Վերլուծական Ռազմական Հասարակություն 

Ադրբեջանի բանակի ռազմական անհաջողությունները և Բաքվի լիակատար ֆիասկոն

Սահմանի երկայնքով ադրբեջանական բանակի ծավալած ակտիվ ռազմական գործողությունները վերահաստատեցին այն ենթադրությունները, որ թշնամու զինված ուժերն ի վիճակի չեն պարտության մատնել հայկական կողմին: Թշնամու բանակի աննախադեպ ռազմական ակտիվության հանգամանքը պետք է կապել Ադրբեջանի նորանշանակ պաշտանության նախարարի գործոնի հետ: Վերջինս, բացառելով երկրորդ հայկական պետության գոյությունը, ձգտելով ապացուցել Իլհամ Ալիևին, որ իր օրոք բանակը դարձել է ավելի մարտունակ ու հուսալի՝ դիմեց նման արկածախնդիր քայլի, որի արդյունքում Ադրբեջանը կրեց լիակատար ձախողում: Գնդակոծելով հայկական դիրքերը տարբեր տրամաչափի գնդացիրներով և հրաձիգներով, ինչպես նաև իրականացնելով մի շարք հետախուզադիվերսիոն գործողություններ՝  թշնամին, տալով 25 սպանված և 30-ից ավելի վիրավոր, չկարողացավ գրավել հայկական դիրքերից որևէ մեկը:


 

Ցավոք սրտի,  հայկական կողմը ունեցավ 6 զոհ, սակայն մեր բանակն ապացուցեց, որ ի վիճակի է կատարել իր առջև դրված ռազմական գլխավոր պարտականությունը՝ անառիկ պահել հայկական սահմանը թշնամու հնարավոր հարձակումներից:


 

Օգտվելով այն հանգամանքից, որ գերտերությունների ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է ուկրաինական ճգնաժամի վրա՝ ադրբեջանական բանակը հուլիսի սկզբներին իրականացրեց լայնամասշտաբ զորավարժություններ, որից հետո ադրբեջանական բանակի բարձրաստիճան սպայական անձնակազմը ցանկացավ զինված ուժերի մարտունակությունը ստուգել ռազմական իրական գործողություններում: 


Որպեսզի պարզ դառնա ադրբեջանական բանակի ներուժի իրական մակարդակը, կարելի է համեմատություն անցկացնել 2008 թ. ռուս-վրացական հնգօրյա պատերազմի կորուստների տվյալների հետ: Ըստ պաշտոնական տվյալների՝ վրացական զինուժը տվել է 170 սպանված, ռուսական բանակը՝ 67, իսկ հարավօսեթական զինված ջոկատներն ու աշխարհազորն ունեցել է մոտ 150 զոհ: Եվ սա այն պարագայում, որ ռազմական գործողությունների ամբողջ ընթացքում կողմերն ակտիվորեն կիրառել են զրահատանկային ստորաբաժանումները, ժամանակակից զենիթահրթիռային հրետանային կայանները, ինչպես նաև՝ օդուժը: Մեր պարագայում, բացառությամբ հրաձգային  խոշոր տրամաչափի գնդացիրային զինտեխնիկայի,  այլ տեխնիկա չի կիրառվել: Այս ամենը համադրելով՝ նկատում ենք, որ ադրբեջանական կորուստները չափազանց շատ են:


Յուրաքանչյուր բանակ իր երկրի ճշգրիտ արտացոլումն է: Բռնապետական և կոռումպացված պետություններիի բանակները, որպես կանոն, ժամանակակից պատերազմների ընթացքում կրում են պարտություն: Այդպիսին էին 1974 թ. Հունաստանն ու 1982 թ. Արգենտինան, որտեղ իշխանության գլուխն էին կանգնած ռազմական խունտան, երկու երկրների բանակներն էլ պարտություն կրեցին, առաջինը՝ Կիպրոսում, երկրորդը՝ Ֆոլկլանդյան կղզում:


Իհարկե, մեր երկիրը հեռու է դասական ժողովրդավարական երկիր կոչվելուց և զերծ չէ կոռուպցիայից, սակայն Հայաստանը չի կարող համեմատվել Ադրբեջանի հետ: Բացի այդ, ի տարբերություն ադրբեջանցիների, հայերի մոտ առավել ուժեղ է զարգացած ինքնապահպանության բնազդը: Ադրբեջանը, շնորհիվ իր նավթադոլարների, ի վիճակի է գնել մեծաքանակ ժամանակակից գերճշգրիտ հարձակողական զինատեսակներ, սակայն պատերազմում հաղթանակը կերտում են զինվորների շնորհիվ՝ իրենց մարտական բարձր պատրաստակամությամբ և հոգու աննկուն արիությամբ, իսկ այդ հարցում ադրբեջանցիները բացահայտորեն զիջում են մեր մարտիկներին:

Սահմանային միջադեպերը Բաքվի քարոզչամեքենան կձգտի օգտագործել ի շահ իշխող կլանի՝ փորձելով համոզել ադրբեջանական հասարակությանը, թե շնորհիվ Ալիևի հմուտ կառավարման՝ երկիրը զերծ մնաց «հայկական ագրեսիայից» և զարգացավ Ադրբեջանի տնտեսությունը, իսկ այն քաղաքական ու հասարակական ուժերը, որոնք պայքարում են Ալիևի վարչակազմի դեմ, ցանկանում են Ադրբեջանի տնտեսության կործանումն ու երկրի մասնատումը:


Իհարկե, որոշ ժամանակ նման քարոզչությունը կտա իր օգուտները, սակայն  կգա մի պահ, երբ հասարակ քաղաքացին հարց կտա՝ ու՞ր է ադրբեջանական անհաղթ բանակը, որը զինված լինելով ժամանակակից տեխնիկայով՝ մի կերպ է դիմագրավում հայկական ստորաբաժանումներին: Ռազմական արկածախնդրության արդյունքը դարձավ լիակատար ֆիասկոն թե ռազմական ոլորտում, թե ներքաղաքական ասպարեզում, թե արտաքին հարաբերություններում: Գերտերությունները և բոլոր շահագրգիռ կողմերը հանդես եկան չեզոք հայտարարություններով՝ շեշտելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, ցավակցելով երկու կողմերին կրած կորուստների համար և կոչ անելով հավատարիմ մնալ զինադադարի համաձայնագրին և շուտափույթ սկսել բանակցային գործընթացը: Իսկ բանակցությունների գլխավոր նպատակը ոչ թե խնդրի վերջնական լուծումն է, այլ զինադադարի, այսինքն՝ ստատուս քվոյի պահպանումը, որի շնորհիվ Արցախը հանդիսանում է ինքնուրույն և անկախ պետություն:



Սարգիս Լևոնյան

Նույն շարքից