Վերլուծական Քաղաքականություն 

Քանի դեռ մենք մեզ չենք հարգում, Կիսելյովի նմանները շարունակելու են անարգել մեզ

analitik.am

Վերջին շրջանում բավականին ակտիվացել են հայ-ռուսական համագործակցության հեռանկարների մասին քննակումները, և որպես կանոն այդ քննարկումներին մասնակցում են երկու ծայրահեղական մոտեցումներ ունեցող կողմեր՝ բացառապես ռուսամետներ և բացառապես ռուսատյացներ: Արդյունքում ստացվում է այն, որ քննարկումը որպես կանոն վերածվում է բանավեճի և այդպես էլ որևէ կառուցողական հանգուցալուծում չի ստանում:


Բազմիցս քննադատվեց երեկ հայ-ռուսական խորհրդարանական ակումբի 5-րդ նիստի շրջանակներում Կիսելյովի արած հայտարարությունները՝ հայ տաքսիստների ռուսերեն չիմանալու և այլնի հետ կապված: Իհարկե, բավականին վիրավորական է ամբողջ հայ ազգի համար, երբ բացեիբաց ասում են, որ դու դե յուրե անկախ ես, բայց դե ֆակտո համարվում ես Ռուսաստանի մարզ՝ ոչ ավելին: Ինչո՞ւ է ամեն ինչ այսչափ խորացել, որ ռուսաստանյան գործիչները կարող են մեր սեփական հողում, մեր սեփական ԱԺ շենքում բառիս բուն իմաստով զրոյացնել մեր ինքնությունը և փորձել մեզ «ճիշտ ճանապարհը» ցույց տալ: Զարմանալի կլիներ, եթե այդպես չլիներ, քանզի Հայաստանն այսօր չի կարողանում Ռուսաստանին ցույց տալ և ապացուցել, որ աշխարհաքաղաքական այս բարդագույն գործընթացների ժամանակ հենց Հայաստանն է ավելի շատ անհրաժեշտ Ռուսաստանին, այլ ոչ թե հակառակը: Հայաստանը ոչ թե ցանկանում է մտնել ՄՄ, այլ այն կարծես թե աղերսում է ՌԴ-ին, որ իրեն թույլ տա մտնել ՄՄ՝ ինչո՞ւ:


Խնդիրն այստեղ այն չէ, որ մեզ ձեռնտու է կամ ոչ ՄՄ մտնելը, հարցը մոտեցման մեջ է: Ռուսաստանն այսօր խնդիրներ ունի ԱՄՆ-ի, Եվրոպայի, ինչպես նաև ժամանակին «իր սեփական երկրի մի մասը համարվող» Ուկրաինայի հետ, չնայած որ Ռուսաստանին Ուկրաինայի դեպքում հաջողվեց հաղթած դուրս գալ: Ռուսաստանին անհրաժեշտ են դաշնակիցներ, այլ ոչ թե ստրուկներ, և հենց այդ պատճառով էլ այն օգտագործում է Հայաստանին իրական դաշնակիցներ ձեռք բերելու համար, քանզի տեսնում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը կարծես թե պատրաստ չէ նման համագործակցային մթնոլորտում աշխատել՝ այն գերադասում է լինել աշխատող, այլ ոչ թե գործընկեր, այդպես ավելի հեշտ է: Իհարկե, կարող ենք քննադատել, ցեխ շպրտել և վիրավորել նույն Կիսելյովին կամ այլ ռուսների, ովքեր բավականին վիրավորական և կոշտ տեքստեր են հնչեցնում հայերի վերաբերյալ և հենց հայերի մոտ, բայց չէ՞ որ նույն հայ գործիչները լռում են, գլուխները կախում և փորձում անկյունում թաքնվել, որպեսզի իրենց չպատժեն...


Եվ, իհարկե, ռուս գործիչները շարունակելու են նույն կերպ իրենց պահել, իսկ եթե այսպես շարունակցի, հետագայում էլ արդեն կարող են հայերի և Հայաստանի մասին վիրավորական արտահայտություններ անել օրինակ Մոզամբիկի ներկայացուցիչները և փորձեն մեզ ցույց տալ, թե ինչպես պետք է ապրենք և ինչ անենք: Խնդիրն այստեղ ոչ Ռուսաստանի, և ոչ էլ ռուսների մեջ է, այլ մեր մեջ է, ու քանի դեռ մեր բարձրաստիճան պաշտոնյաները հանուն փողի հանդուրժում են ամեն ինչ՝ անգամ սեփական ազգի նկատմամբ վիրավորանք, արհամարհանք, իրոնիա և այլն, մենք չենք կարող ստիպել այլ ազգի ներկայացուցիչներին՝ թեկուզ մեզ դաշնակից, հարգանքով արտահայտվել մեր ազգի և պետության նկատմամբ:


Քանի դեռ մեր բյուջեի միջոցները մսխվում են, այլ ոչ թե ծախսվում ըստ նպատակների առաջնահերթության, ՌԴ-ն մեզ վերաբերվելու է մեզ ոչ թե որպես դաշնակից պետության, այլ որպես մուրացկան գողի: Մեր ազգի ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը չի հանդուրժում նման վերաբերմունքը: Իրականում այդ նիստից պետք է ոչ թե Կիսելյովը 15 րոպե անց հեռանար, այլ նման արտահայտություններ լսելուց հետո՝ թեկուզ, եթե քաջություն էլ չունեին հակադարձելու, պետք է հեռանային նույն պատգամավորները, սակայն նրանք իրենց տաքուկ տեղերը երբեք չեն փոխի ազգի և իրենց սեփական ինքնասիրության հետ... Որպես կանոն նման քաղաքական և պետական գործիչները երկար կյանք չեն ունենում...




Ա. Հովհաննիսյան

Նույն շարքից