Վերլուծական Քաղաքականություն 

Մաքսային միություն. Հայաստանի աննախադեպ օպերատիվությունը, հեռանկարներն ու ռիսկերը

analitik.am

Հայաստանն ավելի արագ քայլերով է անդամակցում Մաքսային միությանը (ՄՄ), քան նախատեսված է ճանապարհային քարտեզով։ Այս մասին փաստել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայան: Երևանում նա հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցային այս գործընթացը կարելի է գրքի մեջ գրել՝ թե ինչպես պետք է անցկացնել բանակցությունները, ինչպիսի բարձր պրոֆեսիոնալությամբ։ Օրեր առաջ էլ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացման ժամանակացույցի 17-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:


Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ ԱՏԳ ԱԱ տասանիշ դասակարգման համակարգ, որը կհամապատասխանի «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» 2008թ. հունվարի 25-ի Համաձայնագրի պահանջներին: Առաջարկվում է օրենքն ուժի մեջ մտցնել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի ստորագրման օրվանից: Թեպետ անդամակցության քայլերը հստակ են և օպերատիվ, սակայն շատերը շարունակում են պնդել՝ տնտեսական տեսանկյունից մեզ Մաքսային միությունը պետք չէ։ Չեն ուշանում հակադարձող պատասխանները՝ պետք է, այն էլ՝ շատ։ Ինչու՞ է պետք, ինչո՞ւ՝ ոչ, որո՞նք են Մաքսային միությանը Հայաստանի անդամագրման ռիսկերն ու տեսլականները։


ՄՄ-ին անդամագրվելն անհրաժեշտ է


Այս մասին խոսակցություններ էին շրջանառվում դեռևս 2012 թվականի սկզբին։ Առաջին քայլը չուշացավ։ 2012 թ. օգոստոսի 8-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվեցին աշխատանքային խումբ ստեղծել՝ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու հնարավորությունները պարզելու համար։


2013-ի ապրիլի 10-ին Մաքսային միության հետ ստորագրվեց առաջին պաշտոնական փաստաթուղթը. Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ կնքվեց փոխհամագործակցության հուշագիր։ Իսկ նույն թվականի սեպտեմբերի 3-ին արդեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում շատերի համար անսպասելի հայտարարություն արեց՝ Հայաստանը ցանկանում է անդամակցվել Մաքսային միությանը։ Այս տարվա մարտի 29-ին ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ մեր աչքի առջև ձևավորվեց Մաքսային միություն, որը ցույց տվեց իր կենսունակությունը և արդյունավետությունը։ Իսկ մեր ապրանքների և ծառայությունների մշակման աստիճանը և խորությունը ցույց է տալիս, որ մեր տնտեսությունն այսօրվա իր զարգացվածության աստիճանով շատ ավելի մոտ է եվրասիական տնտեսական համակարգին և ՄՄ-ում ձևավորված պլատֆորմն ակնհայտորեն մեզ համար ստեղծում է հարաբերական առավելություններ՝ մեր տնտեսական ներուժն առավելագույն դրսևորելու համար:


Ըստ նախկին վարչապետի՝ պետք է միանալ ՄՄ֊ին, քանի որ այդպիսով մենք ձեռք կբերենք լրացուցիչ լիազորություններ և ազդեցության լրջագույն լծակներ․


Մեր տնտեսվարող սուբյեկտներն անխոչընդոտ մուտք են գործելու սպառողական մեծ շուկա


Անխոչընդոտ կիրացնեն ապրանքներն ու ծառայություններն այդ մեծ և հզոր շուկայում էժան հումքի հասանելիություն


Կբարձրանա ՀՀ քաղաքացիների կենսամակարդակը


Կձևավորվի աշխատուժի ազատ տեղաշարժն, ինչն էապես նվազեցնելու է արտագաղթի ռիսկը ՄՄ գործընկերների հետ ձեռք է բերվել հետևյալ քաղաքական պայմանավորվածությունները. եթե երկրներից որևէ մեկն իր տնտեսական և քաղաքական հարցերի արդիկանացման գործում արձանագրում է առաջընթաց, մյուս երկրները պետք է ձգտեն հասնել այդ նույն մակարդակին:


Սրա հետ մեկտեղ Տ. Սարգսյանը համաձայն է, որ կան ռիսկեր և բանակցություններ են իրականացվում՝ դրանք նվազեցնելու ուղղությամբ։ ՄՄ-ին անդամագրվելուն կողմ անձինք պարբերաբար հիշեցնում են գազի գինը:


