Ոչ իշխանական ուժերի կողմից հոկտեմբերի 24-ին հրավիրված հանրահավաքից հետո, թվում է, թե երկրի ներքաղաքական կյանքում տեղի է ունենում քաղաքական գործընթացների սառեցում: Հանրահավաքում Գ. Ծառուկյանը նշեց, որ դեմ է Մայդաններին, սակայն այլևս չի հանդուրժելու երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր կացությունն ու քաղաքական լճացումը, որտեղ միահեծան իշխում են հանրապետականները: Կարելի է ենթադրել, որ մոտ ժամանակներս տեղի կունենան կուլիսային ակտիվ բանակցություններ, իսկ ներքաղաքական ոլորտում, արտահայտվելով զինվորական տերմինաբանությամբ, կողմերը կվարեն դիրքային պայքար: Այս համատեքստում ամբողջովին տեղավորվում է ԲՀԿ-ի առաջարկած համաժողովրդական շտաբերի ստեղծումը:
ԲՀԿ-ի գլխավոր պահանջներից է սահմանադրական բարեփոխումների կասեցումը և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցմանը: Եթե իշխանությունները մերժեն այս պահանջները, ապա կդառնան ԲՀԿ-ի փողոց դուրս գալու գլխավոր պատճառը: Իսկ այս պայմաններում երկրում կստեղծվի անկանխատեսելի իրավիճակ, որտեղ իշխանությունների համար երաշխավորված չի լինի քաղաքական ճգնաժամի հաղթահարումը: Ժողովրդի կենսամակարդակի շարունակական անկումը, երկրի տնտեսության վատթար վիճակը,արտաքին քաղաքականության ձախողումները հնարավոր քաղաքական առճակատման դեպքում ոչ մի լավ բան չեն խոստանում հանրապետականներին:
Իր հերթին ԲՀԿ-ն և եռյակի մնացած ուժերը քաղաքական առումով կորցնելու ոչինչ չեն ունենալու, եթե իշխանությունները իրականացնեն սահմանադրական այսպես կոչված բարեփոխումները, որի հետևանքով երկիրը նախագահական համակարգից կվերածվի խորհրդարանականի և անորոշ ժամանակով կերկարաձգվի Սերժ Սարգսյանի իշխանությունը: Բոլորին էլ պարզ է, որ ներկայիս ընտրական համակարգով հանրապետականներին կհաջողվի Ազգային Ժողովում կազմել մեծամասնություն և ձևավորել ներկայիս նախագահին ձեռնտու կառավարություն: Իսկ այն հեքիաթները, թե սահմանադրական բարեփոխումները նպաստելու են երկրի կառավարման համակարգի բարելավմանը, հասարակության մոտ առնվազն քմծիծաղ է առաջացնում: Իշխանությունները նաև գիտակցում, որ մերժելով եռյակի պահանջները, կկանգնեն ծանր կացության առջև և պատահական չէ, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահն իր դիրքորոշումը կհայտնի փետրվար-մարտ ամիսներին:
Ճիշտ է՝ որոշ փորձագետներ համոզված են, որ սա տակտիկական քայլ է, և Սերժ Սարգսյանը կկայացնի դրական դիրքորոշում, իսկ աշնանը բարեհաջող կանցկացնի հանրաքվեն, երբ քաղաքական կրքերը մարած կլինեն: Սակայն ՀՀԿ-ն ու նախագահը հասարակության առջև սպառել են իրենց վստահությունը, և եթե իշխանությունները փորձեն անցկացնեն սահմանադրական հանրաքվե, որտեղ ԿԸՀ-ն զբաղված կլինի նկարչությամբ, ապա դժվար թե քաղաքական ուժերը հանդուրժեն իրերի նման դասավորվածությանը: Հանրապետականներին այլ բան չի մնում, քան փոխհամաձայնության գալ ոչ իշխանական ուժերի հետ, հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է իշխանությունների վրա:
Հայրենի հասարակական ու քաղաքական գործիչները, երբ ցանկանում են հայտնել երկրի որևե ոլորտի դրական կամ բացասկան տենդենցները, համեմատություն են անցկացնում (երբեմն հեգնական տոնով) աֆրիկյան ու ասիական երկրների հետ՝ շատ հաճախ հիշատակելով Բուրկինա-Ֆասո պետության անունը: Ճակատագրի հեգնանքով այս երկրում սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու պատճառով հոկտեմբերի 31-ին գահընկեց արվեց նախագահ Բլեզ Կոմպաորեն: 1987թ. Բուրկինա Ֆասոյի նախագահ երիտասարդ և գործունյա կապիտան Տոմաս Սանկարոյի սպանությունից հետո պետության ղեկավար դարձավ վերջինիս համակիր և մտերիմ ընկեր Բլեզ Կոմպաորեն: 27 տարվա իշխանավարումից հետո նա ցանկացավ սահմանադրական բարեփոխման միջոցով երկարաձգել սեփական իշխանությունը, սակայն նման մտադրությունը բողոքի ալիք բարձրացրեց երկրում: Բնակչությունը սկսեց այրել իշխող կուսակցության գրասենյակները, կառավարական հաստատությունները: Փողոցային անկարգությունների հետևանքով նախագահը հրաժարական տվեց, իսկ իշխանությունն անցավ զինվորականության ձեռքը: Մնում է հուսալ, որ հայրենի իշխանությունները երկիրը չեն տանի Բուրկինա Ֆասոյի ճանապարհով:
Սարգիս Լևոնյան