռում է Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցի մասին: Սա վկայում է այն մասին, որ Իսրայելում գերազանց գիտակցում են հրեական պետության և մուսուլմանական Թուրքիայի հարաբերությունների կարևորության աստիճանը՝ դա հասկանում է թե իշխանությունը, թե ընդդիմությունը, թե հասրակությունը: Իսրայելի կողմից Գոլոդոմորի ճանաչումը ներկայիս ՌԴ-ի համար խնդիրներ կստեղծի, և գուցե ուկրաինացիները վնասի փոխհատուցում պահանջեն, սակայն Իսրայելի արտաքին քաղաքականության վրա ՌԴ-ն չի կարող զգալի ազդեցություն ունենալ Գոլոդոմորը ճանաչելու դեպքում, իսկ Թուրքիայի պարագայում Իսրայելը կարող է կորցնել բոլոր տեսակի հարաբերությունները Թուրքիայի հետ՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման դեպքում: Ֆրանսիայի պառլամենտում Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը բացասական անդրադարձավ Թուրքիա-Ֆրանսիա հարաբերությունների վրա: Եթե Ֆրանսիան կարող է նման քայլ անել, քանի որ Թուրքիան ստիպված է լինելու հարաբերությունները հետագայում վերականգնել՝ հաշվի առնելով վերջինիս ԵՄ մտնելու ցանկությունը, ապա Իսրայելը նման իրավիճակում ուղղակի կոպտորեն կմերժվի Թուրքիայի կողմից, առավել ևս, որ այն արդեն սկսում է խանգարել Էրդողանի մուսուլմանական աշխարհում խոշոր խաղացող դառնալու նպատակին: Իսրայելի դիրքորոշումից չի տարբերվում նաև ԱՄՆ դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության հարցում՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ միայն ԱՄՆ-ի և վերջինիս ՆԱՏՕ-ի դաշնակիցների օգնությամբ Իսրայելը կարողացավ հաստատվել որպես պետություն այդ թշնամական միջավայրում:



Այսօր նույնիսկ քաղաքակիրթ Եվրոպայում Իսրայելը ոչ մի ռազմավարական դաշնակից չունի: ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները տարբերվում են Իսրայել-Թուրքիա հարաբերություններից առաջին հերթին նրանով, որ ԱՄՆ-ն ի տարբերություն Իսրայելի աշխարհի հզորագույն պետություններից է տնտեսական, ինչպես նաև քաղաքական առումով, ուստիև այն իր դաշնակիցների հետ շփվում է բլիթի և ճիպոտի մեխանիզմն օգտագործելով: Նույն կերպ ԱՄՆ-ն վարվում է Իսրայելի հետ, ինչը ժամանակին վառ դրսևորվեց Ջո Բայդենի Իսրայել այցի ժամանակ, իսկ այնուհետև Հիլլարի Քլինթոնը կրկնեց նույնը՝ վրդովմունք հայտնելով Նեթանյահուի Արևելյան Երուսաղեմում շինարարությունը շարունակելու որոշման նկատմամբ՝ վերջ դնելով ԱՄՆ միջնորդությամբ Իսրայել-Պաղեստին բանակցություններին: ԱՄՆ-ի համար Հայոց Ցեղասպանությունն այսօրինակ ճիպոտ է Թուրքիայի դեմ, որը նա կանոնավոր կերպով օգտագործում է՝ հաջողությամբ Հայոց Ցեղասպանության հարցը մտցնելով Կոնգրես, այնուհետև նույն կերպ հանելով այն, այս անգամ իհարկե որոշակի առաջխաղացում կա:


