Վերլուծական Քաղաքականություն 

Ուկրաինական ճգնաժամը լուրջ խնդիր է նաև Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության համար

analitik.am

Ուկրաինայում ծավալված ճգնաժամի ֆոնին Ռուսաստանի և Ամերիկայի ու Եվրամիության միջև հարաբերությունները «սառը պատերազմի» ավարտից ի վեր ամենացածր մակարդակին են հասել: Բացի այդ, Ռուսաստանի ձեռնարկած քայլերի ազդեցությունը և հետևանքները հատում են Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների շրջանակը և մինչև առաջին հերթին Մերձավոր Արևելք ծավալվում: Ռուսաստանի կողմից Ղրիմի միակցման և Ուկրաինայի արևելյան շրջաններում հետագա ներխուժումների արդյունքում այդ երկրի ինքնիշխանության աներևակայելի արհամարհումը շփոթության մեջ է գցել աշխարհի բոլոր քաղաքական գործիչներին: Պուտինի` Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը հարգելու Վաշինգտոնի և Բրյուսելի պահանջներին չհետևելու ցանկությունը «Մեծ քսանյակի»` հինգ տարի առաջ Լոնդոնում մեկնարկած գագաթաժողովին զարկ տրված հարաբերությունների «վերբեռնման» քաղաքականության անհաջող ավարտի մասին է վկայում:

 

Այս հետընթացը զարմանալի չէ, եթե հաշվի առնելու լինենք Վլադիմիր Պուտինի իշխանավարման տարիներին Ռուսաստանի որդեգրած քաղաքականությունը: Ղրիմյան ներխուժումն ընդամենը լավ ծանոթ հետխորհրդային սագայի հերթական, թեկուզ և անհամեմատ խոշոր ու դրամատիկ քայլն է: Ռուսաստանն առաջին անգամ չէ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ներքին գործերին միջամտում, երբեմն` ռազմական գործողությունների ճանապարհով, նպատակ ունենալով թուլացնել կամ ենթակայության հասնել հարևան պետությունների նկատմամբ և ապահովել նրանց հեռացումը ԱՄՆ-ի ու արևմտաեվրոպական երկրների ուղեծրից: Սակայն հարկ է նշել, որ Պուտինի` Մոսկվայի իշխանությունը վերականգնելու փորձերը Ռուսաստանի Դաշնության «մերձավոր հարևանությամբ» չեն սահմանափակվում:

ԵՄ-ի` դեպի արևելք ընդլայնման ջանքերին հակազդելու նպատակով Պուտինը Եվրասիական միության նախագիծն է ստեղծել, որ 2015թ. պաշտոնապես կյանքի կոչվելու միտում ունի: Նախաձեռնության տնտեսական նախորդի` Ռուսաստանի կողմից ղեկավարվող Եվրասիական Մաքսային Միությանն արդեն անդամակցել են Բելառուսը և Ղազախստանը: Ձևավորվելիք Եվրասիական միության ևս մեկ թեկնածու արդեն կա` Հայաստանը, որի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի ճնշմամբ ստիպված էր 2013թ. սեպտեմբեր ամսին հրաժարվել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից: Պուտինը արդյունավետ կերպով շահարկել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ այժմ շարունակվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը` այն իր օրակարգի զարգացման լծակ դարձնելով: Ադրբեջանին զենք վաճառելու միջոցով տարածաշրջանում հակամարտության լարման հնարավորությունների մասին բաց ակնարկներով Պուտինին հաջողվել էր 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայացած գագաթաժողովին ընդառաջ համոզել Սարգսյանին, որ հրաժարվի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ երկարատև բանակցություններից:

 

Ռուսաստանի կողմից վերջերս Ղրիմի միակցման արդյունքում և այժմ էլ` ներխուժման ակնհայտ սպառնալիքի, կամ, առնվազն, Ռւկրաինայի հարավային ու արևելյան շրջաններում Ռուսաստանի փաստացի տիրապետող դիրքի պայմաններում, հիշյալ երկրի ինքնիշխանությանը լուրջ վտանգ է սպառնում: Ուկրաինական ճգնաժամը լուրջ խնդիր է նաև Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության համար, քանի որ այն արդեն ոչ միայն ռուս-ամերիկյան հարաբերությունների նշանակալի վատթարացման պատճառ է դարձել, այլ նաև կասկածի տակ է դրել երկու կողմերի` եվրոպական դաշնակիցների հետ միահունչ արդյունավետ գործելու կարողությունը: Ճգնաժամի պոտենցիալ հետևանքները ուժերի ներկայիս  գլոբալ հավասարակշռությունը թեքելու  և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև նախկին խորհրդային հանրապետություններում ԱՄՆ ազդեցությունը թուլացնելու սպառնալիք են պարունակում: Եվ չնայած ընդամենը մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ում պաշտոնյաների ու մեկնաբանների մեծ մասը կհերքեր գաղափարն այն մասին, որ «սառը պատերազմին» նման ինչ-որ բան է սկսվում, վերլուծաբաններն այժմ բացահայտ ընդունում են, որ Պուտինի` Արևմուտքի հետ սկսած «շախմատային խաղը» չափազանց նման է «սառը պատերազմին»:

 

Ռուսաստանի` Արևելյան Ուկրաինայում հրահրած ճգնաժամը դեռ շատ հեռու է իր լուծումից: Ամենայն հավանականությամբ, այն դեռ ավելի կսրվի: Ուկրաինացիները, աճող լարվածության ֆոնին, պատրաստվում են մայիսի 25-ին իրենց հաջորդ նախագահին ընտրել:

 

Այդ ընտրությունները պատմական նշանակություն ունեն երկրի համար, քանի որ արդյունքում երկիրը կարող է կամ փաստացի մասնատվել, կամ կայունությանը և անկախությանն ուղղված ճանապարհ ընտրել: 

 

Փետրվարի 28-ից Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները նաև դաժան հիշեցում են դարձել Վրաստանի և Մոլդովայի համար (ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայի մի շարք հետկոմունիստական երկրների` Լեհաստան, Լիտվա և Էստոնիա)` առ այն, թե որքան թույլ և խոցելի են նրանք Ռուսաստանի հետ հարաբերություններում:

 

Նույն շարքից