Վերլուծական Քաղաքականություն 

Հարավային Կովկասը և Իրան-Եվրամիություն գազային նախագծերը

analitik.am

Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի և Արևմուտքի միջև առաջացած քաղաքական ճգնաժամը Բրյուսելին ևս մեկ անգամ ստիպեց օր առաջ նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից: Նման պայմաններում Իրանը, որը գազի պաշարներով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը, փորձում է ակտիվ դերակատարություն ունենալ Եվրոպային էներգակիրներ մատակարարելու գործընթացում:


Արևմուտքի կողմից Իրանի տնտեսական պատժամիջոցների թուլացումը, Թեհրանի համար նպաստավոր պայմաններ է ստեղծում եվրոպական շուկա մուտք գործելու համար: Իրանի կառավարական շրջանակները հայտնել են, որ պարսկական գազը դեպի Եվրոպա հնարավոր է տեղափոխել երեք ճանապարհներով՝ թուրքական և սիրիական տարածքներով, ինչպես նաև Հարավային Կովկասով: Սիրիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմն անհնար է դարձնում այդ երկրի մասնակցությունը տվյալ նախագծում: Ինչ վերաբերում է թուրքական ուղղությանը, ապա այն համարվում է ամենակարճը և քիչ ծախսատարը: Սակայն այստեղ առկա են մի շարք քաղաքական բարդություններ: Թուրքիան իր հերթին ձգտում է կյանքի կոչել Նաբուկկո նախագիծը, որի համաձայն ադրբեջանական և հիմնականում թուրքմենական գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքով պետք է մատակարարվի Եվրոպա:


Այս նախագծի շնորհիվ Թուրքիան ոչ միայն կմեծացնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում և կամրապնդի իր դիրքերըԿենտրոնական Ասիայում՝ նվազեցնելով վերոնշյալ տարածաշրջաններում իրանական գործոնը, այլ նաև ակտիվ դերակատարություն կունենա Եվրամիության քաղաքական և տնտեսական կյանքում, որն այդքան էլ չի բխում Բեռլինի և Փարիզի շահերից: Չի բացառվում, որ Իրանը և Բրյուսելը նախընտրեն թուրքական ուղին, սակայն այստեղ պետք չէ բացառել ևս մեկ կարևոր հանգամանք.Թուրքիան ջանալով դառնալ Եվրոպայի էներգակիր ռեսուրսների գլխավոր տարանցիկ երկիր, ձգտում է իրաքյան բնական գազը ևս իր տարածքով հասցնել Եվրոպա:


Սա արդեն ուղղակիորեն հարվածում է Իրանի տնտեսական և հատկապես քաղաքական շահերին: Իրաքը, ցամաքային կապ ապահովելով Իրանի և Սիրիայի միջև, հանդիսանում է այս երկրների միակ հուսալի կապող օղակը, այդ իսկ պատճառով Իրանը չի հանդուրժի թուրքական գործոնի ուժեղացումն Իրաքում: Այս հանգամանքները հաշվի առնելով գալիս ենք այն եզրակացության, որ Իրանի և Եվրամիության քաղաքական շահերից է բխում իրանական գազը դեպի Եվրոպա տեղափոխել Հայաստանի և Վրաստանի տարածքներով և Սև ծովի հատակով: Չնայած որ այս ճանապարհը թուրքական ուղղությունից ավելի ծախսատար է, սակայն այն ամենաանվտանգն ու հուսալին է: Եթե Թուրքիայում քրդական զինված ջոկատները հաճախակի պայթեցնում են գազամուղներն ու նավթամուղները, ապա Հայաստանը և Վրաստանը զերծ են ահաբեկչական և անջատողական խմբավորումներից:


Այս նախագիծը թույլ կտա Իրանին ակտիվ դերակատարություն ունենալ Հարավային Կովկասում՝ թուլացնելով Թուրքիայի քաղաքական էքսպանսիայի հետևանքները, և բարերար ազդեցություն կթողնի տարածաշրջանում: Բացի այդ կնպաստի Եվրամիության հետ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիական և տնտեսական հարաբերությունների սերտացմանը:Եթե այս նախագիծը կօգնի Վրաստանին դուրս գալ թուրք-ադրբեջանական քաղաքական և տնտեսական ուղեծրից՝ վարելով ավելի ինքնուրույն քաղաքականություն, ապա Հայաստանի համար այն կունենա բացառիկ նշանակություն. Հայաստանն առաջին անգամ կմասնակցի տարածաշրջանային կարևոր ինտեգրացիոն և տարանցիկ նախագծերում, որը կմեղմի թուրք-ադրբեջանական շրջափակման հետևանքով առաջացած քաղաքական և տնտեսական վնասները՝ Հայաստանը վերածելով տարանցիկ պետության:


Սա կնպաստի հայկական գործոնի ուժեղացմանը և աշխարհաքաղաքական նշանակության մեծացմանը Հարավային Կովկասում: Տվյալ նախագծի իրականացումը կամրապնդի Հայաստան-Իրան տնտեսական և քաղաքական կապերը և բարերար ազդեցություն կունենա երկու երկրների համար, ինչպես նաև թույլ կտա համատեղ ուժերով դիմագրավել թուրքական ծավալապաշտական քաղաքականությանը, որը հսկայական սպառնալիք է ներկայացնում երկու երկրների համար էլ:



Սարգիս Լևոնյան

Նույն շարքից