Քաղաքական Միջազգային Վերլուծական 

ԱՄՆ ամբիցիաներից մինչև «ահաբեկիչների հաղթանակը»

2014 թվականի հուլիսի 10-ին Իրաքի և Լևանի Իսլամական Էմիրության կողմից հարձակման ենթարկվեց և այնուհետև նրանց ենթակայության տակ անցավ Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը: Բավական կարճ ժամանակահատվածում իսլամական խմբավորմանը հաջողվեց վերահսկողություն հաստատել Իրաքի հյուսիսային շրջանների մեծ մասի նկատմամբ: Փոքր ինչ դժվար է պատկերացնել, թե ինչպես ԱՄՆ կողմից զինված և պատրաստություն անցած իրաքյան բանակին չհաջողվեց անգամ համարժեք դիմադրություն ցույց տալ ջիհադիստական զորամիավորումներին: Հետադարձ հայացք գցելով փորձենք հասկանալ, թե ինչու և ինչպես հանգամանքները դասավորվեցին հենց նման կերպ:  

 
էթնիկ և կրոնական չափանիշների հիման վրա Մերձավոր Արևելքի մասնատման, այդ թվում Իրաքի՝ երեք մասի բաժանման ծրագիրը (քրդերի, սունիների և շիաների միջև) առաջնային է եղել նախևառաջ Իսրայելի համար: Ծրագրի առաջին փուլով նախատեսվում էր տարածաշրջանի երկրների ռազմական պոտենցիալի չեզոքացում («Սիոնիստական համաշխարհային կազմակերպության» կողմից հրապարակված Kivounim հանդես, n˚14, 1982 թվականի փետրվար): Այն իրենից ներկայացնում էր արաբական երկրների մասնատման ծրագիր, որը մի գուցե կարող էր կողմնորոշիչ հանդիսանալ Բուշի վարչակազմի «Մերձավոր Արևելքի վերաձևման» ծրագրի համար: Վերջինիս հիմնական նպատակներից մեկն էլ Իսրայելի շուրջն անվտանգության գոտու ստեղծումն էր:


Այս համատեքստում բնավ պատահական չէր, որ Իրաքի և Լևանի Իսլամական Էմիրությանը (ներկայումս Իսլամական Էմիրություն) հաջողվեց մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում գրավել այն տարածքը, որը նախատեսված էր սունիների համար: Միևնույն ժամանակ պեշմերգաներն (իրաքյան քրդերի զինված խմբավորում) իրենց ենթակայության տակ վերցրեցին այն տարածքը, որը որոշված էր Քուրդիստան պետության համար, իսկ Բաղդադն էլ, սահմանափակ կենտրոնական իշխանությամբ,  մնաց շիաներին:


Այս օրերին միջազգային մամուլը հիմնականում կենտրոնացել է Իսլամական Էմիրության հարձակման վրա, որը սակայն ընթացող լայնամասշտաբ օպերացիայի մի մասն է միայն: «Ընդլայնված Մերձավոր Արևելքի» քարտեզը հրապարակվել էր դեռևս 2006 թվականի հուլիսին Armed Forces Journal-ում: Եվ Իրաքում ընթացող իրադարձությունները պետք է դիտարկել այս տեսանկյունից:


Իսլամական Էմիրությունը սունի զինված խմբավորում է, որում հիմնականում ներգրավված են Իրաքի Ալ-Քաիդայի զինյալները: 2010 թվականի մայիսի 16-ին Իրաքում Ալ-Քաիդայի պատասխանատու Աբու Բաքր էլ-Բաղդադին, դեռևս չպարզված հանգամանքներում, բանտից ազատ էր արձակվել և վերջերս էլ էմիր հռչակվել:


Նախքան Իրաքի հյուսիսային շրջանների վրա հարձակումը, ըստ որոշ տեղեկությունների, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, Արտաքին գործերի նախարարի եղբայր Աբդուլ Ռահման ալ-Ֆեյսալը Ուկրաինայում զենքի գործարան էր գնել: Սպառազինությունն ինքնաթիռով տեղափոխվել է թուրքական ռազմական օդանավակայան, որտեղից էլ թուրքական գաղտնի ծառայությունները (MIT) այն փոխանցել են զինյալներին:


Ներկայումս տեղի է ունենում Ալ-Քաիդայի մուտացիոն գործընթաց, որի արդյունքում միջազգային ահաբեկչական ցանցից այն ձեռք է բերում չճանաչված Պետության կարգավիճակ:


