Վերլուծական Քաղաքականություն 

Լռությունը համաձայնության նշան. Հայաստանի ճանապարհը դեպի Մաքսային միություն

analitik.am

Ղարաբաղի գործոնը Հայաստանի` Մաքսային միություն և Եվրասիական տնտեսական միություն անդամակցության բանակցություններում նոր երանգավորում է ստանում: Դեռ ամիսներ առաջ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նախորդ նիստում, որը տեղի ունեցավ 2013 թվականի դեկտեմբեի 24-ին Մոսկվայում, Սերժ Սարգսյանը հնչեցրեց Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն ուղղված ի պատասխան Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հարցադրման, թե ինչպես է լուծվելու Հայաստանի անդամակցության դեպքում Ղարաբաղի հետ սահմանային հարցը: «...Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հարցադրմանը հստակ պատասխանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այն է, որ Հայաստանի և ԼՂ-ի միջև մաքսակետեր չկան ու չեն էլ լինելու: Դրանից հետո Ղազախստանի նախագահը ստորագրել է ու հավանության են արժանացրել ճանապարհային քարտեզը»,- անցյալ տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսի իր խոսքում նշեց արդեն նախկին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում խոսքերը հետագայում կրկնվեցին ՀՀ գործող իշխանությունների այլ ներկայացուցիչների կողմից: Այս ամենով սակայն հարցը վերջնական լուծում չստացավ:


Սեփական պարտավորվածություններն օր առաջ գերազանց կատարող Հայաստանը, որի մասին շեշտվում էր անդամակցության բանակցությունների ամբողջ ընթացքում (հատկապես ընդգծվում էր այդ ուղղությամբ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ջանասիրությունը), Աստանա մեկնեց վստահությամբ, որ բոլոր «կնճռոտ» հարցերի պատասխանները տրված են: Այս առնչությամբ հարկավոր է իմի բերել այն գործոններն ու նախադրյալները, որոնք պատճառ դարձան Հայաստանի արտաքին քաղաքական հայեցակարգի ու ուղղվածության կտրուկ փոփոխության ԵՄ-ից դեպի ՄՄ, որն իրականում մեկն է: Ոչ միանշանակ ու ոչ հստակ, սակայն գործող իշխանությունները մատնանշեցին այդ մեկ պատճառը՝ անվտանգության նկատառումները կամ (խաղաղության պահպանումը Լեռնային Ղարաբաղում): Ասել է թե Հայաստանը գնաց դեպի Մաքսային միություն՝ վստահելով ռուսական իր գործընկերոջ հեղինակությանը ղարաբաղյան հիմնահարցում: Կարելի է կարծել, որ Երևանի արտաքին գերատեսչության համար այդ ամենն աներկբա էր:


Հայկական կողմի վստահությունը էլ ավելի էր անսասան դարձնում Աբխազիայի և Հարավային Օսիայի «դե ֆակտո անդամակցություն ու մասնակցությունը» Մաքսային միության աշխատանքներին, որը կարգավորվեց նույնպես նախորդ տարվա դեկտեմբերին շնորհիվ Պուտինի կողմից ստորագրած օրենքի ու չնայած նրան, որ Բելառուսն ու Ղազախստանը չեն ճանաչում երկու նորանկախ պետություններն, այդուհանդերձ ընդդիմանալ Մոսկվային այդ հարցում նրանք չցանկացան: Սակայն այլ էր վերջիններիս ու մասնավորապես Ղազախստանի մոտեցումը Հայաստանի ու Ղարաբաղի նկատմամբ: Արդեն միանշանակ է, որ Հայաստանի ՄՄ-ին անդամակցության բանակցությունների ամբողջ ընթացքում Ադրբեջանի գործող վարչակազմն Իլհամ Ալիևի գլխավորությամբ սերտ բանակցությունների մեջ է գտնվել ղազախական իր գործընկերների հետ, որոնց ինչ-ինչ խոստումների դիմաց պարտադրել էր ամեն հնարավոր տարբերակով ու մասնավորապես ղարաբաղյան գործոնի վրա սեղմամբ, Հայաստանին գցել ծուղակը, որն էլ կարծես թե իրականացվեց Աստանայում: Դիվանագիտական տեսանկյունից միայն զարմանալի է, թե ինչպես կարող է ռազմաքաղաքական նույն կառույցի՝ ՀԱՊԿ անդամ պետություններից մեկը (Ղազախստանը) վերջնագրի տեսքով ներկայացնի անդամ մեկ այլ պետության համար բացառիորեն թշնամի երկրի ղեկավարի նամակը՝ վերջում ավելացնելով. «Սա՝ բոլոր հարցերը հանելու համար... համաձայնության եկանք, այո՞» ... Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն քար լռություն են պահում, իսկ դրանից օգտվելով Նազարբաևը շարունակում է. «Ուրեմն առաջին հարցը համարենք լուծված ու գնանք առաջ»:



Երկխոսությունից պարզորոշ երևում է, որ բանակցային սեղանի շուրջ նստած բոլոր կողմերը տեղյակ են եղել Ալիևի նամակի մասին, սակայն ոչ Հայաստանը, կամ եթե անգամ ՀՀ բարձրաստիճան ներկայացուցիչներն տեղյակ են եղել նամակի գոյության մասին՝ ներքին վստահություն են ունեցել, որ այն չի քննարկվելու: Գործողությունների նման զարգացման պայմաններում ի՞նչ փոխվստահության ու փոխգործակցության մասին կարող է խոսք գնալ Հայաստանի և Ղազախստանի միջև, ովքեր ՀԱՊԿ-ից զատ փորձում են համատեղ ջանքերով իրագործել մեկ այլ միջպետական նախագիծ՝ այս անգամ արդեն տնտեսական: Ո՞ր գործոնները կարող են ստիպել այս երկու պետություններին գործելու նույն հարթությունում, այն դեպքում, երբ բացարձակապես այլ՝ երրորդ պետություն կարող է ներքաշվել սուվերեն երկու երկրների ու նրանց կից այլ պետությունների միջպետական գործերին: Ադրբեջանը չլինելով ներկա բանակցությունների այդ սեղանի շուրջ՝ ուղղակիորեն կարողացավ հեռակա կարգով Հայաստանի համար խոչընդոտ դառնալ ու փոխել Հայաստանի պատվիրակության օրակարգը:


Ստեղծված պայմաններում, կկարողանա արդյո՞ք Հայաստանը դասել քաղել, հասկանալու համար, որ Ռուսաստանի հետ մերձագույն հարաբերությունների պահպանումը երաշխիք չի երրորդ պետությունների դիրքորոշումները փոխելու համար: Կկարողանա՞ Հայաստանն այսքանից հետո վերադարձնել կողմերին այն նախնական դիրքին, որի դեպքում ԼՂ-ի շուրջ շահարկումներ ուղղակի չեն կարող տեղ գտնել Մաքսային միության հետ Հայաստանի բանակցային գործընթացում: Ի՞նչ քայլերի և ո՞ր լծակների վրա պետք է հույս դնի Հայաստանի, երբ հունիսին գնա բանակցությունների նույն պետությունների նույն ղեկավարների հետ, ունակ կլինի Հայաստանը պարտադրելու ապագա կառույցի անդամ պետություններին սեփական մոտեցումը ԼՂ հարցի շուրջ Աստանայում պահած քար լռությունից հետո:



Գևորգ Ղազարյան

Նույն շարքից