Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Յալթայի եւ Պոտսդամի կոնֆերանսներում ձեւավորվեց երկբեւեռ աշխարհահամակարգ, որտեղ երկրագնդի գլխավոր դերակատարներն էին ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը:
1992 թվականին ԽՍՀՄ-ի փլուզման հետեւանքով վերացավ նաեւ պոտսդամյան կոնֆերանսում ի հայտ եկած համակարգը, որի արդյունքում ձեւավորվեց միաբեւեռ աշխարհահամակարգ: Պոտսդամյան համակարգի ժամանակահատվածում հիմնվեց ՄԱԿ-ը, հաստատվեցին միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու դրույթները, սակայն սոցճամբարի քայքայումն եւ ԱՄՆ-ի հաղթանակը Սառը պատերազմում Սպիտակ տան ձեռքերին լիակատար ազատություն տվեցին:
Վաշինգտոնը սկսեց ակտիվորեն միջամտել երկրագնդում առաջացած թեժ կետերի հանգուցալուծմանը՝ փորձելով վերականգնել իր պատկերացմամբ արդարադատությունը՝ հաճախ անտեսելով միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ին: Հարավսլավիայի դեմ իրականացված ռմբակոծությունները, Պարսից ծոցի երկրորդ պատերազմը հսկայական հարված հասցրին ՄԱԿ-ի միջազգային հեղինակությանը, իսկ միջազգային հարաբերություններում սկսց իշխել «ուժն է ծնում իրավունք» սկզբունքը: Նման տրամաբանությամբ շարժվեց Մոսկվան, երբ իր մեջ ուժ գտնելով՝ հակազդեց Ուկրաինան Եվրամիություն ներքաշելու Արեւմուտքի նպատակներին եւ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար դրույթները՝ բռնազավթեց Ղրիմը: Մոսկվան իր քայլերն արդարացնում էր «ինչ կարելի է Վաշինգտոնին, նույնն էլ թույլատրվում է Կրեմլին» նշանաբանով: Սակայն Ուկրաինայի ճգնաժամը փակուղու առջեւ կանգնեցրեց Ռուսաստանին:
Ներկայիս միաբեւեռ աշխարհահամակարգից դժգոհ են մի շարք խոշոր պետություններ: Վերջին երկու տասնամյակներում արդիական է դարձել ՄԱԿ-ը բարեփոխելու գաղափարը: Հնդկաստանը, Բրազիլիան, Գերմանիան ցանկանում են ստանալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական
անդամի կարգավիճակ, բացի այդ հնչում են պահանջներ մշտական անդամներին վետոյի իրավունքից զրկելու մասին: Սակայն այստեղ տրամաբանական հարց է ծագում՝ որն է ՄԱԿ-ը բարեփոխելու իմաստը, եթե ԱՄՆ-ն անտեսելու է այդ կազմակերպության որոշումները: Այս պատճառով Ռուսաստանը, սերտորեն համագործակցելով հզոր պետությունների հետ՝ Բրազիլիայի, Չինաստանի, Հնդկաստանի, ձգտում է ստեղծել աշխարհաքաղաքական ուժային նոր կենտրոններ:
Սակայն ներկա իրավիճակում Ռուսաստանը կարող է կանգնել նոր դժվարությունների առջեւ:
Պոստդամի կոնֆերանսում ԽՍՀՄ-ը հանդիսանում էր համաշխարհային գերհզոր տերություն եւ շուրջ 50 տարվա ընթացքում ոչ մի կարեւորագույն քաղաքական հարց չէր կարող լուծվել առանց խորհրդային միության մասնակցի:
Այսօր Ռուսաստանն իր տնտեսական կարողություններով, ազգաբնակչության թվաքանակով եւ միշարք այլ վիճակագրական ցուցանիշներով բավականին զիջում է առաջատար երկրներին: Ու եթե ստեղծվի նոր բազմաբեւեռ աշխարհահամակարգ, Մոսկվան, դժվար թե, կարողանա միջազգային հարթակում ստանձնել իր իրավանախորդի դերակատարությունը եւ ունենալ նրա հզորությունն ու ազդեցությունը:
Իր հերթին Վաշինգտոնն, անտեսելով զարգացած երկրների կարծիքներն ու դիրքորոշումները, փորձում է ամրապնդել եւ երկարաձգել ստեղծված իրավիճակը: ԱՄՆ-ն իրեն համարում է համաշխարհային հասարակության բարոյական ուղեցույցը ու չի ցանկանում հրաժարվել այդ կարգավիճակից: Բարաք Օբաման բազմիցս շեշտել է, որ ԱՄՆ-ը բացառիկ ազգ է եւ ունի բացառիկ իրավունքներ: Նախագահը բացառիկ իրավունքի տակ հասկանում է ոչ թե միջազգային իրավունքիհիմնարար սկզբունքների ոտնահարում, այլ միջազգային համայնքի կողմից ընդունված հիմնարար դրույթների միջոցով արդարության հաստատում եւ ժողովրդավարություն տարածում:
Նմանատիպ հայտարարությունները նյարդայնացնում ու ջզաձգության մեջ են գցում ոչ միայն Ռուսաստանին, այլեւ՝ Լատինական Ամերիկային եւ Հարավարեւելյան Ասիայի երկրներին: Արդի միջազգային հարաբերություններում հստակ խաղի կանոների բացակայությունը, հզոր տերությոնների կողմից հաճախակի դարձած կամայականությունները ստիպում են միջազգային հանրությանը ջանքեր գործադրել նոր աշխարհակարգի հաստատման համար, որը կհամապատասխանի ձեւավորված միջազգային դրությանը: Առանց նոր համակագի պետությունները կկանգնեն անորոշության եւ անկանխատեսելի իրավիճակների առջեւ, որից դուրս գալու համար բացակայում են համընդհանուր կանոններն ու դրույթները: Մարդկությանը սպառնացող վտանգները՝ իսլամիստ ծայրահեղականությունը, ահաբեչությունը, միջուկային եւ այլ զանգվածային զենքերի տարածումը, պետք է խթան հանդիսանան կարեւոր դերակատարություն ունեցող պետություններին նոր աշխարհահամակարգ ստեղծելու գործում, որը կկարողանա արագ եւ արդյունավետ լուծումներ տալ մարդկությանը սպառնացող վտանգներին:
Սարգիս Լեւոնյան