Նավթը, առանց չափազանցության, համարվում է «սև ոսկի», և նավթի հանքեր ունեցող երկրներն այժմ մեծ առավելություն ունեն: Այս առումով, բացառություն չի կազմում նաև մեր հարևան Իրանը: Հետաքրքիր է` այսօր ի՞նչ է կատարվում Իրանի նավթի ոլորտում, և կարո՞ղ է Հայաստանն ինչ-որ դերակատարություն ունենալ այդտեղ:
Հենց սկզբից նշենք, որ Իրանի նավթային ոլորտն ուղղակի կերպով կախված է Իրան-«Վեցյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջուկային բանակցությունների ընթացքից:
Եթե ամեն ինչ հարթ ընթանա, և բանակցություններում դրական հանգուցալուծում արձանագրվի, ապա մինչև 2015-ի սկիզբն Իրանի նավթի ազգային ընկերությունը 19 մլրդ դոլարի ներդրումներ կկատարի երկրի նավթարդյունաբերական ծրագրերում:
Ուշագրավ է, որ, 2012-ի հունվարից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքով, Իրանն օրական սկսել է արդյունահանել 3,4 մլն բարել անմշակ նավթ, նախկին` 4 մլն բարելի փոխարեն:
Փորձագետները գտնում են, որ, եթե պատժամիջոցներ այլևս չկիրառվեն, ապա մինչև 2018-ն Իրանում արդյունահանվող անմշակ նավթի ծավալն օրական կհասնի 5,7 մլն բարելի:
Իրանական նավթի հիմնական գնորդները ասիական մեծ շուկաներն են, թեև վերջերս մեծանում են նաև գնումները Թուրքիայից: Հունվարին, օրինակ` Թուրքիան օրական Իրանից գնել է 105 հազար 824 բարել նավթ, իսկ փետրվարին արդեն՝ 117 հազար 857 բարել:
Ակնկալվում է, որ Իրանի միջուկային օբյեկտների հետ կապված պատժամիջոցների վերացման արդյունքում՝ Իրանից արտահանվող նավթի ծավալները կտրուկ կավելանան, ինչը կհանգեցնի նավթի գնի զգալի նվազման:
Չնայած աշխարհի խոշոր նավթընկերությունները ցանկություն ունեն ներդրումներ կատարել Իրանի նավթի ու գազի արդյունաբերության ոլորտում, բայց Իրանի նկատմամբ սահմանված շրջափակումները և պատժամիջոցները պատճառ են դարձել, որ հատկապես 2005-2009-ի ընթացքում եվրոպական նավթընկերությունները աստիճանաբար լքեն Իրանը:
Ավելի վաղ, ամերիկյան ընկերությունները` «Շևրոնը», «Հալիբերթոն», «Կոնոկո-Ֆիլիպսը», մասնակցել են իրանական նավթարդյունաբերության ոլորտի մի քանի նախագծերի իրականացմանը:
Վերջին ամիսներին հակաիրանական շրջափակումների վերացման հետ կապվող հույսերը միջազգային նավթընկերություններին թելադրել են աշխատանքներ վերսկսելու Իրանի նավթի ու գազի նախագծերին մասնակցելու ուղղությամբ:
Ի դեպ, Իրանի նավթի նախարարությունն ևս, ազգային շահերի ապահովման և արտասահմանյան ներդրողներին ներգրավելու համար, ցանկանում է փոփոխություններ կատարել նավթային պայմանագրերում: Ինչ խոսք, դա կնպաստի, որպեսզի Իրանի և արտասահմանյան նավթընկերությունների համագործակցությունն առավել արդյունավետ ու եկամտաբեր դառնա:
Իրանի նավթային նոր պայմանագրերի կարևորագույն յուրահատկություններն են լինելու` շղթայական արդյունահանումների կատարելագործումը, զարգացումը, շահագործումը, ավելի մեծ քանակով ներքին ու արտասահմանյան ներդրողների ներգրավումը, անգամ` վերջիններիս միջև հնարավոր մրցակցության ստեղծումը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ էլ՝ բախտը մեզ չի ժպտացել: Ի տարբերություն հարևան Իրանի, նավթի պաշարներ ընդհանրապես չունենք։
Հայաստան մեծամասամբ նավթ ներկրվում է Ռուսաստանից։ Խորհրդային ժամանակներում, վառելիքը փոխադրվում էր Հայաստան-Վրաստան-Ռուսաստան երկաթգծով: Աբխազիա-Վրաստան սահմանի փակվելուց ի վեր վառելանյութը Սև ծովով տեղափոխվում է Վրաստան, որտեղից էլ` երկաթուղային վագոններով Հայաստան։
Հայկական և իրանական իշխանությունները տարիներ շարունակ բանակցում էին Իրանից Հայաստան նավթատար (գոյություն ունեցող Իրան-Հայաստան գազատարից զատ) կառուցելու վերաբերյալ, որը Իրանի նավթը կմղի դեպի Հայաստան: Մինչ օրս կառուցման համար կոնկրետ ժամկետներ չեն սահմանվել։
Հարկավոր է նշել, որ այսօր Իրանը հում նավթ արտահանող և վերամշակված նավթ ու բենզին ներկրող պետություն է: Իրանի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի երկրի ներսում ինքը կարողանա ապահովել վերամշակված նավթի ու բենզինի պահանջարկը: Սակայն, իրավիճակն օբյեկտիվ բնույթ է կրում, և պայմանավորված է Իրանում նավթավերամշակման գործարաններում նոր տեխնոլոգիաների բացակայությամբ:
Այս համատեքստում Իրանի համար բավական ձեռնտու է Հայաստանի տարածքում նավթավերամշակման գործարանի կառուցումը: Իր հերթին, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը մեկ ընդհանուր գծով կմիավորի Իրանի երկաթուղին Հայաստանի երկաթուղու հետ, ինչը (եթե Մեղրին էլ միանա մեկ գծով Հայաստանի ընդհանուր երկաթուղային ցանցին` շրջանցելով Նախիջևանը) հնարավորություն կտա իսլամական հանրապետությանն ավելի ապահով և ձեռնտու ելք ապահովել դեպի Վրաստանի սևծովյան նավահանգիստներ:
Արմինե Բեգլարյան