Վերլուծական Քաղաքականություն 

Թբիլիսյան գագաթնաժողովի և Թուրքիայի քաղաքատնտեսական նկրտումները

analitik.am

Մայիսի 6-ին Թբիլիսիում երեք երկրների միջև կայացած գագաթնաժողովում կարևոր քննարկվող հարցը Կարս-Ախլքալաք-Թբիլիսի երկաթգծի շահագործումն էր: Կողմերը որոշեցին այն շահագործման հանձնել 2015թ-ին, վերջինս թույլ կտա Թուրքիային իր ազդեցությունն ուժեղացնել Հարավային Կովկասում: Չնայած որ Վրաստանի համար Թուրքիան հանդիսանում է համար առաջին առևտրատնտեսական գործընկերը, և նրա դիրքերը ամուր են այստեղ, այնուամենայնիվ Անկարան անհանգստանալու առիթ ունի: Սահակաշվիլիից հետո Թբիլիսին ձգտում է բարելավել և բնականոն առևտրատնտեսական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Այս քայլը կարող է սահմանափակել Թուրքիայի ֆինանսատնտեսական գործունեությունը Վրաստանում՝ թուլացնելով նրա ազդեցությունը Թբիլիսիի նկատմամբ: Վրաստանը կարևոր դեր է խաղում Թուրքիայի արտաքին քաղաքականությունում, այն հանդիսանում է Անկարայի և Բաքվի միջև կարևոր օղակ:

 

 

Ուկրաինական ճգնաժամի հետևանքով ծայր աստիճան սրված ռուս-ամերիկյան հարաբերությունները թույլ են տալիս ենթադրել երկու գերտերությունների միջև ծայր առած աշխարհաքաղաքական նոր պայքարի սկիզբ: Նման պայմաններում Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր թիկունքը՝ մասնավորապես Կովկասում և Միջին Ասիայում: Կրեմլը ձգտում է ամեն կերպ թուլացնել Արևմուտքի և Թուրքիայի կշիռը վերոնշյալ տարածքներում: Ղրիմի՝ Ռուսաստանին վերամիավորմամբ Անկարան կորցրեց իր քաղաքական ազդեցությունը թերակղզում, փորձում է փոխհատուցել այն Հարավային Կովկասում: Օգտվելով Բրյուսելի ցանկությունից՝ թուլացնել իր կախվածությունը ռուսական էներգակիրներից և կասպիական գազը այլըտրանք դարձնել ռուսականին, Թուրքիան նպատակադրվել է Եվրոպայի համար դառնալ կասպիական գազի գլխավոր տարանցիկ երկիրը:

 

 

Թբիլիսյան գագաթնաժողովը պետք է դիտարկել նաև այս կոնտեքստով, եթե Անկարային հաջողվի հասնել իր նպակատին, ապա Թուքիան ոչ միայն կուժեղացնի իր քաղաքական դերակատարությունը հարավային Կովկասում և Եվրոպայում, այն նաև կդառնա տարածաշրջանի գլխավոր խաղացողը: Սակայն դրա համար Անկարան ստիպված է հաղթահարել մի շարք քաղաքական խոչընդոտներ: Եվրոպան չի ցանկանում Անկարայի չափից շատ հզորանալը, բացի այդ հիշատակելով կասպիական գազը, Բրյուսելը նկատի ունի ոչ միայն արդբեջանական, այլ նաև իրանական գազը:

 

 

Իրանի հանդեպ պատժամիջոցների թուլացումը թույլ է տալիս Թեհրանին ակտիվորեն ներգրավվել էներգակիրների տարանցման նախագծերին: Հետաքրքրական է, որ թբիլիսյան գագաթաժողովից երկու օր անց Իրանի նավթի փոխնախարար Ալի Մաջեդին հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է գազ մատակարարել Եվրոպային: Ըստ փոխնախարարի՝ Իրանը գազ կարող է մատակարարել Սիրիայի, Թուրքիայի և Հյուսիսային ճանապարհով: Խոսքը գնում է իրանական գազը Հայաստանի, Վրաստանի և Սև ծովի հատակով Եվրոպա հասցնելու մասին: Չնայած որ այս ճանապարհն ավելի ծախսատար է, քան թուրքականը, սակայն այն ավելի անվտանգ է:

 

 

Հայտնի է որ Թուրքիայի տարածքում նավթամուղներն ու գազամուղները բազմիցս ենթարկվել են քրդական զինված ուժերի հարձակումներին: Այս հանգամանքը կարող է մեծ դեր ունենալ հետագա քաղաքական զարգացումների ժամանակ: Դրա հետ մեկտեղ Վրաստանում կթուլանա թուրքական ազդեցությունը, իսկ Երևանն ու Թբիլիսին կսերտացնեն իրենց կապերը Բրյուսելի հետ: Բայց ամենակարևորը՝ Հայաստանին կհաջողվի տարծաշրջանում դառնալ տարանցիկ երկիր, որին ամեն կերպ խոչընդոտում է Բաքուն: Սակայն այս նախագծին կդիմագրվեն ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլ նաև Ռուսաստանը՝ չցանկանալով Հարավային Կովկասում Եվրամիության ուժեղացումը: Այսպիով`  Թբիլիսիում կայացած գագաթնաժողովը կարող է հանդիսանալ էներգակիրների տարանցման քաղաքական պայքարի ակտիվացում:

 

Սարգիս Լևոնյան

Նույն շարքից