Միջազգային հարաբերությունների պրակտիկայում լայնորեն տարածված է միջազգային կազմակերպությունների և պետությունների կողմից այլ երկրների հանդեպ տարատեսակ պատժամիջոցների կիրառումը: Հիմնականում իրականացնում են տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ՝ ֆինանսական միջոցների արգելափակում, տվյալ պետության կազմակերպությունների տնտեսական գործունեության սահմանափակում, միջազգային կառույցներում երկրի անդամակցության սառեցում կամ դադարեցում:
Պատժամիջոցների գլխավոր նպատակը հանդիսանում է տվյալ պետությանը պարտադրել, որպեսզի նա հրաժարվի որդեգրած քաղաքական կուրսից, ինչպես նաև պատժամիջոցների միջոցով նպաստել երկրի ներսում իշխող վարչախմբի փոփոխմանը: Շատ դեպքերում պատժամիջոցները չեն արդարացնում սահմանափակումներ հաստատած կողմի ակնկալիքները, այսպես՝ տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում Կուբայի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ, սակայն մինչ օրս Հավանայում իշխում է կոմունիստական վարչախումբը, իսկ Փխենյանը շարունակում է փորձարկել բալիստիկ հրթիռներ՝ վախ տարածելով Հարավային Կորեայում ու Ճապոնիայում:
Տնտեսական պատժամիջոցները երբեմն տալիս են հակառակ էֆեկտ, երբեմն հասարակությունը համախմբվում է պետության առաջնորդի շուրջը, սակայն եթե պատժամիջոցներն երկարում են, ապա չի բացառվում վարչախմբի տապալումը: Այդպես էր Հարավսլավիայում, երբ միջազգային հանրությունը կիրառեց պատժամիջոցներ, սկզբնական շրջանում սերբերը համախմբվեցին Սլոբոդան Միլոշևիչի շուրջ, սակայն մեկ տասնամյակի ընթացքում երկու պատերազմները՝ Բոսնիայում և Կոսովոյում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ռմբակոծությունները, հաստատված պատժամիջոցները քայքայեցին երկրի տնտեսությունը և ի վերջո թավշյա հեղափոխության արդյունքում՝ Միլոշևիչի իշխանությունը տապալվեց, իսկ նա իր կյանքի մնացած մասը անցկացրեց Հաագայի բանտի մենախցում:
Պատժամիջոցների ենթարկված պետության հասարակությունը միշտ լցվում է հայրենասիրությամբ և ազգային արժանապատվությամբ: Ժողովուրդը համախմբվում է ու իշխանությունների հետ (եթե անգամ վերջիններս ցանկալի չեն հասարակությանը) փորձում է համատեղ ուժերով դիմագրավել արտաքին սպառնալիքին:
Ներկայումս Արևմուտքը ԱՄՆ-ի գլխավորությամբ տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ պահանջելով հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, վերադարձնել Ղրիմն ու դուրս բերել զինված ստորաբաժանումները Դոնեցկից ու Լուգանսկից: Չնայած երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը՝ ռուբլու արժեզրկում, պարենային ապրանքների գնաճ, հասարակության բացարձակ մեծամասնությունը շարունակում է աջակցել երկրի նախագահի վարած արտաքին քաղաքականությունը: Բազմաթիվ քաղաքագետներ ու փորձագետներ, այդ թվում նաև օտարերկրյա, նշում են, որ ռուս ազգը սովոր է դժվարությունների և նա անտրտունջ հաղթահարում է դրանք: Այդ իսկ պատճառով Արևմուտքը հազիվ թե կարողանա հասնի իր բաղձալի նպատակին:
Բայց եթե քաղաքական ու տնտեսական պատժամիջոցները բարձրացնում են հայրենասիրության ու ազգային արժանապատվության զգացումները, ապա այլ ոլորտներում սահմանված պատժամիջոցները (սպորտի, մշակույթի, գիտության բնագավառներում) հարվածում են հասարակության ինքնասիրությանն ու ինքնավստահությանը, որի պարագայում հասարակությունը ի վիճակի չի լինում հակազդելու:
Պատահական չէ, երբ արևմտյան որոշ գործիչներ պահանջում էին արգելել Ռուսաստանին հանդես գալ միջազգային խոշոր մրցաշարերում կամ այն անցկացնել այդ երկրում, Մոսկվան ամեն կերպ փորձում էր չեզոքացնել բոլոր նմանատիպ խոսակցությունները: Օլիմպիական խաղերի, ֆուտբոլի աշխարհի և մայրցամաքների առաջնությունները նպաստում են, որպեսզի մասնակից երկիրը իրեն զգա ամբողջ մարդկության ու մոլորակի մի մասնիկը, իսկ միջոցառումներն իրականացնող երկիրը վերածվում է համայն մարդկության ուշադրության կենտրոնը: Երբ պետությանը արգելվում է մասնակցել նման միջոցառումների, փակվում են կարևորագույն մշակութային օջախների դռները տվյալ երկրի արվեստի ներկայացուցիչների առջև, պետությունը զգում է իրեն որպես վտարակ (իզգոյ), քանի որ յուրաքանչյուր ժողովուրդ հպարտանում է մշակույթով, գիտությամբ, մարզիկների ցուցադրած հաջողություններով: Այս տեսակետից գերադասելի է տնտեսական ու քաղաքական պատժամիջոցների հետևանքով հայտնվել հպարտ մենության մեջ, քան անտեսվել ու մերժվել միջազգային հանրության կողմից:
Սարգիս Լևոնյան