Քաղաքական Միջազգային Վերլուծական 

Թուրքիայի առաջադեմ «ձախերը». մարդիկ, որոնց հետ պետք է աշխատել Ցեղասպանության ճանաչման հարցում

Օրերս Թուրքիայի «Կանաչների և ձախ ապագայի» կուսակցությունը հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: «Մենք վճռականորեն ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը»,-նման գրություն էր հայտնվել թուրքական կուսակցության թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում:


 Թեև այս կուսակցությունն ամենևին էլ չի մտնում Թուրքիայի ազդեցիկ քաղաքական ուժերի նեղ շրջանակը, այնուամենայնիվ, այս քայլը հերթական անգամ ցույց է տալիս, որ հարևան երկրում պատմական իրողություններին առերեսվելուն առավելապես պատրաստ են առաջադեմ հայացքները կիսող «ձախերը», որոնց հետ աշխատելու մեծ ներուժ կա:


Այն, որ «Կանաչների և ձախակողմյան ապագայի» կուսակցությունը կամ նմանատիպ այլ ոչ մեծ ձախաթևյան ուժեր կարող են Ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող կոչերով հանդես գալ, անսպասելի չէ: Թուրքիայում ձախակողմյան հայացքներ ունեցողները մշտապես աչքի են ընկնում Հայոց ցեղասպանության հարցում ավելի բաց և ազատ մոտեցմամբ, հենց նրանց մի մասն էլ մասնակցում է կամ կազմակերպում վերջին տարիներին Թուրքիայում Ցեղասպանությանը նվիրված միջոցառումները:


Անձնական փորձիս վրա հենվելով` կարող եմ հիշել, թե ինչպես 2013 թվականի ամռանը, երբ ամբողջ Թուրքիայով հակակառավարական ցույցեր էին, թուրքական ձախ ուժերի ակտիվ մասնակցությամբ Ստամբուլի Սուլթան Բայազեդ հրապարակում և Գեզի զբոսայգում հարգեցին 1915 թվականի հունիսի 15-ին Պոլսում կախաղան բարձրացված Փարամազի և մյուս հայ հեղափոխականների հիշատակը: Սա առաջին դեպքն էր, երբ Ցեղասպանությունից հետո հրապարակայնորեն հարգում էին 1915-ին կախաղան բարձրացված 20 հնչակյան գործիչների հիշատակը: Նմանատիպ միջոցառումները, կոնֆերանսներն ու հրապարակային քննարկումները վերջին տարիներին եզակի չեն:


Ընդհանրապես, Հայկական հարցի շրջանակներից դուրս էլ Թուրքիայում ձախերն աչքի են ընկնում տարբեր հարցերում իրենց ժամանակակից, ազատական և քիչ կողմնակալ մոտեցումներով: Թեև այս գաղափարական խումբը քանակի տեսանկյունից ճնշող փոքրամասնություն է հարևան երկրում, սակայն ձևավորում է մտավորականության շատ կարևոր մի հատվածը, որը, ինչպես վերը նշեցինք, առավել լիբերալ ու անկաշկանդ մտածելակերպ ունեցող մասն է կազմում: Այս տեսանկյունից այն մեծ կարևորություն է ստանում:


Բացի այդ, «ձախերի» շարքում շատ են նաև Թուրքիայի ազգային և կրոնական փոքրամասնությունները ներկայացնող խմբերը` քրդեր, հայեր, ալևիներ: Սա նույնպես կարելի է որոշակիորեն կապել Թուրքիայի առաջադեմ ձախերի շրջանում ազգային ու կրոնական փոքրամասնությունների խնդիրների նկատմամբ  մեծ ուշադրության հետ:


Եվ եթե իրավիճակն այսպիսինն է ձախերի շրջանում, ապա շատ ավելի բարդ է հայկական հարցում դրական քայլերի սպասել քեմալականներից, ազգայնականներից/ազգայնամոլներից կամ պահպանողական իսլամամետներից, որոնք թվաքանակով և ազդեցությամբ գերազանցում են ձախաթևյան գաղափարներ կրողներին:


Թեև ընդհանուր առմամբ «Կանաչների և ձախ ապագայի» կուսակցության քայլը պետք է դրական գնահատել, բայց և պետք է հաշվի առնել, որ ձախերի կողմից Ցեղասպանության ճանաչումը բխում է ոչ միայն հայերի շահերից, այլ նաև ուղղակիորեն, թե անուղղակիորեն ծառայում է պաշտոնական Անկարային, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան դառնում է ավելի ժողովրդավար և Ցեղասպանության քննարկման հարցում ավելի հանդուրժող, բայց և արմատային առումով Թուրքիան նույն ժխտողական քաղաքականության ավանդական կրողն է:

Այնպես, որ կախված «Կանաչների և ձախ ապագայի» կուսակցության իրական նպատակներից կամ ցանկություններից` այս քայլը դրական է ազդում ոչ միայն Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայում հասարակական կարծիքի ձևավորման վրա, այլ նաև ծառայում է «փոփոխվող» կամ «նոր» Թուրքիայի իմիջի կազմավորման համար:


Ամեն դեպքում, «Կանաչների և ձախ ապագայի» կուսակցության քայլը պետք է ողջունելի համարել՝ հուսալով, որ այն վարակիչ կլինի այլ ուժերի համար թուրքական ժխտողականության լայնարձակ օվկիանում: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում խիստ կարևոր է աշխատանքը ոչ միայն թուրքական պետության հետ, այլ նաև անհրաժեշտ է ջանքեր ներդրնել Թուրքիայի հասարակական ոլորտում, ինչը կարող է բավական արդյունավետ լինել:


Թուրքիայում կան շրջանակներ (ինչպես օրինակ ձախ կողմնորոշում ունեցող մտավորականությունը, լիբերալ տրամադրություններով ակտիվ երիտասարդները), որոնց հետ հնարավոր է աշխատել, և որոնք պատրաստ են տարբեր չափաբաժիններով ընդունել պատմական իրողությունը: Իսկ հասարակական ոլորտում աշխատանքը հայկական կողմից անիրական ռեսուրսներ չի պահանջում, ուղղակի պետք է խելացի, կազմակերպված և համակարգված աշխատանք իրականացնել:

 

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Նույն շարքից