Քաղաքական Միջազգային Վերլուծական 

Ալիև-Ռոհանի հանդիպման երկրորդ «ռաունդը» Բաքվում

Ադրբեջանի համար շատ կարևոր է, թե ինչ դիրքորոշում ունի Իրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Չնայած` Իլհամ Ալիևի «քաղաքական կամքի» ուղղվածությունը մինչև օրս արմատական փոփոխություններ չի կրել: Ադրբեջանի նախագահը շարունակում է ռազմական համագործակցությունն Իրանի թշնամիների հետ:  Ամենավառ օրինակն  այն է , որ մի քանի տարի առաջ Ադրբեջանը, անտեսելով Իրանի հարևանության փաստը, Իսրայելի հետ ստորագրել էր իր պատմության ընթացքում ամենամեծ ռազմատեխնիկական գործարքը, որի արժեքը 1,6 մլրդ դոլար էր:


 

Առաջին հայացքից Իրանը պատրաստ է տարբեր ոլորտներում համագործակցել Ադրբեջանի հետ, համատեղ ուժերով պահպանել տարածաշրջանային անվտանգությունը: Թեհրանը լրջորեն տրամադրված է, որպեսզի համագործակցի Բաքվի հետ: Դրա ամենաթարմ վկայությունն է այն, որ նոյեմբերի 12-ին Բաքվում կայացած Ռոհանի-Ալիև ակն ընդ ական ձևաչափով հանդիպումից հետո երկու երկրների միջև ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր ու հուշագրեր՝ տարբեր ոլորտներում համագործակցելու համար:


Ուշագրավ է, որ, Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո, Իրանի  նախագահ Հասան Ռոհանին, անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի այժմյան իրադրությանը, ստեղծված իրավիճակը ճիշտ չի համարել:


«ԼՂ հակամարտությունը չի կարող կարգավորվել ուժային ճանապարհով: Ղարաբաղյան հիմնահարցը միայն քաղաքական լուծում ունի, այն չի կարող հարթվել ռազմական ճանապարհով: Իրանը կկենտրոնացնի իր ուժերը տարածաշրջանային խնդիրները լուծելու համար, այդ թվում նաև` ղարաբաղյան հակամարտությունը`միջազգային նորմերի շրջանակներում»,- ասել  է  նախագահ  Ռոհանին:


Վերջին 20 տարվա ընթացքում Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում բազմաթիվ վերելքներ ու անկումներ են եղել: Չնայած մի շարք պատմական, մշակութային և կրոնական ընդհանրությունների, այս հարաբերությունները  բարեկամական կոչել ոչ մի կերպ հնարավոր չէ:


Ի տարբերություն Իրանի՝ Ադրբեջանը  մշտապես  ցանկանում է  մերձեցնել հարաբերությունները Արևմուտքի հետ:


Ընդդեմ Իրանի Ադրբեջանի ձգտումները համընկնում են ԱՄՆ-ի և Իսրայելի շահերի հետ: Ադրբեջանը փորձում է Իրանի տիրապետությունից ազատագրել իր «հարավային եղբայրներին» և միավորվել նրանց հետ: Ադրբեջանի այս նկրտումներն անմիջականորեն իրենց ազդեցությունը կունենան Հայաստանի վրա: Մանրամասնենք, թե ինչու: Այս ձգտումների հիմքերը ստեղծվել են դեռևս 20-րդ դարի առաջին քառորդին, երբ կովկասյան թաթարներով և այլ ժողովուրդներով բնակեցված տարածքի վրա ստեղծվեց պետություն և կոչվեց Ադրբեջան, որն ընդհանրապես կապ չուներ այդ ժողովուրդների հետ: Այս անունը պատկանում էր Իրանի տարածքում ապրող ազարների բնակեցված տարածքին, որն արաբների կողմից դեռևս դարեր առաջ անվանվել էր Ադրբեջան: Այնուհետև, ԽՍՀՄ կազմավորման առաջին տասնամյակներին, խորհրդային քարոզչական մեքենան, Իրանից այս տարածքները գրավելու նպատակով, քարոզում էր տեղի բնակչությանը, որ նրանք ադրբեջանցի թուրքեր են, և միայն պատմության ու քաղաքականության քմահաճության հետևանքով են նրանք գտնվում Իրանի տիրապետության ներքո:


Չնայած իր իրանական ծագմանը, այս ժողովուրդը, երկար տարիներ գտնվելով թուրքական ազդեցության տակ, դարձել է թյուրքախոս: Օգտվելով այս հանգամանքից, Ադրբեջանն այսօր ցանկանում է մի քանի անգամ մեծացնել իր պետությունը, նաև ավելացնել բնակչության թիվը:


Այս տարածքների Ադրբեջանին անցումը աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական անդառնալի և վտանգավոր հետևանքներ կստեղծի: Կընկնի Իրանի հեղինակությունն ու հզորությունը: Վատ վիճակի մեջ կհայտնվի Հայաստանը: Իրանաադրբեջանական հարաբերություններում լարվածություն է առաջացնում նաև հայ-իրանական տնտեսական և քաղաքական հարաբերությունների դրական տեղաշարժը: Ղարաբաղյան խնդրում հաջողության հասնելու նպատակով, Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանին տնտեսական շրջափակման մեջ են դրել:


Հետևաբար, Իրան-Հայաստան տնտեսական կապերի խորացումը Ադրբեջանի կողմից իր հանդեպ դիտվում է թշնամանք: Եվ քանի որ այս հարցում Իրանի նկատմամբ գործադրվող ճնշումներն այդքան էլ արդյունք չեն տալիս, ապա Ադրբեջանն ավելի հակված է «Հարավային Ադրբեջանի» խնդրի իր օգտին լուծմանը, որի միջոցով կկտրի ընդհանրապես Իրան-Հայաստան սահմանը:

 

Արմինե Բեգլարյան

Նույն շարքից