2008 թվականին Միացյալ Նահանգներում ի հայտ եկած ու բնակչությանը մեծ խանդավառություն պարգևած օբամամանիան, վեց տարիների ընթացքում ԱՄՆ-ի հասարակությանը հանգեցրեց խորը հիասթափության: Օբամայի ցածր վարկանիշը գլխավոր պատճառ դարձավ կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների լիակատար պարտության համար: Հանրապետականները մեծամասնություն կազմելով Սենատում և Ներկայացուցիչների պալատում, ի վիճակի են, եթե ոչ ամբողջությամբ, ապա մասնակիորեն կասեցնել նախագահի որոշումները:
Նախագահի նախաձեռնությունները կարող են արգելափակվել կոնգրեսի երկու պալատներում: Նման պայմաններում Օբաման կախվածության մեջ է ընկնում հանրապետականներից և ստիպված է լինելու հաշվի նստել նրանց կարծիքի հետ: Օբաման ստնձնելով երկրի նախագահի պաշտոնը՝ չկարողացավ իր առջև դրված կարևորագույն խնդիրները լուծել: Չնայած երկրում գրանցված տնտեսական աճի և գործազուրկների թվի կրճատմանը՝ երկրում միջին ամերիկացու կենսամակարդակը այդպես էլ չաճեց: Նախագահը չկարողացավ իրականացնել նախընտրական ծրագրի կարևորագույն կետերից մեկը՝ ապահովագրական բժշկության բարեփոխումը, որին կտրականապես դեմ են հանրապետականները, և դժվար թե այս պայմաններում իրականացվի, քանի որ անորոշ վիճակում է մնում անլեգալ միգրանտներին քաղաքացիություն տալու խնդիրը:
Արդյունքում ամերիկացի ընտրողը քվեարկեց հօգուտ հանրապետականների:
Այս ընտրություններն ոչ միայն փոխեցին երկրի ներքաղաքական վիճակը, այլև մեծ ազդեցություն թողեցին միջազգային գործընթացների վրա: Հանրապետականները խստորեն քննադատում են Օբամայի վարած արտաքին քաղաքականությունը ,մեղադրելով վերջինիս, որ չի կարողանում ցուցաբերել կոշտ ու սկզբունքային դիրքորոշում և չի պաշտպանում երկրի աշխարհաքաղաքական շահերը: Ըստ հանրապետականների՝ միջազգային հարթակում Օբաման թույլ քաղաքական գործչի տպավորություն է թողնում, որն անթույլատրելի է աշխարհի թիվ մեկ գերտերության առաջնորդին և չի կարողանում արդյունավետ հակազդել Պուտինի վարած ագրեսիվ քաղաքականությանը: Այս հարցում կարելի է համաձայնվել հանրապետականների հետ, սակայն պետք է նշել, որ Օբաման ձգտելով վարել հաշտեցման ու խաղաղեցման քաղաքականություն՝ փորձում է վերականգնել Բուշ կրտսերի կողմից մեծ վնաս հասցրած երկրի արտաքին հեղինակությունը:
Այս ամենով հանդերձ, Օբամայի խոհեմ քաղաքականության շնորհիվ, որի հետևանքով հայտնվեց հանրապետականների աննախադեպ ճնշման տակ, Սիրիան փրկվեց ՆԱՏՕ-ի ավերիչ ռմբակոծություններից: Ներկայումս Վաշինգտոնի առջև ծառացած կարևորագույն արտաքին խնդիրներից են՝ Իրանի միջուկային ծրագիրրը, ուկրաինական ճգնաժամն և իսլամիստ ծայրահեղականների կողմից սանձազերծած ռազմական գործողությունները: Եթե Իրանի հարցում կողմերը մոտ են փոխզիջման, Թեհրանը հրաժարվում է միջուկային զենք ունենալուց, իսկ Արևմուտքը վերացնում է պատժամիջոցներն ու հարգում Իրանի խաղաղ միջուկային ծրագրի իրավունքը, ապա ուկրաինական ճգնաժամի հետևանքով ռուս-ամերիկյան սրված հարաբերությունների բարելավման նախադրյալներ չեն երևում:
Այսօր Ռուսաստանը հանդիսանում է առնվազն ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական մրցակից, սակայն լսելով ՄաքՔեյնի, Ռոմնիի ու Սանտորոյի ելույթները դժվար չէ պատկերացնել, որ նախագահական ընտրություններում հանրապետականների հաղթանակի դեպքում Մոսկվան կվերածվի աշխարհաքաղաքական հակառակորդի: Ներկայումս Վաշինգտոնը պահանջում է Մոսկվայից հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն և դուրս բերել զինված ստորաբաժանումներն երկրի հարավ-արևելյան շրջաններից, հակառակ պարագայում խոստանում է խստացնել պատժամիջոցները:
Հասկանալի է, որ Մոսկվան չի հրաժարվի Ղրիմից և միայնակ չի թողնի Դոնբասի ռուս անջատականներին: Օբամային այլ բան չի մնում, հատկապես միջանկյալ ընտրություններից հետո, քան հանդես գալ կոշտ հայտարարություններով և մեծացնել Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի սպառազինության ու ստորաբաժանումների թվակազմը, ձգտելով ինչ-որ չափով վերականգնել սասանված հեղինակությունը: Սա կհանգեցնի Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունների խորացմանը:
Ինչ վերաբերում է իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարին, ապա իրական արդյունավետ միջոցը, դա Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ սերտ համագործակցությունն է, սակայն մինչ օրս Օբաման ցանկանում է տապալել Ասադին և հրաժարվում է պաշտոնական հարաբերություններ հաստատել Դամասկոսի հետ: Այնուամենայնիվ, Վաշինգտոնը պայքարելով ահաբեկիչների դեմ, միջնորդավորված կապ է պահպանում Դամասկոսի հետ և ռազմական գործողություններ չի իրականացնում կառավարական ուժերի նկատմամբ: Բայց իրավիճակը կարող է փոխվել, եթե Սպիտակ տան ղեկավար դառնան հանրապետականները, որը շատ հավանական է: Վերջիններս սերտ հարաբերությունների մեջ են Ասադի անհաշտ հակառակորդ Սաուդյան Արաբիայի հետ և չի բացառվում, որ ամերիկյան նոր վարչակազմը ակտիվ գործողություններ ծավալի Դամասկոսի դեմ:
Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի ենթադրել, որ առաջիկա ընտրություններում հանրապետականների հաղթանակի դեպքում միջազգային իրադրությունն էլ ավելի է սրվելու և մտահոգության պատճառ է դառնալու համաշխարհային հանրության համար:
Սարգիս Լևոնյան