Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի Արևելք սպառնում է Ռուսասատնի ազգային անվտանգությանը

analitik.am

 Հունիսին Վարշավայում քննդատելով Ռուսաստանին` Օբաման նշեց, որ մեծ երկրները  չպետք է ահաբեկեն փոքր երկրներին և մի գրչի հարվածով պետության տարածքները մասնատեն: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ նախագահը հաստատեց, որ դաշնակիցների անվտագությունն ԱՄՆ-ի սրբազան պարտքն է:

 

Անցած շաբաթ Օբաման դիմեց Սենատին, որպեսզի վերջինս  1մլրդ դոլար հատկացնի Արևելյան Եվրոպայի երկրների անվտանգությունն ուժեղացնելու համար: Նույն այդ ժամանակ  ՆԱՏՕ-ն առաջարկեց ստեղծել հիմնադրամ, որը կհզորացնի Ուկրաինայի պաշտպանական համակարգը: Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի դիրքերի ամրապնդման Վաշինգտոնի վարած քաղաքականությունը չէր կարող անտարբեր թողնել Մոսկվային: Հավաքական Անվտանգության Պայմանագրի կազմակերպությունը սառեցրեց ՆԱՏՕ-ի հետ բոլոր հարաբերությունները:

 

Մոսկվան բազմիցս նշել է, որ թույլ չի տա Ուկրաինայի անդամակցումը հյուսիս-ատլատյան ռազմական բլոկին: Կրեմլի կոշտ դիրքորոշմանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռամուսենը պատասխանել է, որ ՆԱՏՕ-ն վարում է բաց դռների քաղաքականություն և չի կարող արգելել որևէ երկրի անդամակցել կազմակերպությանը:

 

ՆԱՏՕ-ի նման քաղաքական կեցվածքը, որտեղ հաշվի չեն առնվում Ռուսաստանի ազգային շահերը, էլ ավելի են նյարդայնացնում Կրեմլին: Վաշինգտոնը հստակ մտադրված է իր ռազմաքաղաքական ուղեծրում ներառել Ուկրաինան,  ինչպես նաև մեծացնել ռազմական ներկայությունը Սև և Բալթիկ ծովերի ավազանում: Նման ճանապարհով Միացյալ նահանգները լուծում են երկու կարևորագույն խնդիր. Առաջինը՝ չեզոքացնում է Ռուսաստանի և հյուսիս-ատլանտյան դաշինքի միջև գոյություն ունեցող բուֆերային գոտին, իսկ երկրորդն՝ իրականացնում է «Անակոնդա» կոչվող ռազմավարությունը: Այս ռազմավարության նպատակն է վերահսկողություն հաստատել ծովային ափամերձ տարածքներում՝ շրջափակման մեջ պահելով մրցակից երկրին և խոչընդոտելով նրա նավատորմի ազատ տեղաշարժը բաց ծովում:

 

Նման ճանապարհով հակառակորդը զրկվում է ստրատեգիական նախաձեռնությունից, և գլխավոր ուժերը, պարփակված լինելով մայրցամաքում, ի վիճակի չեն լինում պատասխան հարված հասցնել թշնամուն: Միացյալ Նահանգների ծրագրերի իրականացմանը նպաստում են հետխորհրդային հանրապետությունների՝ դաշինքին միանալու անթաքույց ձգտումները:  Վերջիններս Ռուսաստանի ծավալապաշտական քաղաքական նկրտումները դիտարկում են որպես սեփական երկրի պետականության և տարածքային ամբողջականության սպառնալիք: 

 

Ուկրաինան և Վրաստանը բացահայտ հայտարարում են, որ հետևելու են մերձբալթյան հանրապետություններին ու անդամագրվելու են ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը  փայլուն կերպով գիտակցում է իր համար ստեղծված անբարենպաստ իրավիճակի լրջությունը և փորձում է հակազդող քայլերով ձախողել Վաշինգտոնի մտադրությունները:

 

 

Սրանով կարելի է բացատրել Եվրամայդանի  հաղթանակը, ինչպես նաև Մոսկվայի կողմից ձեռնարկած Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին:  Հակառակ պարագայում չէր բացառվում Ուկրաինայի նոր իշխանությունների պահանջի առաջադրումը, որն է դուրս բերել ռուսական Սև ծովյան նավատորմը Սևաստապոլից, որի հետևանքով Ռուսաստանը կկորցներ իր գերիշխող դիրքը Սև Ծովում և կսեղմվեր ծովի հյուսիս-արևելյան հատվածում՝ ռազմավարական տեսանկյունից հայտնվելով  անբարենպաստ դիրքում:

 

 

Բացի այդ, Ռուսաստանը հզորացնում է իր ռազմածովային նավատորմը՝ շեշտը դնելով տախտակամածային ավիացիայի վրա: Կրեմլի հաջորդ կարևոր խնդիրն է բուֆերային գոտու պահպանումը, որոնք Բելառուսը  և Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններն են, որոնց  ռուսախոս բնակչությունը դեմ է Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելուն, իսկ զինված անջատամետ ուժերն էլ իրենց հերթին  պայքարում  են Կիևի իշխանությունների դեմ:

 

 

Վաշինգտոնի կողմից ձեռնարկած հակահրթիռային պաշտպանական համակարգերի տեղակայումը Խարկովում կամ Դոնեցկում, Կրեմլի համար կվերածվի գիշերային մղձավանջի, քանի որ թիրախի տակ կհայտնվեն խոշոր արդյունաբերական շրջաններն ու կարևորագույն ռազմական կենտրոնները:  Հարձակման դեպքում ռուսական կողմը չի հասցնի  պատասխան հարված տալ: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ  Ուկրաինայում ծայր առած ներքաղաքական ճգնաժամը հետզհետե վերածվում է  գերտերությունների աշխարհաքաղաքական անհաշտ պայքարի, որը կարող է ունենալ անկանխատեսելի և վտանգավոր հետևանքներ:

 

 

Սարգիս Լևոնյան

Նույն շարքից