Ուշագրավ են Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից 2014 թվականի հունիսի 1-ին հրապարակված մանրամասները, համաձայն որոնց Ամմանում ժողով է տեղի ունեցել ԻԼԻԷ և իրաքյան Քուրդիստանի ինքնավար կառավարության միջև, որի ընթացքում որոշում է կայացվել համատեղ հարձակում կազմակերպել Իրաքի վրա: Ըստ Őzgur Gűndomթերթի ժողովը տեղի է ունեցել մայիսի 27-ին Մասուդ Բարզանիի Ամման կատարած ուղևորության ժամանակ և կազմակերպվել Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Իսրայելի և Թուրքիայի կողմից: Քրդական աշխատավորական կուսակցությունն այդ «Քուրդիստանը» համարում է իմպերիալիզմի կողմից ստեղծված պետություն և իր անդամներին զենք վերցնելու կոչ է անում: Այսինքն, Իրաքում ընթացող պատերազմը չպետք է մեկնաբանել պարզապես ԻԼԻԷ կողմից իրականացվող օպերացիա, այլ Իրաքի վերաձևման ծրագրի իրականացման նպատակով ջիհադիստների և տեղական քրդական կառավարության փոխհամաձայնեցված հարձակում:


Չնայած, որ Բաղդադն ու Վաշինգտոնն անվտանգության համաձայնագիր էին կնքել, միանգամայն հասկանալի է, թե ինչու էր ԱՄՆ հապաղում ջիհադիստներին օդային հարվածներ հասցնելու և նախկին վարչապետ Նուրի ալ-Մալիքիի ամերիկյան F-16 կործանիչներն անհապաղ առաքելու խնդրանքներին, որի պատճառով իրաքյան կառավարությունը ստիպված էր Ռուսաստանից և Բելառուսից Su-25 կործանիչներ և Mi-35 ուղղաթիռներ գնել:


ԻԼԻԷ ներխուժումն Իրաք դեռևս 1990 թվականին Վաշինգտոնի մեկնարկած պատերազմի շարունակությունն է: 24 տարի շարունակ Վաշինգտոնը փորձում է «խաղաղություն» հաստատել Իրաքում:


Պետք չէ մոռանալ նաև, որ ԻԼԻԷ հրամանատարները ժամանակին կռվում էին Լիբիայում: Եվ կրկին, հանգամանքների բերումով, ընդդեմ այն ռեժիմի (այս դեպքում Մուամար Քադաֆիի), որի դեմ պայքարում էր ՆԱՏՕ-ն: Այնուհետև, երբ սկսվեց Սիրիայի հակամարտությունը, ԻԼԻԷ բազմաթիվ զինյալներ Լիբիայից տեղափոխվեցին Սիրիա: Այս խմբավորման ներուժի մեծ մասը ձևավորվել է Սիրիայում, ուր ապստամբներին զենքեր էին մատակարարվում ԿՀՎ-ի կողմից ստեղծված ցանցերի միջոցով, որի առկայության մասին հետաքննություն էր իրականացրել New York Times-ը ("Arms Airlift to Syria Rebels Expands, With Aid From CIA", C.J. Chivers and Eric Schmitt, New York Times, Mars 26, 2013):

Արդյոք հնարավոր է, որ ԿՀՎ և ամերիկյան այլ գործակալություններ, որոնք տիրապետում են լրտեսական խիտ ցանցերի, արդյունավետ անօդաչու սարքերի և ռազմական արբանյակների, իրազեկված չեն եղել ԻԼԻԷ կողմից Բաղդադի դեմ ծրագրված լայնամասշտաբ օպերացիայի մասին: Անկասկած ոչ: Քանզի նպատակը ոչ թե Իրաքի պաշտպանությունն է, այլ մասնատումն ու երկրի նկատմամբ վերահսկողության հաստատումը:


Իրաքյան երկրորդ պատերազմում ռազմական գործողությունների վրա ավելի քան 800 մլրդ դոլար ծախսելով, որը շարունակում է աճել՝ հասնելով 3 000 մլրդ դոլարի, ԱՄՆ չէր կարող չտեսնել, որ Չինաստանը գնալով ավելի ու ավելի է մեծացնում իր ներկայությունն Իրաքում. Չինաստանը գնում է իրաքյան նավթի գրեթե կեսը և ահռելի ներդրումներ է կատարում նավթի արդյունահանման բնագավառում: Բացի այդ, 2014 թվականի փետրվարին Չինաստանի արտգործնախարարի Բաղդադ կատարած այցի ժամանակ երկու կառավարությունները մի շարք համաձայնագրեր էին ստորագրել, այդ թվում Չինաստանի կողմից սպառազինության մատակարարման վերաբերյալ:  Մայիսին Իրաքի վարչապետ ալ-Մալիքին, ինչպես նաև Իրանի նախագահ շեյխ Հասան Ռոհանին Շանհայում մասնակցել են «Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման» կոնֆերանսին:


2013 թվականի նոյեմբերին ալ-Մալիքիի կառավարությունը 195 միլիոն դոլար արժողությամբ իրանական արտադրության զենքի գնման պայմանագիր էր ստորագրել:


