Սեպտեմբերի 4-5 Ուելսի Նյուպորտ քաղաքում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Հոկտեմբերին նախատեսվում է կազմակերպել ևս մեկ հանդիպում նախագահների միջև, այս անգամ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ: Այսպիսով՝ Արևմուտքն Արցախյան հիմնախնդրում փորձում է վերականգնել քաղաքական պարիտետը՝չեզոքացնելով Ռուսաստանի դիրքերի հնարավոր ուժեղացումը:
Միջնորդ ամերիկյան կողմը բարձր գնահատեց նախագահների հանդիպման փաստը, ևս մեկ անգամ շեշտելով, որ Արցախյան հակամարտությունում խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա: Պարզ ասած, միջնորդ կողմերը համոզված են, որ տվյալ հիմնախնդիրն անհնար է լուծել ռազմական ճանապարհով ու միայն բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել հաստատուն և երկարատև խաղաղության: Սակայն արդյոք դա այդպես է, չէ՞ որ տեսականորեն Բաքուն կարող է գրավել Արցախը և փաստացի վերջ դնել այս հակամարտությանը: Իր հերթին հայկական զինված ուժերը հնարավորություն ունեն վերահսկողության տակ վերցնել Ադրբեջանի ռազմավարական ու կենտրոնական շրջանները՝ Գանձակ, Եվլախ, Արաքս և Քուր գետերի հատման շրջակայքն ու միևնույն ժամանակ նպաստել Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների անկախացման ձգտումներին՝ մասնատման փաստի առաջ կանգնեցնելով Բաքվի իշխանություններին, իսկ մասնատված Ադրբեջանի պարագայում Արցախի հիմնախնդիրն ինքնըստինքյան լուծված կհամարվի:
Կովկասում բոլոր հակամարտությունները լուծվել են ռազմական ճանապարհով, Ռուսաստանը գրավեց Չեչնիան և իրեն հավատարիմ վարչակազմ նշանակեց այդ երկրամասում, Ռուս-վրացական պատերազմի արդյունքում Աբխազիան ու Հարավային Օսեթիան վերջնականապես անջատվեցին Վրաստանից: Ու այս ամենով հանդերձ, միջնորդ խմբի երեք համանախագահող երկրները միաբերան կրկնում են, որ Արցախի պարագայում խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա: Եթե վերհանենք միջնորդ կողմերի դիվանագիտական հայտարարությունները, ապա հասկանալի է դառնում, որ գերտերությունները հակամարտ կողմերից ոչ մեկին թույլ չեն տա Արցախի հիմնախնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Արցախի հարցում գերտերությունների գլխավոր նպատակն է հակամարտ ուժերի հավասարակշռության ստատուս քվոյի և Հարավային Կովկասում քաղաքական ազդեցությունների պահպանումը՝ թույլ չտալով միջնորդ կողմերից որևէ մեկին քաղաքական իրավիճակը փոխել իր օգտին:
Ռազմական լայնածավալ գործողություններն անկանխատեսելի հետևանքներ կթողնեն ամբողջ տարածաշրջանի վրա և դա կփոխի քաղաքական ազդեցությունների ներկա իրավիճակը: Պատերազմի դեպքում չափազանց դժվար կլինի կանխատեսել հատկապես Թուրքիայի և Իրանի հնարավոր քայլերը: Բաքվի ռազմական հաջողության պարագայում կուժեղանա Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում՝ դժվարին կացության մեջ դնելով Իրանին և ստիպելով վերջինիս դիմել հակազդող քայլերի: Իրանի և Թուրքիայի ներգրավվումը հայ-ադրբեջանական հակամարտության մեջ չի բխում համանախագահող երկրների շահերից:
Հայկական բանակի հաջող գործողությունների պայմաններում Բաքուն ստիպված կլինի մերձենալ Մոսկվային, որպեսզի վերջինս միջամտի իր դաշնակցի հաղթական գործողություններին և զսպի հայկական կողմին: Այս տարբերակում էլ ուժեղանում է Ռուսաստանի գործոնը, որը հակասում է Արևմուտքի շահերին: Գերտերությունները թույլ չեն տա կողմերից մեկին տանել լիակատար հաղթանակ և, այդ իսկ պատճառով, միջնորդ կողմերը ձգտում են պահպանել զինադադարն ու նման ճանապարհով կոնսերվացնել Արցախի հիմնախնդիրը, քանզի նման իրավիճակը չարիքի փոքրագույնն է: Բացի այդ, չկարգավորված հակամարտությունը ևս մեկ լծակ է մարտնչող կողմերի նկատմամբ և ավելի է իմաստավորում գերտերությունների ներկայությունը Հարավային Կովկասում: Ստատուս քվոյի պահպանումը բխում է հակամարտության մեջ որևէ ձևով ներքաշված բոլոր կողմերի շահերից՝ անգամ Ալիևի վարչախմբին: Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ երկար ժամանակով գտնվելու են ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակում:
Սարգիս Լևոնյան