Ներկայացնեմ ոչ վաղ անցյալից որոշ փաստեր. «Նոբելյան մրցանակակիր, բոլորի կողմից սիրելի Բարաք Օբաման խոստացավ ընդունել Հայոց Ցեղասպանությունը, եթե նախագահ դառնա, իսկ հետո հրաժարվեց անել դա և բողոքեց ԱՄՆ Սենատի արտաքին հանձնաժողովի ընդունած որոշումից»,- գրում է The Independent-ի լրագրող Ռոբերտ Ֆիսկը, ով զարմացել էր, քանզի Օբաման հրահանգել էր հանձնաժողովին նույնիսկ չբարձրացնել Ցեղասպանության հարցը, սակայն հանձնաժողովը չհանձնվեց, չնայած դա ոչինչ չփոխեց. «Իհարկե, թուրքական դեսպանին ջղաձգության պահին հետ կանչեցին, բայց մի բան պարզ է՝ ներկայացուցչական Պալատում և ԱՄՆ Սենատում բանաձևը չի քվեարկվի, և Օբաման էլ կնպաստի դրան՝ Հիլլարի Քլինթոնի հետ միասին », -գրում է Ֆիսկը: The Christian Science Monitor-ը նույնպես արձագանքեց. «252 բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահին իր ամենամյա ապրիլ 24-յան ուղերձում հնչեցնել Հայոց Ցեղասպանություն բառը, բնորոշելով այն կանոնավոր և մտածված 1,5 մլն. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանություն: Վստահ ենք, որ Օբաման երբեք էլ չի անի դա»: «Ընդունելով այդ բանաձևն ԱՄՆ-ն կնեղացնի Թուրքիային, ինչն էլ իր հերթին կվնասի ԱՄՆ շահերին: Ինչպես պարզ դարձավ կամքի ուժն ավելի թանկ արժե, քան ԱՄՆ-ն պատրաստ է վճարել: Այս բանաձևը, ինչպես նաև նախորդները, չի ընդունվի, քանզի շահերն ավելի կարևոր են, քան խիղճը, առավել ևս Թուրքիայի դեպքում, երբ այն ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունի: Հայաստանը ծովային սահման չունեցող, հետխորհրդային սինդրոմից հաշմանդամ դարձած, ազգային աճող պարտքերով երկիր է, որը ոչինչ չունի առաջարկելու ԱՄՆ-ին, բացի բարոյական բավարարվածությունից»,- գրում է The Christian Science Monitor-ը:


Ահա թե ինչ արձագանք ունեցավ բանաձևի քվեարկության առաջարկումը ԱՄՆ Սենատին ոչ վաղ անցյալում: Այսօր, իհարկե, Սենատն ընդունել է բանաձևը, սակայն դժվար է ասել սա ԱՄՆ հերթական ճիպոտն է Թուրքիայի նկատմամբ՝ հանդարտեցնելու համար Էրդողանի չհիմնավորված ամբիցիաները, թե իրականում ԱՄՆ-ն այս անգամ կգնա մինչև վերջ: Պետք է հաշվի առնել նաև Ուկրաինայի դեպքերը, քանզի վտանգ կա, որ Թուրքիան կարող է սեփական շահերից ելնելով համագործակցությունը խորացնել ՌԴ-ի հետ: ԱՄՆ-ի և Իսրայելի շահերը բոլոր քաղաքական և ռազմավարական որոշումների ընդունման ժամանակ առաջին տեղում են եղել և հիմա էլ այդպես է: Այս կարևոր աքսիոման ժամանակին առաջ է քաշել Դուայթ Էյզենհաուերը հրեական պետության հիմնադիրներից մեկի՝ Բեն-Գուրիոնի հետ միասին: Ինչպես պատմությունը ցույց է տալիս այս երկու երկրների ռազմավարական համագործակցությունը Թուրքիայի հետ հենց այդպիսին են առ այսօր: Հայաստանն այսօր պետք է շատ ավելի գործնական տրամադրվածություն ունենա՝ մի կողմ թողնելով ռոմանտիկան, երբ հայտարարություններից ոգևորված որոշ ժամանակ անց պարզվում է, որ Հայոց Ցեղասպանության հարցը ևս մեկ անգամ օգտագործվեց որևէ երկրի կողմից՝ բացառապես իր շահերի համար:



«Անալիտիկ»  կենտրոնի հիմնադիր տնօրեն Անի Հովհաննիսյան

Նույն շարքից