Ըստ նրանց՝ չանդամագրվելու դեպքում Ռուսաստանից ստացվող գազի գինը զգալիորեն կբարձրանա: Ըստ տեղեկությունների՝ Մաքսային միության անդամ երկրների համար գործում է արտահանման հարկի վերացում: Օրինակ՝ գազի գնի մատակարարման դեպքում Հայաստանը կունենա 30 տոկոսով ավելի էժան գազ սահմանին: Սա արդեն դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ ընդհանուր սահմանների բացակայությունը կարող է անհնար դարձնել ՀՀ անդամակցությունը ՄՄ-ին, ապա Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տատյանա Վալովայան Երևանում վստահեցրել է, որ ուսումնասիրությունները ցույց են տվել՝ ժամանակակից աշխարհում ընդհանուր սահմանների առկայությունը պարտադիր չէ ինտեգրացիոն գործընթացների համար:


ՄՄ-ին անդամագրվելը լի է ռիսկերով


ՀՀ նախագահի՝ սեպտեմբերի 3-ին արած հայտարարությունից հետո Մաքսային միությանը միանալու շուրջ կրքերը թեժացած։ Բազմաթիվ տնտեսագետներ ու քաղաքական գործիչներ դեմ արտահայտվեցին այս որոշմանը։ Պատճառն այն ռիսկերն են, որոնք, ըստ նրանց, ի հայտ կգան ՄՄ-֊ին միանալուց հետո։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն, օրինակ, կարծում է, որ Մաքսային միություն ԵվրԱզԷՍ-ը դեռևս չի կայացել: Տնտեսագետը համոզված է, որ Մաքսային միությանը միանալը կարող էր ունենալ դրական կողմեր, եթե Հայաստանի տնտեսությունը զարգացած լիներ, մոնոպոլացված չլիներ, դինամիկ զարգացում ունենար և մրցակցություն լիներ: Այդ դեպքում մեր երկիրը կդիմանար այս միությունում առկա տնտեսական մրցակցությանը: «Անհանգստացնող է, որ Մաքսային միության երկների շուկան այսօր մրցակցային չէ, կոռուպցիոն ռիսկերը մեծ են, մենաշնորհներն էլ՝ շատ: Եվ այդ պայմաններում Հայաստանի տնտեսվարողները ինչպես պետք է փորձեն այդ դաշտ մտնել, դժվար է պատկերացնել»,- նշում է տնտեսագետը։ Իսկ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն ասում է, որ Հայաստանի անդամակցության խնդիրը 90 տոկոսով քաղաքական է, և միայն 10 տոկոսն է տնտեսական բաղադրատարրը:


Ու սա ծանր է անդրադառնալու Հայաստանի տնտեսության վրա: Հայաստանի կառավարությունը ընդունում է, որ անդամակցությունը Մաքսային միությանը Հայաստանում կհանգեցնի գների աճին, քանի որ մաքսատուրքերը Ռուսաստանի նախաձեռնած միությունում ավելի բարձր են, քան Հայաստանում: Իսկ մեր երկիրը ապրանքների մի զգալի հատվածը ներմուծում է Մաքսային միության անդամ չհանդիսացող երկրներից: Համենայնդեպս, միայն վերջին երեք տարիներին, ըստ ՀՀ ԱՎԾ-ի, ՀՀ առևտրաշրջանառության ավելի քան ¾-րդը կատարվում է միության անդամ չհանդիսացող երկրների հետ: Առավելագույն ինֆլացիոն ճնշումն, ըստ Կառավարության, կարող է հասնել 1.5 տոկոսի: Մեկ այլ ռիսկ է նաև դեղերի ներմուծումը: Ներկայում ՀՀ ներկրվող դեղերը ազատվում են մաքսատուրքից: Մաքսային միության անդամ դառնալուց հետո ոչ ՄՄ անդամ երկրներից ներկրվող դեղորայքի վրա կիրառվելու է միջինը 8-10 տոկոս մաքսատուրք: Իսկ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը առաջ է քաշում այն վարկածը, որ Մաքսային միությունը կարող է ռիսկային դարձնել ներդրումները: Ըստ նրա ՝ Մաքսային միության հետ կապված նոր իրավիճակ է ձևավորվում :



«Մինչև իրավիճակի պարզեցումը ներդրողները կարող են ռիսկային համարել ներդրումները: Այսինքն` ինչպես պետք է դրանից օգտվեն Մաքսային միության մեջ գտնվող երկրները եւ, ոչ Մաքսային միության մեջ գտնվող երկրների հետ մենք ինչ հարաբերություններ պետք է ունենանք: Դա կարող է ազդեցություն ունենալ՝ ոչ թե ներքաղաքական լարվածությունը, այլ նոր իրավիճակը»,- նշում է պատգամավորը: Այսպիսով, Հայաստանի ՄՄ-ին անդամագրվելու գործում անհամաչափ զարգացող տնտեսությունների փաստն ու գնաճի կանխատեսումը գլխավոր ռիսկերն են, դրանց էլ գումարվում է այն, որ միությունը կարող է ռիսկային դարձնել ներդրումները:


Սեդա Հերգնյան

Նույն շարքից