2006 թվականին, այն ժամանակ դեռևս սենատոր Ջո Բայդենը և Council of Foreign Relations-ի նախագահ Լեսլի Գելբն առաջարկել էին Իրաքի ֆեդերալիզացումից հետո դուրս բերել ամերիկյան զորքերը («Unity Through Autonomy in Iraq», Joe Biden and Lesli h. Gelb, The New York Times, May 1, 2006): Այս տրամաբանության մեջ լիովին տեղավորվում է ԻԼԻԷ հարձակումը, ինչը կրկին անկայուն իրավիճակ է ստեղծելու Իրաքում՝ ավերջ մրցակցություն ապահովվելով սունիների և շիաների, ինչու չէ նաև քրդերի միջև: Այսպիսով, իրականություն է դառնում ներկայիս փոխնախագահի կողմից Սենատում ներկայացված ծրագիրը, որը նախատեսում էր «Իրաքի ապակենտրոնացում և բաժանում երեք ՝ քրդերից, սունիներից և շիաներից կազմված էթնիկապես միատարր ինքնավար շրջանների»:


Հիշենք նաև, որ Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերումը Բարաք Օբամայի նախընտրական ծրագրի հիմնական կետերից մեկն էր հանդիսանում: 2011 թվականին Gallup-ի կողմից անցկացրած հարցման համաձայն ԱՄՆ բնակչության 75%-ն աջակցում էր Օբամայի՝ Իրաքից զորքերի դուրս բերման որոշմանը:


Իսկ ինչպես են գրեթե միշտ սկսվում պատերազմները կամ ռազմական ներխուժումները: Իհարկե սադրանքների կամ կեղծիքների միջոցով: Այս անգամ էլ կարծես բացառություն չի լինելու: Երկու տարուց ավելի Իսլամական Էմիրության կողմից գերության մեջ պահվող ամերիկացի լրագրողներին գլխատեցին: Արևմտյան լրատվամիջոցների համար Սիրիայում ընթացող պատերազմը լուսաբանող լրագրողները ջիհադիստների հետ փաստացի անարգել և աննկատ տեղափոխվել էին Իրաքի տարածք: Հետաքրքիր կլինի իմանալ ինչպե±ս և ինչու±: Արդեն իսկ արևմտյան հասարակություններում վրդովմունքի ալիք է բարձրանում Իրաքում Իսլամական Էմիրության կողմից իրականացվող վայրագությունների պատճառով, ինչը լայնորեն լուսաբանվեց արևմտյան լրատվամիջոցների կողմից: Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարեց հետևյալը. «երբ ամերիկացիներին ցավ են պատճառում, այդ ժամանակ մենք չենք նահանջում և չենք մոռանում: Հանցագործները պետք է հիշեն, որ երբ ժամանակը գա, մենք նրանց դժոխքի դռներից ներս կնետենք»: Բայդենի հայտարարությանը հետևեց Մեծ Բրիտանիայի վարչապետի նմանօրինակ հայտարարությունը` Մերձավոր Արևելքում ծայրահեղականության դեմ կոալիցիա ստեղծելու առաջարկությամբ:


Նման հնարավորություն նրանք ունեին մայիսի 7-ից 9-ը ընկած ժամանակահատվածում, երբ Սիրիայի Հոմս քաղաքից զինյալներին թույլատրվել էր մգեցված ապակիներով և վարագույրներով քողարկված ավտոբուսներով լքել քաղաքը: Շարասյունը պետք է ուղևորվեր Թուրքիա: Այդպես էլ պարզ չեղավ, թե ինչպես դասավորվեց նրանց հետագա ճակատագիրը: Մի գուցե զինյալների համար նոր «օգտակար» գործ էին գտել: Մի գուցե նրանք այնուհետև Իրաք են մեկնել:


Ո՞վ կլինի ջիհադիստների հաջորդ թիրախը: 2014 թվականի հունվարի 27-ինReuters գործակալության տարածած հաղորդագրության համաձայն (որը գրեթե աննկատ է մնացել) ԱՄՆ Կոնգրեսը, խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1267 և 1373 բանաձևերը, քվեարկել էր սիրիական «չափավոր ընդդիմության» զինված խմբավորումներին ֆինանսավորելու և զինելու օգտին (by Mark HOSENBALL, Reuters, Jan 27, 2014): Այն ուժի մեջ է մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը: Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև Իրաքում ջիհադիստների տրամադրության տակ գտնվող մեծաքանակ զինտեխնիկան, չի բացառվում, որ նրանց մի մասը տեղափոխվի Սիրիա՝ եռամյա պատերազմին նոր լիցք հաղորդելու համար: Սակայն, վերջերս տարածված լուրերի համաձայն, հավանական թիրախներից մեկն էլ Ռուսաստանն է լինելու:  


 
 
Արեգ Մանասյան

Նույն շարքից