Քաղաքական Միջազգային Վերլուծական 

Իրանահայ համայնքը երեկ, այսօր և վաղը (2-րդ մաս)

 Իրանի կառավարությունը հատուկ քաղաքականություն է որդեգրել հայկական մշակույթի պահպանման գործում։ Հայ գրողները գրքեր են տպագրում պետական աջակցությամբ։ Ուշագրավ է, որ վերջին հարյուր տարում Իրանում հայերեն տպագրվել է 85 պարբերական, լույս են տեսել հազարավոր գրքեր:


Երկրում կա շուրջ 45 հայկական դպրոց, որոնցից 15-ը Թեհրանում։


Ներկայումս, իրանահայերը գլխավորապես ապրում են Սպահանում, Թեհրանում, Թավրիզում, Խոյում, Ուրմիայում։


Գործում են բազմաթիվ մշակութային, մարզական ընկերություններ, գրադարաններ, որոնք զբաղվում են հայապահպանությամբ։

 

 Ամենամեծը Թեհրանում գտնվող «Արարատ» մշակութային- մարզական կենտրոնն է։


Հայկական հրատարակչությունները տպագրում են բազմաթիվ գրքեր, ամսագրեր, թերթեր։ Ամենահայտնին «Ալիք» օրաթերթն է, որն այս տարի նշեց իր 83-րդ ամյակը։ Այն հրատակում է Իրանի Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը:


Իրանում գործում է նաև  «Հայ ժողովրդային միություն կուսակցությունը», որը  հրատարակում է «Արաքս» շաբաթաթերթը: ՀԺՄ-ի շուրջ են հիմնականում համախմբված ՀՅԴ մենատիրությունից դժգոհ իրանահայերը:


Իրանահայ համայնքը կազմված է սոցիալական և դավանական տարբեր շերտերից։ Հիմնական հատվածը՝ հայ առաքելականներն են, կան նաև հայ կաթոլիկներ և հայ ավետարանականներ։


Հայերն Իրանում հաճախում են հայկական դպրոցներ, որտեղ ուսուցման լեզուն պարսկերենն է։ Միայն սահմանափակ թվով ժամեր են տրամադրված հայոց լեզվին, որը դասավանդվում է որպես ծիսական լեզու։


Իրանում հայերի շրջանում խառն ամուսնություններ գրեթե չկան։ Համայնքը հայախոս է, խոսում են արևելահայերենով։ Հայերն Իրանում աչքի են ընկնում ազգային ինքնության բարձր գիտակցությամբ։


Իրանահայերն ակտիվորեն ընդգրկված են երկրի ներքին կյանքում։ Շատ հայտնի հայեր կան գիտության, կրթության, բժշկության, արդյունաբերության, մշակույթի, բիզնեսի ոլորտներում։


Իրանահայերը ոչ միայն պահպանել են իրենց ազգային նկարագիրը, այլև ոչ մի ջանք չեն խնայել Իրանի մշակույթի և արվեստի զարգացման գործում: Հայտնի նկարիչներից հիշատակի են արժանի՝ Հակոբ Ջուղայեցին, Բոգդան Սալթանով Աստվածատուրը, ով հրավիրվեց Մոսկվա` Կրեմլի պալատը պատկերազարդելու համար: Իրանի մշակույթի հռչակավոր դեմքերից են՝ Ղաջարների պալատի հայտնի լուսանկարիչ Անտուան Խան Սևրուգինը, մանրանկարիչ Քլարա Աբգարը, ում անունն է կրում Իրանի թանգարաններից մեկը:


Ուշագրավ է, որ Հայաստանից բացի, աշխարհի ոչ մի երկրում հայկական ճարտարապետությունն այնպես չի զարգացել, ինչպես Իրանում: Իրանի այն քաղաքներում, որտեղ հայեր են ապրում, նվազագույնը մեկ արժեքավոր շինություն գոյություն ունի:


Հայ-իրանական միասնականությունն ունի պատմական արմատներ: Իրանի հետ մեր ռազմավարական դաշնակցությունը մեծ ապագա է խոստանում գիտության և մշակույթի բնագավառներում ևս:


Շնորհիվ իրանական ժողովրդի հյուրընկալ վերաբերմունքի, քաղաքական լայնախոհության, հանդուրժողականության և օտարատյացության բացակայության, հնարավոր եղավ վերջին չորս հարյուր տարվա ընթացքում Իրանում պահպանել հայկական ինքնությունն ու համայնքային կառույցները։ Ճշմարիտ է նաև, որ հայ և իրանական ժողովուրդների միջև մերձեցման պայմաններ էր ստեղծում նաև ինքը՝ իրանահայությունը, իր վերին աստիճանի օրինապահ ապրելակերպով, աշխատասիրությամբ և Իրանի տնտեսական, քաղաքական, հասարակական և կրթական-մշակութային բնագավառներում գնահատելի ծառայություններով։


Ներկայումս, իրանահայ համայնքի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը երկրի քաղաքական և տնտեսական անկայությամբ, տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակով պայմանավորված արտագաղթն է։ Մտավախություն կա, որ այն դեռ կշարունակվի։ Այս իրողությունն առաջիկա տարիներին լրջագույն վնաս կարող է հասցնել համայնքի թվաքանակին՝ սպառնալիքի տակ դնելով Իրանում

հայերի բնակվելու հեռանկարը։ Բարեբախտաբար, արտագաղթի մի շոշափելի հոսք ուղղված է դեպի Հայաստան, որտեղ զգալի թվով հայեր ձեռք են բերում բնակարան և մշտական բնակություն հաստատում հայրենիքում։ Այլ կերպ ասած, տեղի է ունենում փոքր մասշտաբներով ներգաղթ։


Այդուհանդերձ, Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը հայ ժողովրդի ազգային անվտանգության ապահովման ու պետականության կայացման կարևոր նախապայմաններից է, և այդ գործում շարունակում է կարևոր դերակատարություն ունենալ իրանահայ համայնքը:

 

Արմինե Բեգլարյան

Նույն շարքից