Հայ-իրանական կապերի զարգացման կարևորությունն այսօր չի կարող վիճարկել ազգային ուղղվածություն ունեցող որևէ շրջանակ կամ անհատ: Բազմաբնույթ կապերի զարգացման գործընթացում չափազանց կարևոր նշանակություն ունի իրանահայ համայնքը: Հետևաբար, անհրաժեշտ է հասկանալ` հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործընթացում կարևոր դեր խաղացող իրանահայ համայնքը ե՞րբ է ձևավորվել, ներկայումս ի՞նչ վիճակում է գտնվում, որքա՞ն է բնակչության թիվը, ի՞նչ ընդհարություններ ունեն հայերն ու իրանցիները, Իրանի տարածքում կա՞ն հայկական հուշարձաններ, եթե կան՝ ո՞ւմ կողմից են պահպանվում, վերանորոգվում, ինչպիսի՞ խնդիրներ են առկա և այլն:
Ժամանակին Իրանի հյուսիսային շրջանները պատմական Հայաստանի մասն են կազմել: Իրանի հայ համայնքը ձևավորվել է դեռևս 17-րդ դարում: Այն աչքի է ընկնում հայկական ինքնության պահպանման բարձր մակարդակով։
1991-ին Հայաստանի անկախության հռչակումը նոր էջ բացեց Հայաստանի և Իրանի, այդ երկու հարևան և բարեկամ երկրների ու նրանց ժողովուրդների դարավոր տարեգրությունում։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատման և միջպետական կապերի զարգացման դժվարին ճանապարհին Հայաստանը և Իրանը մեծ նվաճումներ են արձանագրել տնտեսական, քաղաքական, մշակութային բնագավառներում։ Անկասկած, այդ գործում զգալի դերակատարություն է ունեցել, ներկայումս էլ ունի նաև Իրանի հայ համայնքը։
Եթե թերթենք պատմության էջերը, կնկատենք, որ իրանահայերն արել են ամեն բան Հայաստանին սատարելու, դժվարին պահերին իրենց հայրենակիցներին օգնության ձեռք մեկնելու, հայրենիքի հեղինակությունը բարձրացնելու և հայ-իրանական դարավոր բարեկամությունն ամրապնդելու համար։
Ներկայումս, ոչ պաշտոնական տեղեկություններով` իրանահայության թիվը հասնում է շուրջ 50 հազարի: Նրանք ներգրավված են առևտրի և սպասարկման ոլորտներում:
Դարեր շարունակ հայերն ու իրանցիներն ապրել են կողք-կողքի։ Այս երկու հնդեվրոպական ժողովուրդներին շատ ընդհանուր բան է միավորում: Նախ, նրանք պատկանում են միևնույն արիական ռասային, ինչպես նաև հայերենն ու պարսկերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզվախմբեր են: Հայերն ու իրանցիները ունեցել են հին աստվածների նույն անունները: Օրինակ, Արամազդ և Ահուրամազդա, Անահիտ և Անահիտա, Միհր և Միտրա։
Իրանի սահմանադրությամբ հայերին տրված են ներքին մշակութային և կրոնական ինքնավարության բավականին լայն իրավունքներ։ Հայերը՝ որպես կրոնական փոքրամասնություն, մասնակցում են երկրի կառավարմանը։
Իրանական մեջլիսը՝ խորհրդարանը, ունի 290 պատգամավոր, որոնցից պարտադիր երկու տեղը հատկացում է հայերին (ներկայումս իրանահայերի շահերը ներկայացնում են՝ Կարեն Խանլարյանը և Ռոբերտ Բեգլարյանը), իսկ մեկական տեղ՝ հրեաներին, զրադաշտականներին և ասորիներին։
Իրանում հայկական պատմական ամենակարևոր հուշարձանները եկեղեցիներն են: Որոշ հայկական աղբյուրներ, այդ թվում Գյուլիստանի պալատում պահպանված նկարները և ազգային արխիվները վկայում են այն մասին, որ Սուրբ Ստեփանոս եկեղեցում պահպանվում են սուրբ Ստեփանոսի, Դանիել Մարգարեի և սուրբ Մաթևոսի ոսկորները: Եկեղեցիները հիմնականում 12-19-րդ դարերի ընթացքում են կառուցվել:
Մոտավորապես 30 եկեղեցի կա Սալմաստում, 30 եկեղեցի՝ Ուրմիայում, 15 եկեղեցի՝ Թեհրանում, 13 եկեղեցի՝ Սպահանի Ջուղայում, 10 եկեղեցի՝ Թավրիզում, 10 եկեղեցի՝ Արաքսի Ջուղայում, 7 եկեղեցի՝ Խոյում և 4 եկեղեցի՝ Մակու քաղաքում: Սրանք Իրանի հայկական 213 եկեղեցիների մի մասն են կազմում:
Հայկական կենտրոնները և հուշարձանները շահագործվում և օգտագործվում են Իրանի հայ համայնքի կողմից, սակայն դրանց պահպանման պարտականությունը ստանձնել է կառավարությունը:
Կրոնական կառույցներին ավելի մեծ օգնություն ցուցաբերելու նպատակով, Իրանի խորհրդարանն 2011-ին ընդունել էր օրենք, ըստ որի՝ բոլոր սրբավայրերը, այդ թվում մզկիթներն ու եկեղեցիները, ազատվում են կոմունալ ծախսերից (ջուր, գազ, էլեկտրաէներգիա): Դա ինքնին ևս մեկ անգամ վկայում է Իրանի կառավարության հայկական կրոնական կառույցների նկատմամբ դրսևորած ուշադրության մասին: Ինչ խոսք, Իրանի հայկական համայնքը, ֆինանսապես ապահովված լինելով, ևս օգնում է այդ հարցում:
Շարունակելի…
Արմինե Բեգլարյան