Քաղաքական Միջազգային Վերլուծական 

Հայաստան-Իրան երկաթուղի` այլընտրանքային ճանապարհ դեպի արտաքին աշխարհ

 Հայաստան-Իրան,  կամ ինչպես պաշտոնապես կոչվում է `Հյուսիս-Հարավ երկաթուղին, ի վիճակի կլինի լուծել մի շարք քաղաքական և տնտեսական խնդիրներ: Իրավիճակն  ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար կարող է հիմնովին փոխվել Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման դեպքում:

 

 

Առաջին հերթին  դա իրանական կողմին հնարավորություն կտա էապես մեծացնել բեռնափոխադրումներից ստացվող եկամուտները:


Հյուսիս-Հարավ երկաթուղին թույլ կտա հայկական կողմին օգտվել էներգակիրների և այլ ապրանքների տեղափոխման այլընտրանքային ճանապարհից ՝ արտաքին աշխարհ ելքով։


Երկաթուղին եթե կառուցվի, իսկապես հնարավորություն կստեղծվի առաջ շարժվելու ոչ միայն դեպի արևելք ու հարավ, այլև՝ հյուսիս ու արևմուտք ուղղություններով: Այն Հայաստանի համար կարող է դառնալ ռազմավարական, եթե հաշվի առնենք, որ Հայաստանն արտաքին աշխարհի հետ երկաթուղային հաղորդակցություն ունի միայն Վրաստանի տարածքով:


Փաստորեն, նոր երկաթուղին հավակնում է դառնալ այլընտրանքային ճանապարհ՝ Հայաստանի էներգառեսուրսներն ու այլ ապրանքները տեղափոխելու համար:

 

Այս հեռանկարը, բնականաբար, կհանգեցնի ինչպես հայրենական արտադրանքի արտահանման, այնպես էլ ներկրման ծավալների բազմակի մեծացմանը: Բանն այն է, որ ներկայումս՝ թուրք-ադրբեջանական շրջափակման պայմաններում, Հայաստանի երկաթուղային կապն այլ երկրների հետ` ապահովվում է միայն Վրաստանով (Այրում-Սադախլու), որով իրականացվում է հիմնական բեռների հոսքը դեպի Վրաստանի և սևծովյան նավահանգիստներ, հետո էլ` լաստանավով Ռուսաստան և Ուկրաինա:


Ակներև է, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը պետք է հետաքրքրի Ռուսաստանին, հաշվի առնելով Ռուսաստանում ստեղծված ներկայիս իրավիճակը, ինչպես նաև Հայաստանում ներկայացված ռուսական բազմաթիվ կազմակերպությունների առկայությունը:


Բացի այդ, մեր երկրում գործող «Հարավկովկասյան երկաթգիծ» ՓԲԸ-ն ռուսական երկաթգծի դուստր ձեռնարկությունն է, որն իրագործում է հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը:


Ուշագրավ է, որ շաբաթներ առաջ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է Իրան-Հայաստան երկաթուղու համար ներդրումներ կատարողներ որոնել:


«Ինչպես գիտեք, այդ ծրագիրը շատ կարևոր է մեր երկրի համար: Իրանի ղեկավարությունը պատրաստ է համագործակցել, և երբ ծրագրի համար ֆինանսավորում գտնենք, կօգնի մեզ իրականացնել այն»,- ասել է վարչապետը:


Նախնական տեղեկություններով երկաթուղու շինարարությունը գնահատվում է 3,2 մլրդ դոլար, որի 60%-ը պատրաստ է ներդնել «Ռոսիա ՖԶԷ» ընկերությունը: Ակնկալվում է, որ երկաթուղու կառուցումը կտևի  6 տարի:


Փետրվարին Հայաստանի կառավարությանը ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ շինարարությունը հնարավոր է սկսել 2016-ին և ավարտել 2022-ին:


Կառավարության հստակ աշխատանքի դեպքում՝  կգտնվեն միջազգային կազմակերպություններ, որոնք պատրաստ կլինեն ֆինանսավորել նախագիծը:


Մի խոսքով, երկաթգծի կառուցումը լուրջ տարածաշրջանային նշանակություն ունի:  


Այս երկաթգծի շահագործումը մեր երկրի համար կունենա նաև տնտեսական կարևոր նշանակություն, քանի որ Հայաստան-Իրան երկաթգիծը հայկական ապրանքները կարող է հասցնել Չինաստան ու Հնդկաստան:


Ցավալի է, բայց փաստ, որ հայ-իրանական հարաբերություններում նկատվում է կրկնվող մեկ միտում՝ հայ-իրանական բազմաթիվ երկկողմ նախագծեր հետաձգվում են, կամ չեն իրագործվում այն պատճառով, որ  դրանք միայն երկու երկրների հարաբերություններից  կախված չեն:

 

Արմինե Բեգլարյան

Նույն շարքից