Վերլուծական Քաղաքականություն 

Հանուն Արևմուտքի չարժե վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ

analitik.am

Ուկրաինական ճգնաժամի պատճառով Արևմուտքի և Ռուսաստանի միջև քաղաքական առճակատման պայմաններում էլ ավելի է մեծանում այն հետխորհրդային հանրապետությունների նշանակությունը, որոնք դիմագրավվեցին բոլոր քաղաքական և  տնտեսական դժվարություններին ու  հաստատակամորեն շարունակում են ինտեգրացիոն գործընթացները ԵՄ-ի հետ: Խոսքը վերաբերում է Մոլդովային և Վրաստանին, որոնք պատրաստակամորեն հանդես են եկել ի օգուտ եվրաասոցացման համաձայնագրի ստորագրմանը:


Հատկապես կարևորվում է Վրաստանը, որն իր աշխարհագրական դիրքի և Ռուսաստանի հետ ունեցած հարևանությամբ կարևոր տեղ է զբաղեցնում Արևմուտքի քաղաքական ծրագրերում:  Բիձինա Իվանաշվիլու ղեկավարած Վրացական երազանք կուսակցության իշխանության գալուց հետո որոշ չափով բարելավվեցին ռուս-վրացական հարաբերությունները: Վերականգնվեցին երկու երկրների միջև ավիաչվերթները, վրացական ապրանքները հայտնվեցին ռուսական շուկայում:


Իվանաշվիլու կարծիքով Վրաստանի ինտեգրացումն Եվրոպայի հետ չպետք է խոչընդոտ հանդիսանա ռուս-վրացական բնականոն հարաբերությունների զարգացմանը, անգամ քննարկվում էր աբխազական երկաթգծի վերագործարկման տնտեսական շահավետությունը: Սակայն Իվանիշվիլիի՝ ակտիվ քաղաքականությունից հեռանալուց հետո ռուս-վրացական հարաբերությունների մերձեցումն ինչ-որ չափով դանդաղեց:  Դեռ ավելին, մայիսի սկզբին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան պատաստակամություն հայտնեց ամերիկյան հակահրթիռային համակարգի կայանները տեղադրել Վրաստանում: Ճիշտ է Վրաստանի նախագահն ու վարչապետը շտապեցին նշել, որ նախարարի հայտարարությունը ժամանակավրեպ է, դեռ ավելին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 13-ի հնգօրյա պատերազմի ժամանակ ռուսական բանակի վերահսկողության տակ անցած Գորի քաղաքում հայտարարեց, որ Սահակաշվիլիի անխոհեմ քաղաքականության պատճառով տեղի ունեցավ ռուս-վրացական պատերազմը, որի հետևանքով Վրաստանը կորցրեց տարածքներ և ունեցավ օկուպացված շրջաններ:


Սա առաջին անգամ էր, երբ Վրաստանը պաշտոնապես և բացահայտ մեղադրեց ոչ թե Ռուսաստանին, այլ Վրաստանի նախկին իշխանություններին ռուս-վրացական պատերազմի սանձազերծման մեջ, ճիշտ է, նշելով, որ պատերազմի հետևանքով Մոսկվան օկուպացրել է վրացական հողեր:


Վրաստանը մտավախություն ունի, որ ուկրաինական դեպքերի սրնթաց զարգացմանը զուգեհեռ՝ Ղրիմի վերամիավորումը, հարավ-արևելյան շրջանների անջատողական ձգտումները, Կրեմլը կշարունակի ծավալապաշտական քաղաքականությունը Կովկասում: Նման մտավախության պատճառ հանդիսացավ Ալասանիայի արած հայտարարությունը:


Վրաստանն իր հետագա տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխիքը տեսնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու և հակահրթիռային կայաններ տեղադրելու մեջ: Չնայած դրան, Թիֆլիսը պահպանում է զգուշավոր վարքագիծ Կրեմլի նկատմամբ՝ ակտիվորեն չքննադատելով նրան ուկրաինական հարցում  և ի տարբերություն Սահակաշվիլու, որն իրականացնում է ակնհայտորեն պրոամերիկյան քաղաքականություն, այսօրվա իշխանությունները պահելով ջերմ հարաբերություններ Վաշինգտոնի հետ, ձգտում են հնարավորինս սերտեցնել քաղաքական և տնտեսական կապերը Բրյուսելի հետ: Այսպես, Վրաստանը պաշտոնապես հայտարարեց, որ եվրաասոցացման համապարփակ համաձայնագիր կստորագրի հունիսի 27-ին , որն ավելի կմերձեցնի Թբիլիսին Բրյուսելին:


Մոսկվան , որը հաշտվել է Վրաստանի քաղաքական արտաքին կուրսի հետ, շտապեց արձագանքել Թբիլիսիի որոշմանը և զգուշացրեց, որ այդ պարագայում փոփոխությունների կենթարկվեն վրաց-ռուսական առևտրա-տնտեսական հարաբերությունները: Ռուսաստանը ստիպված կլինի բարձրացնել Վրաստանից ներկրված ապրանքների մաքսատուրքը, որը կնվազեցնի վրացական արտադրանքի մրցունակությունը ռուսական շուկայում: Վրաստանը հանգիստ ընդունեց Կրեմլի նախազգուշացումը  և չփորձեց այն վերածել այն քաղաքական ճնշման կամ սպեկուլյացիայի: Թբիլիսին լավ է գիտակցում, որ ինչքան էլ սերտանան նրա հարաբերություններն Արևմուտքի հետ անհնար է հաշվի չնստել իր հսկա հարևան Ռուսաստանի հետ:


Վրացական իշխանություններն իրատես են և սթափ գիտակցում են, որ ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու համար Թբիլիսին ստիպված է լինելու անցնել երկարատև և խրթին ճանապարհ, և փաստ չէ, որ ԵՄ-ի հին անդամները կցանկանան Վրաստանին տեսնել ԵՄ լիիրավ անդամ, այդ իսկ պատճառով կարիք չկա Արևմուտքին սիրաշահելու համար անտեղի վատթարացնել ռուս-վրացական հարաբերությունները:



Սարգիս Լևոնյան

 

Նույն շարքից