Վերլուծական Քաղաքականություն 

Ի՞նչ ի նկատի ուներ Շարմազանովը

analitik.am

Շարմազանովի վերջին հայտարարությունն այն մասին, որ ով ցանկանում է վարչապետ կամ նախագահ դառնալ պետք է անցնի Մելիք Ադամյան փողոցով, ցնցեց բոլորին,  սակայն նախ պետք է հասկանալ, թե ինչ կարող էր ի նկատի ունենալ ՀՀԿ մամլո խոսնակը:


Առաջին հայացքից թվում է, թե խոսքը գնում է ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհի մասին, ինչն արդեն անհերքելի փաստ է՝ ՀՀԿ-ից ոչ մի կերպ չի ստացվում խլել իշխանությունը, ինչո՞ւ խլել, քանզի այլ կերպ այս կուսակցությունը չի պատրաստվում լքել իշխանական աթոռը:


Շարմազանովի հայտարարության մեջ կար նաև բավականին լուրջ ենթատեքստ՝ կարծես թե նա բառացի ասաց, որ ՀՀ-ում գործող բոլոր կուսակցությունները, եթե ՀՀԿ-ի նախագիծն էլ չեն, ապա գոնե ղեկավարվում են նրանց կողմից, ուստի Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող շենքում է որոշվում՝ ով է ընդդիմություն դառնալու, ով է թեկնածություն դնելու, հետո գնալու աղոթելու և այսպես շարունակ:


ԲՀԿ-ն բավականին կոպիտ արձագանքեց, սակայն հարց միևնույն է հարց է առաջանում՝ ինչո՞ւ ԱԺ նախագահի պաշտոնում ոչ մի կուսակցություն թեկնածու չառաջադրեց, իսկ Ռուբիկ Հակոբյանն էլ հանեց իր թեկնածությունը: Գուցե բոլորի համար ընդունելի էր Գալուստ Սահակյանը որպես անհատ, սակայն ընդդիմությունը պարտավոր էր միասնական կերպով առաջ տանել իր թեկնածուին՝ ՕԵԿ-ի հետ միասին, քանզի վերջինս արդեն ընդդիմություն է դարձել, բայց եղավ այն, ինչ եղավ:

 

Այսքանից հետո զարմանալի չէ, որ Շարմազանովը պետք է նման հայտարարություն անի, քանզի եթե Հայաստանում փաստացի որևէ քաղաքական ուժ կամ ուժեր կոնկրետ քայլեր չեն անում ՀՀԿ-ի մենիշխանությանը վերջ տալու, առողջ քաղաքական մթնոլորտ ձևավորելու համար, այլ սահմանափակվում են միայն ամպագոռգոռ հայտարարություններով, իսկ պատասխանատու պահին բոլոր կուսակցությունները որոշում են, որ պետք է ազատ ընտրության հնարավորություն տան իրենց պատգամավորներին, Շարմազանովը ինչո՞ւ  պետք է լռի, առավել ևս, որ նա երբեք չի փայլել քաղաքական էթիկայի պահպանմամբ կամ գոնե  գրագետ քաղաքական պահվածքով:

 

 

Հաջորդ հարցը՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ ընդդիմության անդամ պատգամավորները միշտ ազատ կամքի դրսևորման դեպքերում կողմնորոշվում են դեպի ՀՀԿ-ն, ինչո՞ւ օրինակ ձայն չտվեցին Հրանտ Բագրատյանին, եթե այդքան անհնար էր սեփական թեկնածու առաջադրելը: Ինչպե՞ս է այդ ընդդիմությունը պատրաստվում ՀՀԿ-ի դեմ պայքարել, եթե չեն կարողանում համաձայնության գալ և միասնական թեկնածու ներկայացնել՝ արդյոք պատասխանատու պահին էլ այս նույն ամբիցիաները չեն խանգարի նրանց:

 


Եթե հարցը ամբիցիաները չեն, այլ Շարմազանովի նշած Ադամյան փողոցի վրա գտնվող գրասենյակն է, ապա այստեղ արդեն շատ ավելի լուրջ հարց է առաջանում՝ փաստորեն, եթե ՀՀԿ-ին փոխարինի քաղաքական այլ կուսակցություն, առանձնապես ոչինչ չի՞ փոխվելու դրանից, միևնույն է Մելիք Ադամյանի փողոցո՞ւմ են որոշումները կայացվելու:


Շատ կուզենայի, վստահ եմ, որ ողջ հասարակությունը նույնպես դա ուզում է, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և մասամբ ՀԱԿ-ը, քանզի անհասկանալի է ամբողջական ՀԱԿ գոյություն ունի թե ոչ, ապացուցեին վերջապես, որ իրենց իրոք ընդդիմություն կամ այլընտրանք են գործող ՀՀԿ-ին և իրենց վերաբերող որոշումները կայացվում են ոչ թե ՀՀԿ-ի, այլ  իրենց գրասենյակներում:

 

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա այն դեռ երկար ժամանակ պետք է ծախսի ապացուցելու համար, որ ոչ թե նախագիծ է, այլ ինքնուրույն կուսակցություն, իսկ Ժառանգությունը երևի թե դա չի էլ կարողանա ապացուցել, ինչքան էլ Փոստանջյանը ցնցող հարցեր տա նախագահին Եվրոպայում, առավել ևս այն փուլում, երբ Հայաստանը  պետք է ապացուցեր այդ նույն Եվրոպային, որ ժողովրդավարության բարձր աստիճան ունի:


Իսկ պարոն Շարմազանովն էլ լավ կլինի, որ մի փոքր քաղաքական արդեն հասուն մտածելակերպ դրսևորեր՝ ոչ մի կուսակցություն, որը ձգտել է մենիշխանության, երբեք հաջողության չի հասել, թերևս միայն Հյուսիսային Կորեայում է դա հնարավոր, բայց սա ֆանտաստիկայի ժանրից է Հայաստանի դեպքում, իսկ կուսակցականապաշտ, այլ ոչ թե հայրենապաշտ, գործիչներն էլ  կուսակցության ձախողումից հետո  ոչ միայն կոտրած տաշտակի առջև են հայտնվել, այլ մերժվել են բոլորի կողմից:


Հ.Գ. 21-րդ դարն է, ամբողջ աշխարհը գնում է ցանցային կառավարման, իսկ Հայաստանի իշխող կուսակցության մամլո խոսնակը  մենիշխանություն է քարոզում: 


Աննա Մինասյան

Նույն շարքից