Իրանի և «Վեցյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև իրանական միջուկային խնդրի հետ կապված բանակցությունները շարունակվում են, և հանգուցալուծմանը մնացել է 20 օր:
Հետաքրքիր է, թե Իրանի համար հարցի դրական հանգուցալուծումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ: Եվ, ինքնին հարցեր են առաջանում՝ ինչու՞ դրական հանգուցալուծում Իրանի, այլ ոչ թե Արևմուտքի համար, մի՞թե Իրանի նախագահ Հասան Ռոհանիի օրոք «չլուծվող» հարցը կկարգավորվի: Եվ, վերջապես, այդ ամենից հետո Թեհրանը կփոխի՞ իր դիրքորոշումը՝ կապված ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ, թե՞ ոչ…
Եթե Իրանի միջուկային հարցի շուրջ գերտերությունները համաձայնության գան, ապա կսկսվի տնտեսական բում՝ խորացված առևտուր Իրանի և Արևմուտքի միջև: Իրանը կսկսի գազ վաճառել Արևմուտքին՝ դառնալով աշխարհի էներգետիկ շուկայի հզոր երկրներից մեկը:
Իրանի միջուկային ծրագրի հարցի լուծումը և Արևմուտքի ու Իրանի միջև լավ հարաբերությունների ձևավորումը կնպաստեն, որ Իրանը` Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո կարողանա ամրապնդել անվտանգությունն աֆղանական տարածաշրջանում: Այդ է պատճառը, որ իրանական խնդիրը պետք է լուծվի մինչև Աֆղանստանից զորքերի դուրսբերումը, որպեսզի Իրանը դրական դերակատարություն ունենա և ոչ թե բացասական:
Երբ Իրանը դուրս գա շրջափակումից, կկարողանա մեծածավալ գազ ու նավթ վաճառել Արևմուտքին, Ասիային: Իրանը կդառնա հզոր մրցակից և՛ Ռուսաստանի, և՛ Ամերիկայի, և՛ Ղազախստանի, և՛ Ադրբեջանի համար: Հետևաբար, Իրանը կմտնի տնտեսական մեծ խաղի մեջ:
Արդեն մեկ տարի և երեք ամիս է, որ Իրանի նախագահը Հասան Ռոհանին է: Հակառակ տարածված այն կարծիքին, որ Իրանի նախագահը սահմանափակ հնարավորություններ ունի երկրի արտաքին քաղաքականությունում որոշումներ կայացնելու գործում, Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Հասան Ռոհանիին տվել է լիակատար իրավասություն, որպեսզի նա, միջուկային ծրագրի իրականացման հարցի հետ կապված, բանակցություններ վարի ԱՄՆ ներկայացուցիչների հետ:
Ռոհանիի նախորդների օրոք նման բան չի եղել: Առաջին անգամ է, որ Իրանի նախագահին տրվել է լիարժեք ինքնուրույնություն` ռազմավարական կարևորություն ունեցող հարց կարգավորելու համար:
Իրանի միջուկային ծրագրի հարցի դրական հանգուցալուծուման դեպքում՝ Իրանի հարևան երկրներից շահելու են հատկապես Վրաստանը, Ադրբեջանը, նաև Հայաստանը: Կբացվեն առևտրի մեծ հնարավորություններ: Հնարավոր է՝ այս երկրները դառնան տարանցիկ: Մասնավորապես, այն կնպաստի Հայաստանի և Իրանի միջև ազատ առևտրային գոտու ստեղծմանը:
Իսկ հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունները պետք է այլ հարթության վրա լուծվեն, և դրանց հանգուցալուծման համար կարևոր է, որ համաշխարհային գերտերություններն ընդհանուր համաձայնության գան: Մասնավորապես, ղարաբաղյան հարցում, այժմ ինչ առկա է, միանգամայն բավարարում է Իրանին: Այլ կերպ ասած, Իրանը գոհ է ներկայիս ստատուս-քվոյից:
Իրանի պաշտոնատար անձինք, իրենց ելույթներում, անդրադառնալով ղարաբաղյան հարցին, բազմիցս նշել են, որ, այդ հարցի հետ կապված, Թեհրանն ունի հատուկ ծրագիր: Իրանն այդ ծրագիրը կսկսի գործի դնել, եթե ստատուս-քվոյի փոփոխության իրական վտանգ առաջանա: Իսկ դա իսկապես վտանգ է, որովհետև բացի հայկական զինուժից, Թեհրանի համար որևէ այլ երկրի զինուժի ներկայությունն իր երկրի սահմանակից տարածքներում ուղղակիորեն անթույլատրելի է:
Ինչևէ, կարևորագույնն այն է, որ իրանական միջուկային ծրագրի խնդիրը կարգավորվի և նպաստի տարածաշրջանում բոլոր հակամարտությունների հանգուցալուծմանը:
Ներկայումս Իրանը Մերձավոր Արևելքում տիրող քաոսային իրավիճակում կայունության միակ կենտրոնն է, հետևաբար «Վեցյակը» ինքը կցանկանա որոշակի զիջումների գնալ և Թեհրանի հետ համաձայնություն ձեռք բերել:
Ի դեպ, հոկտեմբերի 16-ին ավարտվեց «Վեցյակ»-Իրան միջուկային բանակցությունների հերթական փուլը: Մի շարք հարցերի շուրջ կողմերը կարողացան մոտեցնել դիրքորոշումները: Բանակցային գործընթացի երկարաձգման մասին խոսք այլևս չի գնում:
Հավելենք, որ 2013-ի նոյեմբերին Իրանն ու «Վեցյակը» Ժնևում պայմանավորվել էին մինչև 2014-ի հուլիսի 20-ը համաձայնության գալ և ստորագրել մի փաստաթուղթ, որը կերաշխավորի Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը և իսլամական պետության դեմ միջազգային պատժամիջոցների կիրառումը չեղյալ կհայտարարվի: Այնուհետև, այդ ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 24-ը:
Իրան-«Վեցյակ» միջուկային բանակցություններին ուշադիր հետևում է ողջ աշխարհը: Մնում է մի փոքր էլ սպասել և պարզել՝ իրանական այս հարցն ինչպիսի՞ հանգուցալուծում կստանա, որը տասը տարի եղել է տարածաշրջանի առանցքային խնդիրը:
Արմինե Բեգլարյան