Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Արաբական խալիֆայության ռենեսանսի արևածագը

analitik.am

Նախորդ դարի 90-ականներին մեծ արձագանք գտավ քաղաքագիտական և փորձագիտական շրջանակներում Հարվարդի համալսարանի ռազմավարական հետազոտությունների բաժնի տնօրեն պրոֆեսոր Սեմուել Հանտինգտոնի «Քաղաքակրթությունների բախում» հոդվածը: 


Հանտինգտոնի կարծիքով արևմտյան արժեհամակարգի հաղթարշավն ու ընդլայնումը դեպի արևելք առաջ է բերելու իսլամական աշխարհի հակազդեցությունը: Իսլամական աշխարհի համար, որտեղ իշխում են համայնքային ոգու, ավագ սերնդի և ընտանիքի ղեկավարի անառարկելի հարգանքն ու ավանդապահության արժեքները խորթ են անհատականության, մարդու իրավունքների, շուկայական հարաբերությունների և այլ լիբերալ արժեքները: Արևմտյան ապրելակերպի հաստատման փորձերն արևելքում բնակչության լայն շրջանակներում ի հայտ կբերեն մեծ շարժում, որի նպատակը կհանդիսանա վերադարձ ազգային, պատմական ու մշակութային ակունքներին և անզիջում պայքար արևմտյան արժեքների դեմ:


Այս պայքարում առաջնային տեղ կզբաղեցնի կրոնական գործոնը: 2001թ. սեպտեմբերյան ահաբեկչությունից հետո իսլամական աշխարհը՝ ի դեմս ահաբեկչական կազմակերպությունների, որտեղ գլխավոր տեղ է զբաղեցնում Ալ-Քաիդան, բացահայտ պատերազմ հայտարարեց Արևմուտքին: Ծայրահեղ իսլամիստ ահաբեկչական զինված ուժերը ձգտում են վերականգնել Արաբական խալիֆայություն թեոկրատական պետությունը, որտեղ կգործեն շարիաթի օրենքները:


Արաբական երկների ավտորիտար առաջնորդները կարողանում էին զսպել ծայրահեղ իսլամիստներին՝ կոշտ միջոցներով պայքարելով նրանց դեմ: Այդ առաջնորդներից էին Իրաքում՝ Սադամ Հուսեյնը, Լիբիայում՝ Քադաֆին, Եգիպտոսում՝ Հուսնի Մուբարաքը, Սիրիայում՝ Բաշար ալ Ասադը, որը շարունակում է իր հոր՝ Հաֆեզ ալ  Ասադի քաղաքական գիծը:


Սակայն ի տարբերություն  Սադամ Հուսեյնի, Կադաֆիի և Մուբարաքի, որոնք տապալվեցին, Բաշար ալ Ասադը շարունակում է պայքարել: Վերոնշյալ երկրներում՝ բացառությամբ Եգիպտոսի,  երկրի ղեկավարների տապալման գորրծում ակտիվ մասնակցություն ունեցան արևմտյան տերությունները:


Արևմտյան պետությունների անշրջահայաց քաղաքականության հետևանքով Մերձավոր Արևելքը վերածվեց քաոսի, որտեղ սովորական են դարձել միջցեղային հակամարտությունները և սհաբեկչական գործողությունները: Տապալելով արաբական երկրների բռնապետերին՝ նոր իշխանությունները և արևմտյան երկրներն ի վիճակի չեղան ստեղծել այդ երկրներում կենսունակ կառավարման համակարգ: Լիբիայում փաստացի չկա կետրոնական իշխանություն, երկիրը բաժանված է երեք հատվածի / Տրիպոլիտանիա, Ֆեցան, Կիրենաիկա/, նմանատիպ իրավիճակ է նաև Իրաքում՝ երկիրը բաժանված է քրդերի , սուննի և շիա արաբների միջև:


Նման «բարենպաստ» պայմաններում ակտիվ ռազմական գործողություններ ծավալեցին իսլամիստ ծայրահեղական խմբավորումները, որոնք ձգտում են Մերձավոր Արևելքում ստեղծել իսլամական խալիֆայություն: Վերջիններս մարտնչում են ոչ միայն կառավարական ուժերի դեմ, որոնք ձգտում են պահպանել տվյալ երկներում աշխարհիկ կարգերը, այլ նաև Արևմուտքի՝ հատկապես ԱՄՆ-ի դեմ, որին մեղադրում են արաբական աշխարհում տիրող ներկայիս ծանր վիճակի մեջ: Դրա վառ ապացույցն էր Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանի սպանությունն իսլամիստների կողմից:


Հունիսի 10-ին Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետության զինյալ ջոկատները գրավեցին Իրաքում Մոսուլ քաղաքը՝ պատանդ վերցնելով թուրքական հյուպատոսին  և մոտ 40 աշխատակիցների: Այս զինյալ ուժերը մարտնչում են Ասադի կառավարական ուժերի դեմ, նրանց վերահսկողության տակ է Իրաքի կենտրոնական հատվածը և Սիրիայի՝ Իրաքին սահմանակից, հյուսիս-արևելյան շրջանները: Իրաքի շիիթական կառավարությունը համատարած զորահավաք է հայտարարել, քանի որ Բաղդադի անկման վտանգ կա, իր հերթին Իրաքի քրդերը փորձում են պաշտպանել Քիրքուքը հնարավոր հարձակումներից: Իրաքի կառավարությունն օգնություն է խնդրել Վաշինգտոնից, Օբամայի վարչակարգը խոստացել է աջակցել բոլոր միջոցներով, սակայն զորքեր չի ուղարկի:


Մոսուլի գրավումը զինյալների կողմից ստիպեցին ԱՄՆ-ի նախկին  պետքարտուղար  Հիլարի Քլինթոնին խոստովանել, որ ԱՄՆ-ի ներխուժումն  Իրաք սխալ էր, և ինքը զղջում է, որ համաձայնություն է տվել որպես կոնգրեսական այդ նեխուժմանը: Այս պատերազմական իրավիճակը, որը խլելու է  բազմաթիվ մարդկանց կյանքեր և վերջնականապես ավերելու է երկրի տնտեսությունն, ունենալու է երկարաժամկետ բնույթ՝ ողբալի հետևանքներ թողնելով տարածաշրջանում:


Սարգիս Լևոնյան

Նույն շարքից