Միջազգային Քաղաքական Վերլուծական 

Ուկրաինական ճգնաժամն ու Արևմուտք-Ռուսաստան առճակատումը գնալով բարդանում է

Ուկրաինայում Ռադայի արտահերթ ընտրություններից մեկ շաբաթ անց Դոնեցկի և Լուգանսկի անջատողականների կողմից վերահսկվող տարածքներում տեղի ունեցան գործադիր և օրենսդիր մարմինների ընտրությունները: Անջատականները համոզված են, որ այս ընտրությունները Դոնբասում կբերեն խաղաղություն, կնպաստեն երկրամասի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը և դրական ազդեցություն կունենան բնակչության կենսամակարդակին վրա:  Ինչպես սպասելի էր Արևմուտքն ու Կիևը անօրինական են համարում ինքնահռչակ հանրապետությունների ընտրությունները և կոչ են անում Մոսկվային նույնպես չճանաչել այն: Ուկրաինական իշխանությունները պնդում են, որ այս ընտրությունները հակասում են սեպտեմբերին Մինսկում հաստատված խաղաղության համաձայնագրի դրույթներին և հարվածի տակ են դնում ճգնաժամի խաղաղ կարգավորման գործընթացը:

 

 Մեկ շաբաթվա ընթացքում իրականացված երկու ընտրությունները իրավական տեսանկյունից վերահաստատեցին Դոնբասի սահմանազատված ռազմաքաղաքական գիծը: Ռուսաստանի կողմից լայնորեն պրոպագանդված Նովոռոսիեն, որը պետք է ստեղծվեր Ուկրաինայի ամբողջ հարավ-արևելյան հատվածում՝ պարփակվեց Դոնբասի արևելքի արհեստածին սահմաններում: Ինքնահռչակ հանրապետություններում կառավարման մարմինների ձևավորումն կբարդացնի ռուս-ուկրաինական սրված հարաբերությունների նորմալացումը և Ռուսաստան-Արևմուտք տարաձայնությունների հաղթահարումը:

 

Ընտրությունները կարող են զինադադարի հաճախակի խախտումների  ու ռազմական էսկալացիայի մեծացման պատճառ դառնալ, սակայն դժվար թե ձմռան ժամանակահատվածում տեղի ունենան լայնամաշտաբ ռազմական գործողություններ: Ավելի շուտ կուժեղանան երկուստեք հրետակոծություններն և կակտիվանան դիվերսիոն խմբերը:  Լուգանսկի և Դոնեցկի արհեստականորեն մասնատումը, բնականոն տնտեսական ու հաղորդակցական կապերի խզումը, բացասական հետևանքներ կունենա ամբողջ երկրամասի կենսամակարդակի վրա: Ռուսաստան-Արևմուտք առճակատման պայմաններում Դոնբասի ազգաբնակչությունը փաստացի հայտնվում է քաղաքական պատանդի կարգավիճակում: Ռուսաստանը կձգտի  երկիրը շրջապատել բուֆերային գոտիով, որպեսզի կասեցնի ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի արևելք, որի արդյունքում քաղաքական առճակատման մեջ կմտնի հարևան պետությունների հետ, որոնք էլ երբեմն ռազմական բախումների են վերածվու:

 

Այսօր Մոսկվան լարված փոխհարաբերություններ ունի ոչ միայն Ուկրաինայի,  այլև մերձբալթյան հանրապետությունների, Մոլդովայի ու Վրաստանի հետ: Կրեմլը Ռուսաստանը շրջապատել է միջազգային հանրության կողմից չճանաչված պետական կազմավորումներով՝ Աբխազիա, Հարավային Օսեթիա, Նովոռոսիե, Մոսկվայի ուղեծրում գտնվող Մերձդնեստրը, որոնք վերածվում են ամուր հակաարևմտյան ֆորպոստերի: Այս կազմավորումներն ոչ ռուսական հենակետեր են,  այլև Կրեմլի հետագա ռազմաքաղաքական էքսպանսիայի հուսալի պլատֆորմ:

 

Այն վառ արտահայտված է հատկապես Դոնբասում, որտեղ ինքնահռչակ ուժերը ցանկանում են իրենց վերահսկողությունը հաստատել առնվազն Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի ամբողջ տարածքներում և դեպի Ղրիմ ցամաքային ուղիղ կապ ստեղծել: Չճանաչված պետական միավորումները մեծ հաշվով կենսունակ չեն և կախված են Մոսկվայից ստացվող տնտեսական ու ֆինանսական աջակցությունից: Տնտեսական բարդ պայմաններում ծանրանում են  Կրեմլի սոցիալական ու ֆինանսկան պարտավորվածությունները, քանի որ ֆինանսական հոսքերն ուղղվելու են ոչ թե երկրի տնտեսության զարգացմանն,  այլ պատերազմի հետևանքով ավերված Դոնբասի ինֆրաստրուկտուրայի և արդյունաբերական ձեռնարկությունների վերականգնմանը: Սակայն, Ռուսաստանը չունի այդքան ֆինանսական միջոցներ, որպեսզի վերականգնի Դոնբասի նախապատերազմական արդյունաբերության մակարդակը:

 

 Ինքնահռչակ հանրապետությունների նորընտիր ղեկավարներն անգամ Կրեմլի աջակցությամբ ի վիճակի չի լինելու վերականգնել երկրամասի տնտեսությունն ու բնականոն կյանքը: Ոչ մի բանական անձ և կազմակերպություն ֆինանսական ներդրումներ չի կատարի չճանաչված երկրամասում, որը գտնվում է ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակում: Եթե նորընտիր իշխանությունները չարդարացնեն ընտրողների ակնկալիքները, ապա ինքնահռչակ հանրապետությունների ազգաբնակչությունը կհայտնվի անելանելի իրավիճակում:



Սարգիս Լևոնյան

Նույն շարքից