Վերլուծական Քաղաքականություն 

Ֆրանսիական առաջնահերթություններն Ադրբեջանում և Հայաստանում

analitik.am

Ֆրանսիայի նախագահի տարածաշրջանային այցը հնարավորություն է տալիս կատարելու ամփոփումներ, ինչպես նաև նայել առաջ՝ դեպի հնարավոր նոր առաջխաղացումներն ու զարգացումները, որոնք կարող են տեղ գտնել պաշտոնական Փարիզի հարավկովկասյան օրակարգում:


Իհարկե, ֆորմալ առումով Սերժ Սարգսյանի «հրավերով» Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան, Ելիսեյան պալատի ղեկավարի կողմից ավելի շատ վերափոխվեց տարածաշրջանային ամփոփիչ և կամ խրախուսական «արշավի» Բաքու-Երևան-Թբիլիսի երթուղով: Եվ այստեղ հարկավոր է ֆրանս-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն ամբողջապես առանձնացնել, քանի որ որքան էլ Վրաստանը մաս է կազմում նույն այդ շրջանի, այն բացարձակապես այլ հարթությունում է գործում: Միաժամանակ, հակադիր ու իրարամերժ բևեռայնվածություն ունի հայ-ֆրանսիական և ադրբեջանա-ֆրանսիական փոխգործակցությունը: Փարիզն ուժ է, որը մաս է կազմում ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային միջնորդավորված գործընթացի Մինսկի խմբի շրջանակներում ու նրա հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանման ու զարգացման գրավականը կա թե Երևանի, թե Բաքվի օրակարգում: Ցավոք, սակայն կապված տարածաշրջանային ու փոքր-ինչ ավելի գլոբալ նախագծերի հետ, Հայաստանի շրջափակվածությունն ու Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների առկայությունը, Ֆրանսիայի համար ադրբեջանական շուկան դարձնում է տնտեսապես ավելի հետաքրքրական: Դա են վկայում նաև Օլանդի այցի ընթացքում տեղի ունեցած Տնտեսական համաժողովների աշխատանքները, թե Բաքվում և թե Երևանում:


Իլհամ Ալիևը բացման իր խոսքում ընդգծեց կանխատեսելի ապագայում մինչև 2, 2,5 մլրդի եվրոյի հասնող ֆրանսիական ներդրումները, իսկ Սերժ Սարգսյանը մեջբերեց Հայաստանի համեստ հաջողությունները. «Մեզ ուրախացնում է Հայաստանում հաստատված շուրջ 180 ընկերություն ներկայացնող ֆրանսիական գործարար համայնքը, որտեղ առկա են ավելի քան քսան խոշոր ձեռնարկություններ՝ այդ թվում «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Վեոլիան», «Սորը», «Ալկատելը» և ուրիշներ: Սա, անշուշտ, ենթադրում է կարևոր ներդրումներ, որոնք վերջին վեց տարիներին հատում են 1 մլրդ դոլարի շեմը՝ մոտ տասն անգամ գերազանցելով նախորդ ժամանակահատվածի ցուցանիշները:» Շեշտված թվերի տարբերությունը Հայաստանի և Ադրբեջանի համար էական են, իսկ ընդհանուր՝ ֆրանսիական արտաքին տնտեսական ներդրումների համար՝ ոչ էական: Պետք է հասկանալ, որ Ելիսեյան պալատում ով էլ լինի ղեկավար, Հարավկովկասյան երեք պետությունները մշտապես դիտարկվելու են, որպես «ընդհանուր մեկ տնտեսական տարածք, բազում խոչընդոտներով ու տարբերություններով»: Բաքուն փորձում է Ֆրանսիային ներքաշել սեփական էներգետիկ կապուղիների իրականացման նախագծերի մեջ, սակայն այդ ուղղությամբ էլ Փարիզը բազում արգելապատնեշներ է տեսնում ու դրանց թվում առաջնայինը բրիտանական (BP) էներգետիկ գերհսկայի ներկայությունն է:


