Վերլուծական Քաղաքականություն 

Ի՞նչ նպատակ է հետապնդում Ալիևը՝ գրոհայիններ ուղարկելով Սիրիա

analitik.am
Հունիսի սկզբներից սաստկացել է Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի վրա գրոհայինների ռմբակոծություններն ու ահաբեկչական գործողությունները, ինչի հետևանքով հակական բնակչությունն ունեցավ սպանվածներ և բազմաթիվ վիրավորներ և հսկայական նյութական վնասեր կրեց, իսկ ազգային կառույցների մեծ մասն էլ ավերված ու վնասված է: Հալեպի հայկական լրատվական գրասենյակն աշխարհին օգնության ահազանգ հնչեցրեց և մեղադրում է պատերազմական հանցագործությունների մեջ թրքախոս խմբավորումներին, որոնք հովանավորվում են Թուրքիայի կողմից: Առավել հայտնի և ակտիվ գործող խմբավորումներից են Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպությանը կից Ջաբհա ան Նուսրայի զինված ջոկատները: Այս խմբավորման մեջ ներգրավված են բազմաթիվ ադրբեջանցի ահաբեկիչներ, և ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ սկսած 2012թ.-ից Սիրիայում սպանվել է ան-Նուսրայի շարքերում կռվող 200 ադրբեջանցի գրոհային, որոնցից 100-ը միայն այս տարի: Որոշ տվյալների համաձայն Ադրբեջանի կառավարությունն է ուղղորդում գրոհայիններին Սիրիա մեկնելու հարցում՝ վճարելով նրանց ամսական 5000 դոլար:


Ադրբեջանցիների հիմնական թիրախն է Թուրքիային սահմանակից ու հիմնականում քրդերով բնակեցված Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանները և հայաշատ Հալեպ քաղաքն իր շրջակայքով: Ալիևի վարչախումբը, ինքնակամ ներքաշվելով Սիրիայի պատերազմի մեջ, հետապնդում է սեփական շահը և փորձում է ձեռք բերել ռազմաքաղաքական դիվիդենտներ: Այն, որ ադրբեջանցի վարձկանները մասնակցում են ռազմական գործողություններին՝ ադրբեջանական իշխանությունների գիտությամբ, ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում: Ադրբեջանն ավտորիտար ռեժիմ ունեցող պետություն է, և միայն իշխանությունների թողտվությամբ է հնարավոր բազմաթիվ «կամավորականների գործուղել» Սիրիա: Նման քաղաքականության գլխավոր նպատակն է ապահովել և երկարաձգել Ալիևի կլանի անվտանգ իշխանավարությունը:


Հայտնի է, որ հասարակությունը դժգոհ է երկրում Ալիևի կողմից հաստատած բռնատիրական ռեժիմից և փորձում է ինչ-որ ձևով պայքարել Ալիևի կլանի դեմ: Վերջինս բիրտ մեթոդներով պայքարում է ցանկացած ընդվզման դեմ՝ դաժանորեն ցրելով հասարակական բողոքները, բանտ նետելով իրավաշտպաններին և խաչակրաց պատերազմ մղելով այլակարծության դեմ: Նման պայմաններում բնակչության ակտիվ և իսլամիստների ոչ վերահսկելի տարրին, որը ձգտում է երկրում շարիաթական օրենքներով գործող պետություն կերտել, Ալիևը հեռացնում է երկրից՝ այդ կերպ ապահովելով իր իշխանության անվտանգությունը: Եթե այս վտանգավոր տարրը միանա ժողովրդական հուզումներին, ապա իշխանափոխության հնարավորությունը կմեծանա:


Երկրորդ կարևոր նպատակը՝ թուլացնել տարածաշրջանում հայկական և քրդական գործոնները, որոնք ինքստինքյան կնպաստեն Ադրբեջանի ավագ եղբայր Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքերի ամրապնդմանը Մերձավոր Արևելքում, բացի այդ Սիրիայում հայկական գաղթօջախները վերացնելով, Բաքուն ոչ միայն նպաստում է թրքական համերաշխությանն ու պանթյուրքիստական իղձերի իրականացմանը, այլ նաև հետապնդում է շատ պարզ ու հասարակ նպատակ. Վերացնելով հայկական սփյուռքի հարուստ, կազմակերպված և ազգային ավանդույթներով ապրող գաղթօջախները, Բաքուն թուլացնում է Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին: Ապագա հնարավոր պատերազմի դեպքում ավելի հեշտ է մարտնչել թուլացած հակառակորդի, քան ուժեղ և դրսից բոլոր տեսակի օգնություն ստացող ախոյանի դեմ: Եվ վերջապես, սերտ կապեր հաստատելով իսլամիստ ծայրահեղական կրոնական շրջանակների հետ, Բաքուն հնարավոր հայ-ադրբեջանական ռազմական հակամարտությունն արաբական աշխարհում կներկայացնի կրոնական պատերազմ և կոչ կանի իր հավատակից եղբայրներին միասնական ուժերով մարտնչել «անհավատների» դեմ: Այսպիսով՝ չի բացառվում, որ հայկական բանակի դեմ կմարտնչեն ռազմատենչ բազմաթիվ հակամարտություններում թրծված զինված ջոկատներ:

Ալիևը հետևողականորեն նախապատրաստվում է պատերազմին ոչ միայն գնելով ռուսական ժամանակակից ռազմամթերք, այլ նաև ձեռք բերելով մեզ համար վտանգավոր, բայց Ալիևին շատ անհրաժեշտ դաշնակիցներ՝ ի դեմս զինված և լավ պատրաստված ահաբեկչական ջոկատների, և այս հանգամանքը պետք է անհանգստացնի հայկական իշխանություններին:



Սարգիս Լևոնյան
 
 

Նույն շարքից