Նախնական տեղեկություններով Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունը գնահատվում է 3,2 մլրդ դոլար: Ինքնին հարց է առաջանում, թե նախագիծն ինչքանո՞վ կփոխհատուցի կատարվելիք ծախսերը:
Երկար ժամանակ է, որ խոսվում է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման և շահագործման մասին: Առհասարակ հայ-իրանական տնտեսական ծրագրերի շատ դանդաղ առաջընթաց է արձանագրվում:
Եթե հայկական կողմը ֆինանսական միջոցներ գտնի, ապա Իրանը պատրաստ կլինի անհապաղ սկսել Իրան-Հայաստան երկաթուղու իր հատվածի շինարարությունը` Ջուլֆայից մինչև Մեղրիի անցակետ:
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ երկաթուղին կառուցվելու է շատ բարդ՝ լեռնային տեղանքում`Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում, որը էապես մեծացնելու է կառուցվելիք թունելների քանակը, ապա ակնահայտ է, որ ֆինանսական ներդրման ծախսերը կհասնեն շուրջ 4 մլրդ դոլարի:
Ինչ վերաբերում է նախագծի փոխհատուցվող ծախսերի քանակին, ապա, երկաթուղու տարեկան 15-18 մլն տոննա առավելագույն բեռնվածության դեպքում, այն կարող է բավականին նախընտրելի լինել։
Ըստ փորձագետների նախնական կանխատեսումների, Գագարին կայարանից (ՀՀ Գեղարքունիքի մարզ) մինչև Ագարակ (Սյունիքի մարզ) երթուղով բեռնափոխադրումների ծավալը կկազմի տարեկան 25 մլն տոննա։
Մեր երկիրը արտադրական, հանքային և հումքային պաշարներ ունի, և դրանց լիարժեք շահագործման ու արտահանման համար անհրաժեշտ են ժամանակակից բարձրակարգ հաղորդակցության ուղիներ: Ծրագրի իրագործման աշխատանքներում նախատեսվում է ներգրավել Հայաստան-Իրան միջանցքի գործունեությամբ շահագրգիռ բոլոր կողմերին, այդ թվում՝ Ռուսաստանին, Իրանին, Հնդկաստանին, ինչպես նաև Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Պարսից ծոցի երկրներին՝ տարածաշրջանում առևտրային ու հաղորդակցական հարաբերությունները բարելավելու նպատակով:
Ուշագրավ է, որ ներկայումս Հայաստանի հարավային սահմանում տարեկան 640 հազար տոննա բեռնափոխադրում է իրականացվում: Հետևաբար, շատ բան կախված կլինի արդյունաբերական ձեռնարկությունների բեռնահոսքից, այդ թվում լեռնահանքային: Դրանց հաշվին նոր երկաթուղին կարող է մեծացնել սպասարկաման իր ծավալը:
Հաշվի առնելով Իրանի կողմից ընդունված մի շարք որոշումները, այդ թվում որոշ ապրանքների արտահանման արգելքի հանումը, ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը, ինչպես նաև նավթամշակող ճյուղի զարգացումը, հույս է ծագում, որ նախագծի իրագործումն իրատեսական է։
Ենթադրվում է, որ նոր երկաթուղու ընդհանուր երկարությունը կհասնի 540 կմ-ի, որից 480 կմ-ը կանցնի Հայաստանի տարածքով, իսկ մնացած 60-ը` Իրանի:
Երկաթուղին կընդգրկի 19,6 կմ ընդհանուր երկարության 64 կամուրջ , ինչպես նաև 102,3 կմ ընդհանուր երկարության 60 թունել (ամբողջ ճանապարհի 40%-ը) ։
Դուբայում տեղակայված «Ռոսիա» ընկերությունն արդեն իրականացնում է լայնածավալ գործունեություն` նախագծերի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման, նախագծման, ֆինանսավորման և այլ ուղղություններով:
Շատ բան կախված է արտաքին ցանկություններից: Քանի որ Հայաստան-Իրան երկաթուղային նախագիծը գրեթե ամբողջովին քաղաքական է, որի իրականացումը պայմանավորված կլինի, թե ներդրողները կամ միջազգային կառույցներն ինչքանով են պատրաստ գումարներ կամ վարկային միջոցներ տրամադրել այս միջանցքի կառուցման համար:
Հետևաբար, միայն ժամանակը ցույց կտա՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագիծը կհամալրի կյանքի կոչվա՞ծ, թե չկոչված նախագծերի թիվը:
Արմինե Բեգլարյան