Հուլիսի 17-ին ռուս-ուկրաինական սահմանի մոտ կործանված մալազիական քաղաքացիական ինքնաթիռը ցնցեց միջազգային հանրությանը: 298 կյանք խլած ավիավթարն էլ ավելի սրեց Ռուսաստան-Արևմուտք քաղաքական առճակատումը: Ավիավթարից անմիջապես հետո պաշտոնական Կիևը և Վաշինգտոնը ինքնթիռի կործանման մեջ մեղադրեցին ռուսամետ անջատողական ուժերին, իսկ անջատողականներն էլ մերժեցին մեղադրանքները, նշելով, որ նման բարձրության վրա օդանավերին հարված հասցնելու հնարավորություն չունեն: Մալազիական ինքնաթիռի կործանման հետ կապված երկու վարկած է շրջանառվում՝ առաջինը, որ այն հարձակման է ենթարկվել օդում СУ-25 գրոհային ինքնաթիռի կողմից, և երկրորդ՝ ինքնաթիռը խփվել է ցամաքից БУГ տեսակի զենիթահրթիռային կայանի կողմից, որոնք առկա են թե ռուսական, թե ուկրաինական զինված ուժերում:
Բազմաթիվ ռազմական փորձագետներ համոզված են, որ ինքնաթիռը խփվել է БУГ զենիթահրթիռային կայանից, այս տեսակետը կիսում են նաև Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները՝ ավելացնելով միայն, որ հրթիռն արձակվել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքից:
Ամերիկյան հետախուզության տվյալների համաձայն, չնայած ուղղակի հանցանշաններ չկան, որ Ռուսաստանն առնչություն ունի օդանավի կործանման հետ, Մոսկվան է պայմաններ ստեղծել ինքնաթիռը վայր գցելու համար, ինչի համար էլ պատասխանատվություն պետք է կրի:
Այսպիսով՝ անկախ կործանված օդանավի ինքնգրերի տվյալների, Արևմուտքը Ռուսաստանին հանցակից է ճանաչում տեղի ունեցած օդային աղետի մեջ: Կիևն էլ շտապեց հայտարարել, որ ինքնահռչակ հանրապետության աշխարհազորայինները սովորական ահաբեկիչներ են, իսկ Ռուսաստանն էլ հովանավորում է այդ ահաբեկիչներին: Այս կերպ Կիևը փորձում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ պայքարում է ոչ թե անջատողականների և քաղաքացիական բնակչության, այլ ահաբեկչական խմբավորումների դեմ՝ հուսալով ստանալ Արևմուտքի բարոյական աջակցությունը և չեզոքացնել այն դժգոհությունները, որոնց համաձայն ուկրաինական բանակի գործողությունների հետևանքով անմեղ մարդիկ են զոհվում և ավերվածություններ են տեղի ունենում քաղաքացիական բնակավայրերում:
ԱՄՆ-ն էլ իր հերթին հորդորում է եվրոպական երկրներին խստացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները և քաղաքական միջավայրում մեկուսացնել Ռուսաստանին: Օբամայի վարչակազմի համար ուկրաինական ճգնաժամը միակ փրկօղակն է ամերիկյան քաղաքական շրջանակներից հնչող անդադար քննադատությունները մի կողմ նետելու համար:
Ամերիկյան էսթեբլիշմենտն Օբամային համարում է թույլ և անհաջողակ առաջնորդ: Սիրիայում Ասադի և կառավարական ուժերի հաջողությունները, ինչպես նաև Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին համարում են Օբամայի ձախողումները: Օբաման մինչև վերջ չկարողացավ հաստատակամորեն հետևել իր որդեգրած քաղաքականությանը և ամենակարևոր պահին ընկրկեց Սիրիայում ռազմական գործողություններ սկսելուց, Ղրիմի հարցում էլ ոչինչ չձեռնարկեց՝ թերակղզու Ռուսաստանին միացմանը խոչընդոտելու համար:
Այս պարագայում Օբաման ստիպված է ցույց տալ, որ ուժեղ և սկզբունքային առաջնորդ է, ուստի ամեն կերպ ձգտում է պատժել Կրեմլին ավիավթարի, ինչպես նաև ռուսամետ անջատողականներին աջակցելու համար:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու պահանջներից անմասն չի մնում նաև Ավստրալիան, որին ինչ որ տեղ կարելի է հասկանալ, քանզի օդանավում կային երեք տասնյակից ավել ավստրալիացիներ, և Կանբերան ցանկանում է պատժել մեղավորին: Սակայն մի փոքր ավելի խորը դատելիս, պարզ երևում է, որ ավստրալիական իշխանություններն առաջին հերթին տնտեսական շահեր են հետապնդում. Ռուսաստանն ու Ավստրալիան սուր մրցակցության մեջ են ճապոնական էներգետիկ շուկայում հաստատվելու համար, երկու երկրները հեղում գազ են մատակարարում Ճապոնիա, սակայն Ռուսատանը ցանկանում է դեպի Ճապոնիա գազատար խողովակ կառուցել և բնական գազ մատակարարել վերջինիս՝ նման ձևով ձեռնունայն թողնելով Ավսրալիային:
Հասկանալի է, որ Ռուսաստանի նման գործելաոճը Կանբերային չի կարող դուր գալ, և ոլորտային պատժամիջոցները խոչընդոտ կհանդիսանան գազատար խողովակի կառուցման համար:
Ինչպես միշտ, մարդկային ողբերգությունն աշխարհի պետությունները փորձում են օգտագործել տնտեսական և քաղաքական շահերի համար, իսկ թե ովքեր ավիավթարի իրական մեղավորները, և ինչ պատիժ պետք է կրեն, երկրորդ պլան է մղված: Թե Արևմուտքի, թե Ռուսաստանի և թե ԱՄՆ-ի ու մնացած երկրների համար կարևորը քաղաքական շահերն ու դիվիդենտներն են:
Սարգիս Լևոնյան