Արցախի շփման գոտում թշնամու կողմից հայկական ուղղաթիռի կործանումը մեր հասարակության բոլոր շերտերում խռովք և մեծ զայրույթ առաջացրեց: Բոլոր փորձագետներն ու վերլուծաբանները միահամուռ այն կարծիքին են, որ հայկական կողմը պարտավոր է համարժեք պատասխան տալ հակառակորդին ոչ միայն ռազմի դաշտում, այլև միջազգային ատյաններում: Ադրբեջանի տմարդի արարքին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կոշտ արձագանքեց, հայտարարելով, որ համարժեք պատասխանը չի հապաղելու և կլինի մի քիչ անհամաչափ: Այն որ պատասխանն անհրաժեշտ է, ակնհայտ է բոլորի համար, սակայն պետք է պարզորոշ գիտակցենք, թե պատասխան հարվածի դեպքում ինչ նպատակներ ենք հետապնդելու: Եթե խոսքը վերաբերվում է հակառակորդի զինված ուժերին հարված հասցնելուն և շոշափելի կորուստներ պատճառելուն, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցներում բողոքի ձայն բարձրացնելուն, ապա պաշտոնական Երևանը ցանկալի արդյունքների չի հասնի:
Ուղղաթիռի կործանման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Բաքվի ռազմական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների վրա և հատկապես երկրի նախագահի, քանի որ առանց նրա համաձայնության Ադրբեջանի զինված ուժերը չէին դիմի նման ստոր արարքի: Հետևաբար, հայկական կողմի պատասխան գործողությունների թիրախում պետք է հայտնվի Իլհամ Ալիևը՝ ավելի ստույգ նրա՝ որպես երկրի ղեկավար, քաղաքական հեղինակությունը: Իսկ վերացնելով որոշ քանակի ադրբեջանցի զինծառայողներ և զինտեխնիկա, նպաստելու ենք Ալիևի իշխանության ամրապնդմանը, հատկապես այն պայմաններում, երբ ադրբեջանական ընդդիմությունն իրականացնում է բողոքի ակցիաներ: Հակառակորդին ռազմական կորուստներ պատճառելով, բայց չփոխելով ստեղծված ռազմական ու քաղաքական իրադրությունը, հարկադրելու ենք Ադրբեջանի հասարակությանը համախմբվել երկրի ղեկավարի շուրջ, ինչի արդյունքում էլ արտաքին ապառնալիքի գործոնը կուժեղացնի Ալիևի իշխանության ռեսուրսը: Ուղղաթիռի կործանումը կարող է վերջնականապես խաչ քաշել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման վրա, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է կտրուկ միջոցներ ձեռնարկել օդանավակայանի բացման գործում: Հայաստանը պարտավոր է պահանջել միջազգային հանրությունից և հատկապես միջնորդ կողմերից, որպեսզի նրանք պարտադրեն Բաքվին երաշխավորել Ստեփանակերտ ուղևորվող ինքնաթիռների անվտանգությունն ու հրաժարվել առնվազն քաղաքացիական ինքնաթիռների պարագայում Արցախի երկնքի ոչ թռիչքային գոտու հայտարարությունից:
Հակառակ պարագայում Երևանը կարող է ամբողջ Նախիջևանի օդային տարածքը հայտարարել ոչ թռիչքային գոտի, թիրախի տակ առնել Նախիջևանի հաղորդակցական կոմունիկացիաները, (հատկապես Թուրքիային կապող ճանապարհը) ինչպես թիրախի տակ են պահում ադրբեջանցիները Տավուշի մարզի ճանապարհները: Երկրի հյուսիս-արևելքում հայկական զինված ուժերը կարող են լռեցնել այն կրակակետերը, որոնք ռմբակոծում են սահմանամերձ գյուղերը և հետո շպրտեն թշնամուն մինչև անվտանգ տարածություն: Միայն նման գործողությունների հետևանքով հարված կհասցվի Ալիևի քաղաքական ու միջազգային վարկին, վերջինս կզգա Հայաստանի պատասխան քայլի ցավոտ կողմերը: Ադրբեջանի ներսում կասկածի տակ կդրվի Ալիևի երկրի տարածքային ամբողջականության ու վերահսկողության հնարավորությունը, իսկ միջազգային ասպարեզում վերջինս կկորցնի հուսալի գոծընկերոջ համբավը, քանզի Բաքվի ագրեսիվ և արկածախնդիր քաղաքականության հետևանքով Բաքու-Ջեյհան նավթամուղը կհայտնվի ռազմական գործողությունների թատերաբեմի սահմաններում:
Նման պատասխանը կանհանգստացնի նաև Արևմուտքին, և նրանք չեն բավարարվի դատարկ մտահոգություններով ու զսպվածության կոչերով, այլ կդիմեն գործնական քայլերի ու կփորձեն սանձել Ադրբեջանի նախագահին: Եթե հայաստանյան իշխանությունները չդիմեն այսպիսի արդյունավետ միջոցների, ապա Ադրբեջանը կդառնա ավելի սանձարձակ ու կմեծացնի լարվածությունը շփման գոտում՝ հաճախակի դարձնելով ռազմական միջադեպերը, որի հետևանքով կավելանա զոհված զինծառայողների թվաքանակը:
Սարգիս Լևոնյան