Վերջինս, փորձելով քամել կիսասպառված կասպիական հորերն ու սահմանափակ ներդրումներ կատարել ռիսկային տեղանքներում կամ նախագծերում՝ միաժամանակ խուսափում է հավելյալ մրցակցությունից այլ ընկերությունների (ֆրանսիական Total, GDF Suez ու նորվեգական Statoil) ու սեփական կամքը փորձելով թելադրել ադրբեջանական կողմին: Իհարկե, նաև դրանով պետք է բացատրել նորվեգական ընկերության գրեթե ամբողջապես դուրս գալն ադրբեջանական էներգետիկ շուկայից: Միաժամանակ, 2000-ականներից արհեստականորեն կենսական պահվող «TANAP», «Շահդենիզ», «Տրանսատլանտյան» և «Տրանսադրիատիկ» նախագծերում ֆրանսիական ընկերությունները, որոնք որոշակի մասնակցություն են ունեցել սկզբնական փուլերում, այժմ արդեն գրեթե ամբողջությամբ կամ մասնակի վաճառել են իրենց մասնաբաժինը՝ համարելով դրանք ծախսատար և անհեռանկարային: Financial Times գործարար պարբերականի հաշվարկներով TANAP-ի կառուցման ծախսային մասը 7,5 մլրդ դոլարից ավել է ու հասնում է մինչև 12 մլրդի: Այս ամենի ֆոնի ներքո կարելի է հասկանալ Ֆրանսուա Օլանդի անէնտուզիազմ հայտարարությունները վերաբերվող Ալիևի ոգևորությանը կապված նույն վերոթվարկյալ նախագծերի հետ: Օլանդը շարադրեց Ֆրանսիայի դիրքորոշումն, ըստ որի Փարիզը կարևորում է Եվրոպայի էներգետիկ անկախություն ու էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացումը ու դրա շրջանակներում ուշի ուշով հետևելու է տվյալ նախագծերի իրականացման ընթացքին: Ի եզրափակում այս ամենի, կարելի է պարզապես ծանոթանալ ստորագրված երկկողմանի համաձայնագրերի ու պայմանագրերի այն ցանկին, որոնք ներկայացվել են ադրբեջանա-ֆրանսիական տնտեսական համաժողովի վերջում, հասկանալու համար, որ դրանցում էներգետիկ ուղղվածությունը բացարձակապես գոյակայություն չունի:


Փոխարեն դրան, Ֆրանսիան կփորձի ներդրումներ կատարել Ադրբեջանում կապի ոլորտում: Ինչ վերաբերում է Հայաստանի հաջողություններին, ապա դրանք շատ չեն և փորձագետները հայ-ֆրանսիական մտերմությունը շարունակաբար դիտարկում են դարավոր կապերի՝ մշակութային ու գիտական հարթություններում համագործակցության շրջանակներում՝ ազդեցիկ համարելով Ֆրանսիայում հայկական համայնքի գործոնը: Վերջինս սակայն նույն հայ-ադրբեջանական դիմակայության շրջանակներում նույնպես անմրցակից չի մնացել: Հայ համայնքի աճի հետ մեկտեղ, կրկնակի արագությամբ մեծանում է թուրքական ու ադրբեջանական սփյուռքը Ֆրանսիայում, որոնք իհարկե, հնարավոր է ոչ այնքան կազմակերպված են, սակայն առիթը բաց չեն թողնում հիշեցնելու իրենց մասին: Այս ամենի կոնտեքստում, հուսալ միայն Ֆրանսիայում հայ համայնքի ազդեցության ու միասնության, Շառլ Ազնավուրի հանճարի անմահության և «Կարֆուրի» հնարավոր բացման վրա, սխալ է ու Երևանը պետք է փորձի անել առավելագույնը չկորցնելու համար եվրոպական գլխավոր գործընկերոջը: Մեր օրերում պատմամշակութային համատեղ անցյալն ու կապերն, իհարկե, կարևոր են, սակայն երկրորդական, եթե ոչ երրորդական:


Գևորգ Ղազարյան

Նույն շարքից