Քաղաքական Վերլուծական 

Լևոն Հայրապետյանը հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման առաջին զոհը

Հայազգի մեծահարուստ և բարերար Հայրապետյանի՝  Մոսկվայի օդանավակայանում ձերբակալությունը մեծ դժգոհություն առաջացրեց հայաստանյան հասարակական և քաղաքական լայն շրջանակներում: Անմասն չմնաց Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որն իր դժգոհությունը հայտնեց ձերբակալման փաստի վերաբերյալ և նշեց, որ ձգտելու են փոխել Հայրապետյանի խափանման միջոցը:

 

Տարօրինակ է, որ հայաստանյան իշխանությունները սահմանափակվեցին միայն վարչապետի բարոյական աջակցությամբ և չձեռնարկեցին ոչ մի դիվանագիտական և քաղաքական քայլեր, որպեսզի պարզեն ձերբակալության հանգամանքները:  Սակայն խոսքը գնում է մի մարդու մասին, որն իր գործունեությամբ ամրապնդել է Արցախի Հանրապետության անկախությունն ու անվտանգությունը, նպաստել է հայկական 2-րդ պետության պետականության  ուժեղացմանը և տնտեսության զարգացմանը: Ռուսաստանի իրավապահ մարմինները հայտարարում են, որ հայազգի գործարարին ձերբակալել են փողերի յուրացման և ապօրինի եղանակով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու կասկածանքով,  իհարկե չի բացառվում , որ վերջինս խոչընդոտ է հանդիսացել ռուսաստանյան տնտեսական որոշ շրջանակների համար: Այն ամենով հանդերձ դժվար է բացառել Լևոն Հայրապետյանի ձերբակալության քաղաքական դրդապատճառների գոյությունը:


 

Լևոն Հայրապետյանն այն անձը չէր, որ առանց Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաների գիտության նման վերաբերմունքի արժանանար: Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Պուտինին, ապա դժվար թե նա մանրամասն տեղյակ լիներ այս գործից. Լատինական Ամերիկայի բազմազբաղ և տանջալից ուղևորությունից հետո Պուտինը ներքաշվեց մալազիական օդանավի կործանման պատճառով առաջացած քաղաքական ճգնաժամի մեջ: Հնարավոր է, որ հենց այս հանգամանքից էլ օգտվեցին ռուսաստանյան որոշ ուժեր, որոնք սերտ համագործակցում են Ադրբեջանի հետ, և իրականացրեցին Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը:


 

Հայ ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը համոզված է, որ այս ձերբակալության հետևում կանգնած են Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները, դժվար է չհամաձայնել փառապանծ գեներալի կարծիքի հետ:

 

Ձերբակալության քաղաքական պատճառների բացահայտման համար բավարար է վերհիշել մինչ այդ տեղի ունեցած ռազմաքաղաքական իրադարձությունները: Հուլիսի 1-ին Հայաստանը ոչ միայն չդարձավ Մաքսային  միության անդամ, այլ նաև անորոշ ժամանակով հետաձգվեց ՀՀ-ի անդամակցումը: Որպես պատճառ հիմնականում բերվեց Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետի տեղադրման պայմանը, ինչպես նաև Ռուսաստանի և Ղազախստանի ցանկությունը Հայաստանի հետ միաժամանակ Եվրասիական միության հետ ներառել Ադրբեջանին:

 

Հասկանալի է, որ Ռուսաստանի նման վերաբերմունքը դժգոհություն առաջացրեց Երևանում, իսկ եթե դրան գումարենք Հայաստանի նախագահի Արգենտինայում հայտնած մտահոգությունը՝ կապված Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառած հսկայական զինատեխնիկայի հետ, ապա պարզ է դառնում, որ հայ-ռուսական հարաբերությունները հեռու են դաշնակցային և գործընկերային հարաբերություններ լինելուց:

 

Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից ձեռնարկած լայնածավալ զորավարժությունների և հայկական տարածքներում դիվերսիոն գործողություններից հետո:

 

Այս ամենը վերլուծելով գալիս ենք այն եզրահանգման, որ լեգանդար Կոմադոսի համոզմունքը հեռու չէ ճշմարտությունից:  Ազգայնամոլ շովինիզմով տառապող ռուսական որոշ բարձրաստիճան պաշտոնյանների շրջանակներում (Ռուս-ադրբեջանական տնտեսական հանձնաժողովի նախագահ Ռոգոզին, ՌԴ նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Գլազև, քաղաքագետ Մարկով և այլոք) խիստ զայրանում են, երբ իրենց կարծիքով թույլ ու խղճուկ հայ ազգը, որն իր գոյությունը պահպանում է Ռուսաստանի շնորհիվ, չի ցանկանում զոհաբերել իր ազգային շահը հանուն ռուսական ծավալապաշտական կարճաժամկետ շահի:


 

Այս ձերբակալությունը մի կողմից մեսիջ է հայաստանյան իշխանությունների համար, որ նրանք այս ու այնտեղ դժգոհություններ չհայտնեն Ռուսաստանի վարած քաղաքականությունից:  Եթե հայ հասարակությունը ցանկանում է օր առաջ ազատության մեջ տեսնել հայ անվանի ազգային գործչին, ապա  պարտավոր է իր հուժկու բողոքի ձայնը հայտնել հավատարիմ դաշնակցին՝  սթափեցնելով նրան և հասկացնելով, որ անթույլատրելի է վիրավորել ցանկացած ազգի ազգային արժանապատվությունը:



Սարգիս Լևոնյան

Նույն շարքից